Կինոկատալոգ, կինոտոն

Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռեւս 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմագրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերը, նաեւ Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նյութերը եւ այլն: Սուրեն Հասմիկյանին հարցրի՝ արդյոք կինոկատալոգի տպագրությունը նաեւ վերաարժեքավորո՞ւմ է այն, ինչ ունեցել ենք: "Այստեղ փաստ է ընդամենը, որ պետք է հավերժանա, իսկ ինչպե՞ս իմաստավորել այդ փաստը, սա արդեն այլ խնդիր է",-եղավ պատասխանը: Ըստ կինոգետի՝ այսօր համաշխարհային կինոյում խորն ճգնաժամ է, հայկական կինոն էլ է կուլ գնացել այս ճգնաժամին, որից մարդկությունը պետք է փորձի դուրս գալ: Արծվի Բախչինյանն էլ ասաց՝ "Կատալոգը ինֆորմացիոն բազային էն հիմքն է, որի վրա հետագա ուսումնասիրությունները ծնվում են: Մենք ունենք հարուստ կինոժառանգություն, որակի մասին հիմա չենք խոսում, որը կարիք ունի սիստեմավորման, այս առումով այս աշխատությունն իսկապես արժեքավոր է": Զավեն Բոյաջյանը, որը կատալոգի խմբագրակազմում է եղել, նույնպես կարեւորեց կատալոգի տպագրությունը. "Կատալոգը ինքը շատ կարեւոր խնդիր ունի, փաստորեն, հայկական կինոյի ամբողջ հենքը այս կատալոգն է, այսինքն՝ որեւէ մեկը եթե հայկական կինոյի մասին ինչ-որ բան է գրում, նա պետք է օգտվի այս կատալոգից: Սա իսկապես մեծ ձեռքբերում է, որովհետեւ սա ծավալուն, ֆունդամենտալ աշխատություն է, եւ կարեւոր է, որ այն տպագրվել է ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն, որովհետեւ "Ոսկե ծիրանի" հյուրերն էլ հիմնականում միշտ հետաքրքրվում են, թե չունե՞նք արդյոք մենք կատալոգ, հիմա մենք կարող ենք ասել, որ ունենք": Հարցիս՝ արդյոք հնարավո՞ր է, որ ընտրություն եղած լինի, եւ անորակ ֆիլմ ընդգրկված չլինի կատալոգում, կինոգետը պատասխանեց. "Ոչ: Էդպիսի բան չէր կարող լինել, որովհետեւ դա կատալոգ ստեղծելու բուն սկզբունքին դեմ է: Ինքը ընդգրկում է ամբողջ կինոհամակարգը առանց վերաարժեքավորելու: Մենք ներկայացնում ենք միայն փաստացի նյութը":
Կարծիքներ