«Հրապարակ». Ում է ձեռնտու, որ պրոֆեսոր Ալեքսանդրովը վերջապես լռի

«Հրապարակ». Ում է ձեռնտու, որ պրոֆեսոր Ալեքսանդրովը վերջապես լռի

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործի եւ ԱՊՀ շրջանակներում հայտարարված հետախուզման հիման վրա ապրիլի 24-ին ձերբակալվեց հայամետ գործիչ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։ «Հրապարակին» նա նույն օրն ասել էր, որ իրեն պատրաստվում են պահել 48 ժամ։ Լուրեր էին պտտվում, թե պրոֆեսորին նույնիսկ սպառնում էր արտահանձնում Բաքվին, թեեւ ռուսական օրենսդրությամբ արգելված է սեփական քաղաքացիներին հանձնել այլ երկրների իրավապահներին։ Բայց աշխատանքային օրվա ավարտին հայտնի գործչին ազատ արձակեցին։ Ալեքսանդրովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը պարզել է, որ ՌԴ դատախազությունն Ալեքսանդրովին անազատության մեջ պահելու որեւէ հիմք չունի։ 

Ստացվում է, որ Միխայիլ Ալեքսանդրովի ձերբակալությունն իրականացվել է շարքային ոստիկանի մակարդակո՞վ: Նույն օրը մի շարք ռուսալեզու էլեկտրոնային պարբերականներում վարկած տարածվեց, թե ադրբեջանցիները «մուծվել» են ոստիկաններին, ինչն անհավանական է։ «Ես դրանից տեղյակ չեմ։ Հազիվ թե նրանք վճարած լինեն ոստիկաններին, բայց, հավանաբար, վերեւներից ցուցումով է եղել»,- երեկ մեզ ասաց Միխայիլ Ալեքսանդրովը՝ պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ ռուսական իշխանությունն է ցանկացել իրեն վախեցնել։ 
Ո՞ւմ էր ձեռնտու ՄԳԻՄՈ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի) նախկին պրոֆեսորի ձերբակալությունը, ում կյանքում հայկական թեման ու հայամետ դիրքորոշումը ճակատագրական դեր խաղացին։

Հիշենք, թե երբ եւ ինչպես Բաքուն քրեական գործ հարուցեց Ալեքսանդրովի դեմ, իսկ Մոսկվայում ադրբեջանական լոբբին հասավ նրան, որ ՄԳԻՄՈ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետին Բաքվի պահանջով ազատեցին աշխատանքից։ 

2022 թվականի դեկտեմբերի կեսերն էին։ Մեկ շաբաթ էր, ինչ Արցախը լիարժեք շրջափակման մեջ էր։ Ստեփանակերտ-Շուշի-Լիսագոր ճանապարհը փակել էին Ադրբեջանի կեղծ էկոլոգները։ Այն ժամանակ դեռ սպասումներ ունեինք ռուս խաղաղապահներից, որ նրանք կկատարեն իրենց առաքելությունը, կբացեն ճանապարհը։ Ապարդյուն։ Կրեմլյան քարոզիչները լուռ էին։ ԱԳՆ խոսնակ Զախարովան մի թույլ բերան անդրադարձավ հարցին՝ ասելով, որ խաղաղապահները չպետք է սրեն իրավիճակը։ Միխայիլ Ալեքսանդրովը քչերից էր, ով կոշտ քննադատեց Բաքվի գործողությունները։ Դեկտեմբերի 13-ին «Ռուսարմինֆոյին» տված հարցազրույցում նա հայտարարեց, որ եթե ադրբեջանցիները հարձակվեն ռուս խաղաղապահների վրա, պետք է լինելու ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ Ռուսաստանն ունի միջոցներ՝ խուսափելու կոնտակտային պատերազմից` հրթիռային հարվածներ հասցնի Բաքվին, ռմբակոծի Բաքվի նավթարդյունաբերական օբյեկտները, ոչնչացնի ադրբեջանական էներգահամակարգն ամբողջությամբ, ինչից կտուժի նաեւ Արեւմուտքը, քանի որ Բաքվի նավթն այլեւս չի հոսի այնտեղ։ Ալեքսանդրովի դեմ անմիջապես քրեական գործ հարուցվեց ահաբեկչության, ազգամիջյան ատելություն հրահրելու եւ նմանատիպ այլ մեղադրանքներով, իսկ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տարկունովն ազատեց Ալեքսանդրովին աշխատանքից՝ համարելով, որ նրա հայտարարությունները վնասում են բուհի իմիջին։

«Մոսկվայում գործող պրոադրբեջանական լոբբիի բացահայտումը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն է»,- մեր խնդրանքով կարճ մեկնաբանեց հայտնի քաղաքագետը։ Նա միակն է ՌԴ քաղաքագետներից, ով բացահայտ եւ օբյեկտիվ քննադատության է ենթարկում նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարությանը՝ իր հոդվածներում մշտապես հանդես գալով Ռուսաստանի շահերից։ «Ռուսարմինֆոյին» տված վերջին հարցազրույցներից մեկում Միխայիլ Ալեքսանդրովը պնդում է, որ Ադրբեջանի ճնշումները Հայաստանի վրա չեն կարող ստիպել Փաշինյանին հրաժարվել արեւմտյան կողմնորոշումից, իսկ դրա մեղավորը դառնալու է Ռուսաստանը։ «Մոսկվայում երեւի կան խելոքներ, որոնք մտածում են, թե, ահա, հիմա Ադրբեջանը կսկսի ճնշել Հայաստանին, եւ հայերն անմիջապես կխզեն հարաբերություններն Արեւմուտքի հետ։ Դա հիմարություն է, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել եմ, Փաշինյանն իրականացնում է արեւմտյան ծրագիրը՝ ամեն գնով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որ հենց Ադրբեջանը սկսի ճնշել, Երեւանը համաձայնի տարածքներ հանձնել Տավուշում, Զանգեզուրի միջանցքը հանձնի եւ ասի՝ տեսնո՞ւմ եք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց մեզ չպաշտպանեց, այսինքն՝ Ռուսաստանն է մեղավոր»։ 

Այդ նույն հարցազրույցում Ալեքսանդրովը հետաքրքիր կանխատեսում է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի արդյունքի վերաբերյալ։ «Ի վերջո, Ադրբեջանը ստիպված է լինելու կանգնել, հակառակ դեպքում քարտեզի վրա Հայաստան չի մնա, իսկ սա կառաջացնի Արեւմուտքի ռեակցիան, եթե այդպես գնա, Արեւմուտքը կսկսի սանկցիաներ կիրառել Բաքվի եւ անձամբ Ալիեւի դեմ, իսկ նա շատ վախենում է այդ սանկցիաներից, որովհետեւ, հավանաբար, կապիտալներ կան արտասահմանում։ Այնպես որ՝ նա չի գնա Հայաստանի ամբողջական ոչնչացման, առավել եւս, որ Հայաստանն էլ այդպես լուռ չի հանձնվի, երբ որ բանը հասնի ողջ հայ ժողովրդի ֆիզիկական գոյատեւմանը։ Իրանն էլ կարող է խառնվել, այնպես որ՝ Ադրբեջանը եթե հարձակվի էլ, կբավարարվի Փաշինյանի համար էական, բայց ոչ կրիտիկական տարածքներով, եւ արդյունքում Փաշինյանը կպահի իշխանությունը` Ռուսաստանին մեղավոր կդարձնի այս իրավիճակի համար եւ կանցնի Արեւմուտքի լիակատար հսկողության տակ»,- ասում է նա։ 

Այնպես որ, հասկանալի է, թե ինչու է Մոսկվայի պրոադրբեջանական լոբբին անվերջ ատամ սրում պրոֆեսորի դեմ, ամեն գնով ուզում փակել նրան, իսկ իր քարոզիչների դիֆերամբներին սովոր կրեմլյան իշխանությունն ուզում է, որ Ալեքսանդրովը զգուշանա ու լռի վերջապես։