Ինչո՞վ է կարեւոր Պուտին-Փաշինյան այսօրվա երկկողմ հանդիպումը

Ինչո՞վ է կարեւոր Պուտին-Փաշինյան այսօրվա երկկողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենան, ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել պաշտոնական լրահոսից։ Արդեն թե հայկական, թե ռուսական կողմի հղած ազդակներից հայտնի է, որ երկու ղեկավարները բավականին շատ հարցեր ունեն քննարկելու, որոնք պարզ բնութագրել չի կարելի։ Ավելին, եթե հաշվի առնենք վերջին շրջանում, արդեն բավական ժամանակ Հայաստանում տիրող հակառուսական տրամադրությունները, եւ նաեւ ռուսական կողմի ակնարկները, բավականին բարդ ու բազմաշերտ հարցերի «քեյս» կա քննարկելիք, որոնք կուտակվել են հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր փաթեթում։

Հիշեցնենք, որ հանդիպման առիթը Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական գագաթնաժողովն էր, որը կնախագահի Նիկոլ Փաշինյանը որպես կազմակերպության ըստ ռոտացիոն կարգի՝ նախագահող երկրի ղեկավար։

Միաժամանակ այսօր՝ մայիսի 8-ին, նախատեսված է նաեւ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների բարեկամական ճաշը։ Ոչ այնքան լավ ժամանակներ ապրող հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր համատեքստը եթե հաշվի առնենք, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի առաջնորդող դերակատարությունը հետխորհրդային տարածքի ռեգիոնալ միավորումներում, ապա կասկածից վեր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը կքննարկվեն առաջին հերթին Մոսկվա-Երեւան հարաբերությունների բովանդակային եւ ծավալային կողմը, որոշակի հստակություն կմտցվի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաեւ՝ հատուկ ուշադրություն կհատկացվի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։ Այս մասով էլ որոշակի հստակություն կմտցվի ամենայն հավանականությամբ, թեկուզ դա լինի փակ դռների հետեւում եւ լայն հասարակությունն այդ մասին իմանա, օրինակ, ոչ միանգամից կամ որոշակի ուշացումով, հատկապես, որ ՀԱՊԿ-ից նման անհրաժեշտության մասին վկայող ազդակներ վերջին շաբաթներին եղել են։ Անշուշտ նաեւ որոշակի կերպով կշոշափվեն Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում նկատվող ջերմացումները։ Դժվար է ասել, թե ներկայիս աշխարհաքաղաքական չափազանց լարված միջավայրում դրանց քննարկումը ինչ բնույթ կունենա, բայց այն, որ դրանց մասին կխոսվեն, դա որեւէ կասկածից վեր է։ Ընդհանուր առմամբ՝ այս հանդիպումը օգտակար է, քանի որ ինչպես ռուսական միջավայրում են ասում՝ կօգնի Երեւանին եւ Բաքվին «расставить все точки над i»: