Երբ մարդը սրբություն չունի, նրա համար ամեն ինչ պլյուս-մինուսով է չափվում՝ փիս վաճառականների նման

Երբ մարդը սրբություն չունի, նրա համար ամեն ինչ պլյուս-մինուսով է չափվում՝ փիս վաճառականների նման

Հարցազրույց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ

- Պարոն Ղարաբաղցյան, մի շաբաթից ավելի է՝ Տավուշն անհանգիստ է, իշխանությունն իրականացնում է սահմանազատման աշխատանքներ, իսկ ժողովուրդը կորցրել է քուն ու դադար։ Ավելին՝ Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարն իշխանության ճամբարից որակում են որպես սաբոտաժ, իսկ պայքարի ելած մարդկանց՝ գործակալներ։ Ո՞նց եք մեկնաբանում այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, դա Արցախի կրկնությո՞ւնն է, թե՞ շատ ավելի վատ շարունակություն։

- Ցավոք, Տավուշն անակնկալ չէր ոչ մեկիս համար, երբ Բերձորն էին հանձնում, Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էին ասում, Տավուշն էլ այդ ողջ սեւ շղթայի շարունակությունը դարձրին։ Ինձ համար միշտ էլ Արցախն է եղել մեր պետականության դարպասները, հիմա արդեն ասում են՝ Տավուշն է մեր պետականության, Հայաստանի դարպասները, իսկ ես ուզում եմ ասել՝ եթե Արցախն այլեւս չկա, անհոգի մարմին է Հայաստանը դարձել, որովհետեւ ժամանակին ասում էին․ ով Շուշիին է տիրում՝ Արցախին է տիրում, ով Արցախին է տիրում՝ ամբողջ Կովկասին է տիրում․․․ Ցավոք, մենք աքսիոմատիկ եւ պատմական փորձի ոչ մի ճշմարտություն հաշվի չառանք։ Ասում եմ՝ մենք, որովհետեւ մեղքը չեմ ուզում միայն բարդել այսօրվա իսկական գործակալների վրա։ Երբ այսօր Բագրատ սրբազանը կամ իր հող ու ջրի համար ոտքի կանգնած մարդն իրենց համար գործակալ է, ուրեմն ամենամեծ գործակալներն իրենք են, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն գործակալ լինելու իմաստը, ու դա չի նշանակում, որ պիտակներ կպցրին, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Առաջինն իրենք են անդամագրվել գործակալի ու դավաճանության գործին։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է, թաքցնելու ոչ մի բան այլեւս չունեն, եւ ամեն ինչ այնքան պարզ է, որ մարդ մինչեւ անգամ այդ պարզությունից էլ է սարսռում, որ կարելի էր մինչեւ այստեղ հասնել։ Տավուշյան դեպքերը դրա վառ ապացույցն են։ Եվ հիմա արդեն դանակը հասել է ոսկորին։

- Փաշինյանը Տավուշում հայտարարեց․ «Մեր նպատակն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»։ Այսինքն՝ ինչպես որ պատերազմի զոհերի մասին էր պլյուս-մինուս 50-ով խոսում, նույն տրամաբանությամբ նաեւ երկրի սահմանների, հողերի մասին է խոսում․․․

- Ավելին՝ պլյուս-մինուս Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի մասին են արդեն խոսում, թե 1 մլն է, ավելի շա՞տ, թե՞ պակաս, այսինքն՝ ամեն ինչն իրենց մոտ գումարային հաշվարկի տեսքով է։ Երբ մարդը սրբություն չունի, նրա համար ամեն ինչ պլյուս-մինուս է՝ փիս վաճառականների նման, երբ կշեռքը միշտ մի քիչ ցածր պետք է լինի։

- Իշխանությունը պատմական իրադարձություն որակեց օրերս Տավուշում տեղադրված 1-ին սահմանազատման սյունը։ Մինչդեռ, ժողովրդի ընկալմամբ՝ կարծես տապանաքար դրվեց ՀՀ-ի վրա, այն էլ՝ ապրիլի 24-ի նախօրեին։

- Սիմվոլիկան այստեղ նշանակություն ունի, բայց ես խորհուրդ կտամ գնալ Արեւմտյան Հայաստան, որտեղ մինչեւ հիմա դեռ կան Արտաշես արքայի սահմանազատման սյուները։ Ինչ-որ ասոցիացիաներ են ուզում տանեն պատմության հետ, բայց այսօր բետոնե սյունով չի որոշվում սահմանը, հայ զինվորն իր արյունով է գծել այդ սահմանը։

- Մարդիկ թե՛ Տավուշում, թե՛ մյուս մարզերում արդեն հասկացել են, որ միայն Տավուշով չի սահմանափակվելու այս գործընթացը, եւ ընդվզում են այս ձեւով իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ։ Այս ընթացքն ո՞ւր է մեզ տանում, պայքարի ելած մարդկանց կհաջողվի՞ ինչ-որ առումով կասեցնել այս գործընթացը, թե՞ ոչ։

- Հիմա այնպիսի վիճակ է, որ կարծես մեզ հետ են պտտել, ու հասել ենք 80-ական թվականների վիճակին, երբ Արցախի համար էինք պայքարում։ Այս պատմական ցիկլը կարծես նորից կրկնվում է, բայց՝ ավելի դաժան ձեւով։ Ու դրա համար արթնացել է ներքին ինքնապաշտպանության բնազդը, քանի որ Տավուշից հետո հերթը մյուսներինն է, ու այս գործընթացը սկսվել է 2018թ․ ապրիլից։ Այսօր զարմանալի չէ՞, որ հայ սակրավորն իր դրած ականի վրա պայթում է, երկրապահը երդմնազանց է լինում եւ իր՝ երկիր պահելու երդումը դրժում է։ Նրանք ո՛չ Սասուն Միքայելյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի ճորտերն ու ծառաները չեն, նրանք երդվել են, որ հայ ժողովրդի ճորտերն ու ծառաներն են, ու այդ երդումը տվել են Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 8-ին։ Առջեւում մայիսի 8-ն է, ու լավ կլինի, որ հիշեն, թե ինչ երդում են տվել այդ օրը։

- Նիկոլ Փաշինյանն անընդհատ նշում է, որ պատմական Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում իրական Հայաստանի համար, եւ դրանք համատեղելի չեն: Ավելին, պարբերաբար հայտարարում է, այդ թվում՝ ցեղասպանության ուղերձում, որ «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ եւ մեղր է հոսում»: Ո՞րն է այս տեսակ հայտարարությունների նպատակը։

- Պատմական Հայաստանը մեր հիշողությունն է, իսկ առանց հիշողության թեկուզ իրական Հայաստան կերտել հնարավոր չէ, եւ պատահական չէ, որ հենց այդ նույն օրը Էրդողանից հրահանգ է գալիս, որ, պատկերավոր ասած՝ ավելորդ հիշողությունից պետք է հրաժարվենք։ Հիշողությունը հո մկան պոչ չի՞, որ կտրես ու նետես մի կողմ, այսինքն՝ այս մարդիկ հիշողության գինն էլ չգիտեն կամ լավ գիտեն, որ հիշողությունն իրենց համար վտանգավոր է․ եթե ազգը, ժողովուրդն ունի հիշողություն, նրան չես կարող ծնկի բերել։ Այդ նույն հիշողությունն էր, որ 88թ․ ժողովրդին դուրս բերեց փողոց։ Այդ նույն հիշողությունն էր, որ Շուշին ազատագրեց, այդ նույն հիշողությունն էր, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ստեղծեց, ու այդ եռամիասնությունն էր, որ պետականության հիմք դարձավ։

- Հիմա արդեն խարխլված են այդ եռամիասնության հիմքերը, ելքը ո՞րն է ստեղծված իրավիճակից, հատկապես որ ժամկետներ են նշվում, թե մինչեւ երբ պետք է Տավուշի գյուղերը հանձնվեն։

- Որ ասում եմ՝ հիմա ամեն ինչ բաց-բաց է, եւ մինչեւ անգամ օրերով նշված է, թե որ տարածքը, որ գյուղը երբ են հանձնելու, նրա համար եմ ասում, որ սա արդեն ամենամեծ դավադրությունն է, եւ միայն պայքարով կարելի է այս ամեն ինչի դեմն առնել՝ ո՛չ թղթով, ո՛չ էլ կոչով։

- Նախօրեին Բագրատ սրբազանն արթնության կոչով դիմեց ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողությանն ու դպրոցականներին, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն, եւ Տավուշի շարժումը համահայաստանյան դառնա։ Ո՞րն է պատճառը, որ բոլորի մոտ այդ բողոքը կա, բայց այն համընդհանուր բնույթ չի ստանում եւ գործողություն չի դառնում։

- Մի պարզ օրինակ բերեմ․ եթե դպրոցի տնօրենից սկսած, ուսուցչով վերջացրած, համաձայնում են, որ զոհված համագյուղացու լուսանկարը եւ այդ հերոսների փառքի անկյունները հանեն, ուրեմն ուսուցիչներին արված այդ կոչը շատ-շատերին չի էլ վերաբերի։ Իհարկե, սրբազանի կոչը դարձի գալու կոչ է, իսկ այդ ընթացքում իշխանիկներն ասում են՝ սրբազանը գործակալ է։ Վստահ եղեք, որ այդ ուսուցիչների մեջ էլ մարդիկ կլինեն, որ այդ նույն կոչը կանեն, սա արդեն ոչ թե հիասթափված եմ ասում, այլ՝ վստահ, որովհետեւ տեսել եմ իրենց։

- Եկեղեցուն եւ եկեղեցականներին վարկաբեկելու փորձերը վերջին շրջանում ավելի լայն դրսեւորումներ են ստանում, այն աստիճան, որ վարչապետը նրանց մեղադրեց Ոսկեպարի եկեղեցում շոու պատարագներ անելու մեջ։

- Նորից պետք է նշեմ, որ այս գործընթացը դեռեւս 2018-ից է սկսվել, երբ սրանք եկան իշխանության, առաջին հարվածն ո՞ւմ էր ուղղված՝ եկեղեցուն, Էջմիածնին, կաթողիկոսի ճանապարհն էին փակում, կաթողիկոսին էին քաշքշում, վեհարան էին մտնում։ Սա մի շղթա է, որի դեմը եթե չես առել, այդ հեղեղը ներս է գալու։ Հետո եղան այդ պատերազմները, զոհերը, հոգեբանական ճնշումը, ու հիմա, երբ պայքարի կոչ է արվում, ասում են՝ մարդիկ գնան նորի՞ց զոհվեն, ասում եմ՝ գնալ ապրելու եւ ոչ թե զոհվելու համար։ Այսինքն՝ մարդկանց մոտ արդեն այլ միտք է գերիշխում, որ գնում են պատերազմ ոչ թե հաղթելու, այլ զոհվելու համար։ Մինչդեռ գնում են պատերազմ՝ ապրելու համար։

- Տավուշի բնակչության հետ հանդիպման ժամանակ հենց դա էր ասել Փաշինյանը, որ եթե գյուղերը չտանք, պատերազմ է սկսվելու․․․

- Այո, ու դրա համար եմ ասում՝ պատերազմ գնում են ապրելու եւ ոչ թե զոհվելու համար, բայց իրենք 2018-ից այս կողմ ժողովրդին հոգեբանական այդ քարոզն են արել։ Մի նուրբ բան ասեմ․ նրանք, ովքեր զոհ ունեն վերջին պատերազմներում, այդձեւ չեն մտածում, իսկ նրանք, ովքեր մինչեւ անգամ մատը մատին չեն խփել, հենց նրանք են ասում՝ գնանք պատերազմ, զոհվե՞նք։ Սա է աբսուրդը։