«Հրապարակ». 2018 թ. ապրիլին ոչինչ էլ չի եղել, բացի հասարակ աթոռափոխությունի՞ց

«Հրապարակ». 2018 թ. ապրիլին ոչինչ էլ չի եղել, բացի հասարակ աթոռափոխությունի՞ց

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցը Freedom House-ի կոշտ քննադատությունից հետո երկրորդ սառը ցնցուղն էր ժողովրդավարությունը բրենդ հռչակած ՀՀ իշխանությունների համար։ Պետքարտուղարությունը խոսում է Հայաստանում խոշտանգումների, կամայական ձերբակալությունների, ընտրովի կալանքների, դատական իշխանության անկախության ու անաչառության հետ կապված լրջագույն խնդիրների մասին, քննադատում է ոստիկանության անպատժելիությունը։ Կարճ ասած՝ զեկույցում նկարագրվում են երեւույթներ, որոնք «ժողովրդավարության բաստիոնում» տեղ ունենալ չեն կարող, բայց մեր «բաստիոնում» արմատավորվել են։

Արեւմտյան ժողովրդավարների հովանավորությունը վայելող Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նախազգուշացնո՞ւմ է, թե՞ Հայաստանում ժողովրդավարության վիճակն այնքան աղետալի է, որ լռելն ու ոչինչ չտեսնելն այլեւս անհնարին է։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակ»-ին ասում է․ «Արվել են արձանագրումներ, բայց դրանք ամբողջական չեն` առկա փաստերի միայն 20-25 տոկոսն են։ Արվել են այնքան արձանագրումներ, որքան չէին կարող չանել, որովհետեւ այն աստիճան բացահայտ խախտումներ, ժողովրդավարական արժեքների խայտառակ ոտնահարումներ են տեղի ունենում Հայաստանում, որ պարզապես հնարավոր չէ աչք փակել եւ հետագայում պատրաստ լինել պատասխանել հարցերի։ Այս տեսանկյունից զարմանալի չէր Պետդեպի զեկույցը։ Կարող եմ ասել, որ որոշ կարեւոր արձանագրումներ են արվել՝ դատական իշխանության հետ կապված, մասնավորապես, անհատապես անդրադարձ է կատարվել դատավորներ Դավիթ Հարությունյանի եւ Զարուհի Նախշքարյանի դեպքերին, բայց կարող էին այլ դեպքեր եւս արձանագրել»։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ զեկույցը փաստում է, որ Հայաստանի իշխանությունների թույլ տված՝ գնալով ահագնացող խախտումներն արդեն աչքաթող չեն արվում։

Ըստ Մելիքյանի՝ այսօր մարդու իրավունքների խախտումներն աննախադեպ են ու այնպիսին, որ անգամ իշխանությունը նախկիններին մատնացույց անել չի կարող։ Նա ընդամենը 2 աղաղակող օրինակ է բերում․ «Առաջինը Սամվել Վարդանյանի ահասարսուռ դեպքն է, որը մեզ հաջողվեց օբյեկտիվ ապացույցներով հիմնավորել, եւ այդ խայտառակության իսկության վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Երկրորդը Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքն է՝ մյուս խայտառակությունը, որը վերաբերում էր ուժը կորցրած Քրեական օրենսգրքի հոդվածը վերակենդանացնելուն, ընդ որում, այդ հոդվածն ուժը կորցրել է նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերով»։

Իսկ երեկ դատարանն անփոփոխ թողեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքը, ինչը, ի թիվս մյուս քաղաքական կալանավորումների՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան եւ այլք, քաղաքական հետապնդման ցցուն օրինակ են համարում իրավապաշտպանները։ Ռուբեն Մելիքյանին հարցրինք՝ իշխանությունը վախենո՞ւմ է այս մարդկանցից՝ անհիմն ու երկարատեւ կալանք սահմանելով։ «Ես ձեռնպահ կմնամ գնահատականից՝ իշխանությունները վախեցա՞ծ են, թե՞ ոչ։ Իմ անձնական կարծիքն այն է, որ նրանք չեն կարող պետական դավաճանության, հայրենիքի դավաճանության ծանրության բեռը հանգիստ տանել, որքան էլ մարդկային հատկանիշներից զուրկ լինեն, անհնար է պատկերացնել, որ չկան որոշակի էմոցիաներ։ Գուցե այդ էմոցիաների մեջ գերակշռողը վախն է, գուցե՝ այլ զգացողություն, դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ այս իշխանությունը ճահճի մեջ մխրճվողի տրամաբանությամբ, օր-օրի իրեն ավելի է փակուղի դնում»,- ասաց Մելիքյանը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակում դատավորներն են վերջին պատվարը։ «Կարող ես ունենալ շատ վատ դատախազություն, քննչական մարմիններ, բայց ամուր դատական համակարգ ունենալու դեպքում մյուսները չեն կարող չուղղվել։ Եվ ինձ, իսկապես, վշտացնում է, որ ես չեմ տեսնում արդարություն դատարաններում»,- եզրափակում է նա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չէր հասցրել ծանոթանալ Պետքարտուղարության զեկույցին, բայց մի շարք մտահոգություններ հայտնեց, մասնավորապես, կոռուպցիոն դրսեւորումների եւ իշխանության հաշվետվողականության բացակայության վերաբերյալ։ Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ թափանցիկության բարելավում ունենք` առանց բարելավելու հաշվետվողականությունը, բարեվարքությունը, առանց մասնակցային դարձնելու պետական ու համայնքային կառավարումը: ««Թրանսփարենսի ինթերնեշնլի» Ուկրաինայի գործընկերները սրանից 5 տարի առաջ ասում էին՝ մեր կոռուպցիան աշխարհի ամենաթափանցիկներից մեկն է։ Սա է վտանգավորը, որ երբ թափանցիկությունը չի զուգորդվում ժողովրդավարության՝ իմ նշած հիմնասյուներով՝ հաշվետվողականություն, մասնակցային կառավարում, բարեվարքություն եւ այլն, այդ դեպքում իմաստ չեմ տեսնում թափանցիկության խորացման մեջ։ Ասել, թե ինչ-որ բան չի արվել` այդպես չէ, որոշակի առաջընթաց եղել է, բայց այստեղ կան այլ խնդիրներ, որոնք, դժբախտաբար, մնում են»,- ասում է Հոկտանյանը։ Բայց պետության համար ճակատագրական որոշումներին հանրությունը պոստ ֆակտում է ծանոթանում, սա թափանցիկությո՞ւն է։ Հոկտանյանն արձագանքեց․ «Երբ ասում էի՝ մասնակցայնության խնդիր կա, դրա մասին էր, որովհետեւ շատ թափանցիկ ասում են, թե ինչ են ուզում անել, խնդիրը հենց այն է, թե այդ որոշումն ինչ ձեւով է կայացվում, եւ որքանով է իշխանությունն իրեն հաշվետու զգում այդ որոշման հետեւանքների համար։ Արդյո՞ք հասկանում է, որ այդ որոշումը կարող է հետագայում լրջագույն խնդիրներ առաջացնել ե՛ւ պետության համար, ե՛ւ իրենց համար։ Այ, սա է խնդիրը, որովհետեւ, եթե նկատի ունեք վերջին իրադարձությունները՝ Տավուշի հետ կապված խնդիրը, շատ թափանցիկ էլ ասում են՝ ինչ են ուզում անել։ Խնդիրն այն է, թե դա ինչ հետեւանքներ կունենա։ Առանց որեւէ լուրջ քննարկման ասել, որ դա շատ դրական քայլ է, ես իշխանության այդ օպտիմիզմը չեմ կիսում»։

Ինչ վերաբերում է կոռուպցիային եւ այն արմատախիլ անելու մասին բարձրագոչ հայտարարություններին, Հոկտանյանը հիշեցրեց՝ վերջերս Փաշինյանն ընդունեց, որ կոռուպցիան ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ շատ լուրջ խնդիր։ «Ես կողմնակից չեմ նրան, որ առանց հետազոտության ասեմ՝ երկրում կա համակարգային կոռուպցիա, բայց շատ երեւույթներ են վկայում, որ դրա նախադրյալները մենք տեսնում ենք։ Իրավապահ համակարգը պետք է հասկանա՝ այդ մեկ անձից գնումներն իսկապե՞ս ակտուալիզացվել եւ դարձել են կոռուպցիա, թե՞ ուղղակի խոսակցություն են։ Այսինքն, իրավապահ համակարգը պետք է կանխարգելի, ոչ թե գնա պոստֆակտում, ինչպես, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման դեպքերում, երբ ասում են՝ թալանը եղել է, պետք է գնալ դրա հետեւից։ Շատ ավելի արդյունավետ իրավապահ համակարգ կունենայինք, եթե նրանք այդ թալանը կանխարգելեին, որպեսզի ապագայում կարիք չլիներ ընկնել ապօրինի ծագում ունեցող գույքի հետեւից»,-ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվն այնքան էլ բարձր չէ: Վարուժան Հոկտանյանի կարծիքով, խնդիրներն այնքան լուրջ են, որ այսպես շարունակվելու դեպքում կարող ենք «նախկին վիճակին» վերադառնալ, եւ մարդիկ կարող են եզրակացության գալ, որ «2018 թ. ապրիլին ոչինչ էլ չի եղել, բացի հասարակ աթոռափոխությունից»։

Մարիաննա Ղահրամանյան