Պաշտոնյաներ, «հարսների հետույքով փեսաներին լավություն» մի արեք 

Պաշտոնյաներ, «հարսների հետույքով փեսաներին լավություն» մի արեք 

Տավուշի գյուղերի մասին համարյա ամեն ինչ ասվել է: Դիտարկենք այս հարցի ֆինանսատնտեսական կողմը:
Նախ ասեմ, որ մենք իշխանություններ ենք ընտրում, որպեսզի պաշտոնյաները հեշտացնեն, ապահով դարձնեն մեր կյանքը, այլ ոչ թե մեր գլխին փորձանքներ բերեն: Ասեմ նաեւ, որ հայաստանցիների մեծամասնությունը համաձայն է խաղաղությանն ու սահմանազատմանը, բայց ցանկանում է, որ այդ գործընթացը Տավուշում կատարվի ամենավերջում, այլ ոչ թե սկզբում: Որովհետեւ սահմանազատումը սոսկ աշխատանք չէ քարտեզների հետ: Եթե այդպես լիներ, այն կտեւեր ընդամենը մի քանի րոպե: Մինչդեռ շատ երկրների փորձն ապացուցում է, որ այն տեւում է տարիներ եւ նույնիսկ` տասնամյակներ: Իսկ Տավուշի շրջանը հենց այն բարդ շրջաններից է, որի դեպքում չի կարելի գործն ավարտել՝ ուղղորդվելով միայն քարտեզներով: Այնտեղ կան բարդացնող շատ հանգամանքներ: Եվ ճիշտ կլինի այնտեղ սահմանազատումն ավարտել 30-40 տարի հետո միայն, երբ ասպարեզից դուրս կգա վերջին տասնամյակների ընթացքում հայատյացությամբ թունավորված ադրբեջանցիների սերունդը, եւ հնարավոր կդառնա նրանց հետ հարեւանություն անելը:

Մեր կառավարության ղեկավարը խոստանում է կառուցել տներ Տավուշի այն գյուղացիների համար, որոնք կտուժեն այդ սահմանազատումից: Ասում է նաեւ՝ ոչինչ, որ պետք է հրաժարվենք այդտեղով անցնող ճանապարհներից՝ կկառուցենք նորերը: Այնպես է ասում, կարծես իր գրպանի փողերով է այդ բոլորը կառուցելու: Մինչդեռ այդ ահռելի ծախսերը հատուցվելու են բյուջեի, այսինքն՝ մեր բոլորի մուծած հարկերի հաշվին՝ մեր հաշվին: Կառավարությունը, սակայն, մեր կարծիքը չի ցանկանում հաշվի առնել, որովհետեւ, եթե այդ հարցով անցկացվի հանրաքվե, ճնշող մեծամասնությունը դեմ կլինի հենց այսօր փակել այդ հանկարծակի ծագած ծախսերը: Չէ՞ որ սահմանազատման եւ խաղաղության հաստատման գործընթացը, ինչին համարյա բոլորը համաձայն են, հնարավոր էր սկսել Տավուշից, բացի ցանկացած այլ մարզից: Եվ այդ դեպքում ոչ մի ծախս էլ չէր առաջանա: Ընդհակառակը, ադրբեջանցիները ստիպված կլինեին անհատույց վերադարձնել մեր երկրից եւ մեր գյուղացիներից խլված ունեցվածքն ու տարածքները: Եվ եթե Տավուշի դեպքում մենք ունենք ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու չի կարելի հիմնվել միայն քարտեզի վրա, ՀՀ ցանկացած այլ շրջանի պարագայում Բաքուն չունի ոչ մի արդարացում իր գրավածը պահպանելու համար: Հո չի՞ ասելու՝ այս բարձունքը չեմ վերադարձնում, որ հեշտ լինի հարեւան բնակավայրերը կրակի տակ պահելը: Կամ` այս արոտավայրերը, այգիներն ու դաշտերը չեմ վերադարձնում, որ դրանցից զրկված բնակիչները ստիպված լինեն հեռանալ իրենց բնակավայրերից:

Այսինքն՝ Տավուշի սահմանազատումը պետք է լինի վերջինը:

Բացի այդ, մեր կողմից բանակցողը համաձայնել է, փաստորեն, անհատույց, առանց որեւիցե փոխանակման, հանձնել այդ գյուղերը: Հասկանում եմ, որ այդ պաշտոնյան, ինչպես նաեւ ՀՀ մյուս պաշտոնյաները, անշահախնդիր են կատարում իրենց պարտականությունները: Բայց տվյալ դեպքում տուժելու են ոչ միայն այն գյուղացիները, որոնց տներն ու ունեցվածքը հանձնվելու են ադրբեջանցիներին: Տուժելու են նաեւ նրանք, ովքեր կարող են դառնալ մեր հարեւան երկրի դիպուկահարների լավ կամ վատ տրամադրության զոհը: «Զոհ» բառն այստեղ ոչ թե փոխաբերական, այլ իր իսկական ու դաժան իմաստով է օգտագործվել: Հետեւաբար, նրանք էլ են ստիպված լինելու լքել իրենց տներն ու հողատարածքները: Մինչդեռ, համոզված եմ, որ եթե նրանք դիմեն Ադրբեջանի կառավարությանը կամ անձամբ Իլհամ Ալիեւին եւ ասեն, որ կհամաձայնեն հեռանալ միայն այն դեպքում, եթե ամեն մի ընտանիքին տրամադրվի մեկական միլիոն դոլար, կստանան դրական պատասխան: 

Մեր կառավարության ղեկավարը հանդիպել է այդ գյուղերի բնակիչների հետ՝ փորձելով համոզել, որ նրանք համաձայնեն լինել նույնքան անշահախնդիր, որքան իր այն տեղակալը, որը համաձայնել է Ադրբեջանի իր գործընկերոջ առաջարկին: Այն է. «Չխոսենք հատուցման, փոխանակման մասին»: Բայց այդպիսի «սահմանազատման» արդյունքում վերոնշյալ չինովնիկը ոչինչ չի կորցնում: Մինչդեռ գյուղացիները շատ խիստ են տուժելու: Հետեւաբար, արդար կլինի, որ նրանք դիմեն Բաքվին՝ պահանջելով նվազագույնը մեկական միլիոն դոլարով հատուցել յուրաքանչյուր ընտանիքի վնասը:

Շարունակելով այս թեման՝ առաջարկում եմ նույնպիսի իրավունք շնորհել նաեւ պետական կարիքի զոհերին` այն դեպքում, երբ նրանց տների փոխարեն պետք է կառուցվեն շենքեր: Թող նրանք ոչ թե դառնան անշահախնդիր չինովնիկների կողմից ընտրված ինչ-որ մի կազմակերպության զոհ, որն առաջարկում է կոպեկանոց հատուցումներ, այլ հենց իրենք հայտարարեն աճուրդ եւ պետական կարիք հայտարարված շինությունները վաճառեն նրան, ով կառաջարկի ամենամեծ գումարը:

Գրիգոր Էմին-Տերյան