Սահմանադրական դատարանը հեռացավ ծանր որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանը հեռացավ ծանր որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանում ավարտվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը: Իսկ Անտոնյանը դիմել էր «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացված՝ 25.03.2020 թվականին ընդունված Օրենք 1-ի 48-րդ հոդվածի 1-ին մասով ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ 2 հոդվածի 1.1-րդ մասը (Լրացված՝ Օրենք 2-ի 1-ին հոդվածով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրության  5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջով: Քննությունն ավարտվեց և Սահմանադրական դատարանը հեռացավ ծանր որոշում կայացնելու: 

Բանն այն է, որ 2022թ. արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նախաձեռնել էր Դատական օրենսգրքում փոփոխություն, ըստ որի ՄԻԵԴ վճիռների հիմքով կարգապական վարույթներ կարող էին հարուցել նաև օրենքի ընդունումից 15 տարի առաջ կայացված վճիռներով: Սահմանադրական դատարանում վիճարկվում է օրենքին հետադարձ ուժ տալը, քանի որ այն ուղղակի հակասում է սահմանադրության 73-րդ հոդվածին: ՍԴ-ի կողմից դիմումը բավարարվելու դեպքում այն տարածվելու է ոչ միայն լիազորությունները դադարեցված դատավորների, այլ նաև այն դատավորների վրա, որոնք պատանդառվել են Գրիգոր Մինասյան - Կարեն Անդրեասյան տանդեմի կողմից և աշխատում են ուղղակի սպառնալիքի տակ:

Երևի դիմումի քննությունը ոչնչով չառանձնանար մյուս գործերից, եթե չուրվագծվեր մի պարզ իրողություն, թե իրավունքի հետ մակերեսային առնչություն ունեցող պաշտոնատար անձինք ինչպես են կարողանում մանիպուլացնել և Ազգային ժողովում անցկացնել տալ օրենսդրական նախագծեր իրենց ճաշակով ու քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունն էլ հիմնավորել բոլորովին այլ իրավական համակարգ ունեցող երկրների` Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի, կամ Մոլդովայի օրինակով /ի դեպ Մեծ Բրիտանիայում կարծես թե առանց սահմանադրության են ապրում և այլ երկրների կողմը չեն նայում (մեկ միասնական փաստաթուղթ չկա)/: 

Որպես Սահմանադրության հետ համապատասխանության հավաստում վկայակոչվել են նաև ՄԻԵԴ-ի` հարցի հետ ընդհանրապես կապ չունեցող որոշումներ: Բնականաբար ժամանակի մեքենայի շնորհիվ անցյալում ապրող մեր Ազգային ժողովն էլ Հայաստանի Սահմանադրությունը կարդալու փոխարեն հալած յուղի տեղ է ընդունել արդարադատության ոլորտում փիառի և մարկետինգի անգերազանցելի մասնագետ Կարեն Անդրեասյանի օրենսդրական նախագիծը, որն անհրաժեշտ էր վերջինիս իր քաղաքալան հայտարարություններն իրականացնելու համար:

Զարմանալի չէր ՀՀ ազգային ժողովի ներկայացուցչի մարտավարությունը և վարքագիծը, ով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ դրույթը փորձում էր հիմնավորել Հայաստանից տարբեր` ընդհանուր իրավունքի երկրների իրավական համակարգում առկա կարգավորումներով «հանրային շահով»:

Ազգային ժողովի ներկայացուցչին չէր կաշկանդում նաև իր աշխատած ստորաբաժանման բացասական եզրակացությունը օրենքի նախագծի վերաբերյալ և դիմող կողմի ու դատավորների հարցերին ի պատասխան ինքնամոռաց կրկնում էր իր գրավոր պատասխանում նշված, բայց և արդեն անհեթեթ դարձած պատասխանները:
Ինչ խոսք հանրային կառավարումը պետք է պայմանավորված լինի հանրային գերակա շահով, սակայն դա չի կարող առիթ հանդիսանալ որևէ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խախտմամբ «շահեր» հորինելու ու ներկայացնելու համար: Իրավական պետությունում բնակվող և գործունեություն իրականացնողի սահմանադրական իրավունքները չեն կարող սահմանափակվել, եթե այդպիսի արգելքը նախատեսված չէ Սահմանադրությամբ:

Սահմանադրական դատարանում պատասխանողի հիմնավորումներից նիստին մասնակցողները հասկացան նաև, որ Հայաստանի Սահմանադրությունը հասկանալու համար պետք է ուշադիր հետևել Մեծ Բրիտանիայի ու Միացյալ նահանգների օրենսդրությանը և ուսումնասիրել ՄԻԵԴ-ի վճիռներն ու հարց ու փորձ անել «հանրային շահի» մասին:
Պատասխանողի ներկայացուցիչը երևի տեղյակ չէր, որ ՄԻԵԴ-ն այնքան էլ հակված չէ ռևիզիայի ենթարկել կոնվենցիային միացած երկրների սահմանադրությունները, ուստի խուսափում է այդ հիմքով գնահատել իրավունքի խախտումները: Ինչև՝` մասնագիտական արժանապատվության ստանդարտին համապատասխանության պահանջն երևի ավելի արտահայտված պետք է լինի պետական հիմնարկների իրավաբանական ծառայություններում, որովհետև նրանք ոչ թե պետության կամ պետական հիմնարկի շահ են ներկայացնում այլ յուրաքանչյուր քաղաքացու, իսկ վիճակից դուրս գալու «շուստրիությունը» չի նպաստում պետական իշխանության նկատմամբ հարգանքի ու վստահության բարձրացմանը:

Ի դեպ, Սահմանադրական դատարանում շատ հազվադեպ երևույթ է, երբ դիմումը քննվում է բանավոր կարգով, ինչպես Սուրեն Անտոնյանինն էր։  

Արեգ Մարգարյան