Ինչու է կարեւոր Փաշինյանի այցը Մոսկվա

Ինչու է կարեւոր Փաշինյանի այցը Մոսկվա

Հայաստանի արտաքին քաղաքական ներկա պահի օրակարգի թերեւս ամենակարեւոր հարցերից մեկն այն է, թե Նիկոլ Փաշինյանը մայիսի սկզբին կայցելի՞ Մոսկվա, կմասնակցի՞ Պուտինի երդմնակալությանը եւ հաջորդ օրվա շքերթին։ Վարչապետը վերջերս խուսափողական պատասխան տվեց, մինչդեռ Կրեմլի խոսնակը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների եւ կուտակված հարցերի մասին, ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպում կկայանա, եւ այդ հարցերը կքննարկվեն։ Առայժմ հայտնի է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ի դեպ, Փաշինյան-Պուտին վերջին շփումը եղել է անցյալ տարեվերջին՝ էլի ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

Թե ինչ որոշում կկայացնի Հայաստանի վարչակարգը, դժվար է ասել, սակայն կարծում ենք, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը պարտադիր է մի քանի տեսանկյունից։ Նախ, որ դա հերթական առիթն է, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն եւ «սինխրոնիզացնեն իրենց ժամացույցները»։ Բացի այդ՝ որպեսզի որոշակիություն մտնի, թե, ի վերջո, Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրության փոփոխություն կատարո՞ւմ է եւ ի՞նչ ընտրություն է կատարում։ Սա էական է աշխարհում տիրող գեոպոլիտիկ միջավայրի առումով։ Այցը կարեւոր է նաեւ Հայաստանի եւ հետսովետական տարածքի ռեգիոնալ ինտեգրացիոն հարաբերությունները քննարկելու համար։ Խոսքը հատկապես վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին։ Եվ, ի վերջո, կարեւոր է՝ քննարկելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կուտակված խնդիրները։

Ֆորմալ առումով Մոսկվան ու Երեւանը շարունակում են մնալ դաշնակիցներ, իսկ դաշնակիցների հարաբերություններում չպետք է լինեն թերասացություններ, որոնք դաշնակցային հարաբերությունները ստվերում են։ Սա կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն արդեն երկու ռազմավարական գործընկեր ունի՝ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ պետք է անել ամեն բան՝ թույլ չտալու, որ զրոյացվի այն լավագույնը, որը դարերով ձեռք է բերվել հայ-ռուսական հարաբերություններում։ Որովհետեւ Բաքուն հենց դա է ուզում։