Ի տարբերություն ԼՂ մյուս ղեկավարների՝ Ռուբեն Վարդանյանին առևանգել են․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ի տարբերություն ԼՂ մյուս ղեկավարների՝ Ռուբեն Վարդանյանին առևանգել են․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ապօրինաբար առևանգել են։ Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության տակ են եղել։ Նրանք Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի համաձայնությամբ։

Այս մասին «The Moscow Times»-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

«Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան։ Նրանք [Ադրբեջանը] գիտեին, թե ինչ մեքենայով է նա ուղևորվել, ուստի նրան կանգնեցրել են և ապօրինաբար առևանգել Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։ Իսկ մյուս նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից են տեղափոխվել Ադրբեջան։ 

Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և եղել են ռուսական պաշտպանության ներքո։ Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ես անձամբ ներգրավված եմ նրա, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր պատանդների ազատման գործում»,-նշել է դեսպանը։

Լրագրողի հարցեին, թե ինչո՞ւ են նրանց հանձնել Բաքվին, և ռուսական կողմը սա ինչ-որ կերպ բացատրե՞լ է, Բալայանը պատասխանել է․

«Չգիտեմ: Ես այս մասին չեմ հարցրել իմ ռուս գործընկերներին։ Բայց այդ օրերին ռուսական ռազմական ուղղաթիռները հարյուրավոր թռիչքներ են իրականացրել Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Նրանք, մասնավորապես, տարհանել են մարդկանց, այդ թվում՝ նավթի պահեստի պայթյունի ժամանակ վիրավորվածներին»։