Գերմանիան կաջակցի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության օրակարգին․ նախագահ Շտայնմայեր

Գերմանիան կաջակցի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության օրակարգին․ նախագահ Շտայնմայեր

Գերմանիայում ընդլայնված կազմով կայացել է ԳԴՀ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը։

Զրույցի ընթացքում, ի թիվս երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերին, անդրադարձ է եղել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ալիևը հերթական անգամ ցնդաբանել է, թե ադրբեջանական կողմն է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը և որ հիմնարար սկզբունքները, որոնք կազմում են խաղաղության օրակարգի հիմքը, ձևակերպվել և ներկայացվել են Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանի ղեկավարը նշել է Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումը, որը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, որում դրական քննարկումներ են ծավալվել սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ՝ խթանելով խաղաղության օրակարգը։ Ալիևն ընդգծել է նաև, որ Գերմանիայի արտգործնախարարի աջակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում հանգամանալից քննարկումներ են ծավալվել խաղաղության պայմանագրի շուրջ։

Զրույցի ընթացքում նշվել են երկու երկրների միջև ուղիղ բանակցություններում ձեռք բերված սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում արդյունքները։ Ադրբեջանի ղեկավարը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը՝ ղազախական կողմի առաջարկով, կկազմակերպվի Ղազախստանում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան ակտիվորեն աջակցում է և կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։