Հայ ոստիկանները Ոսկեպարում՝ 1991-ին եւ 2024-ին

Հայ ոստիկանները Ոսկեպարում՝ 1991-ին եւ 2024-ին

Տեսնելով, թե Ոսկեպարում, Բաղանիսում ինչպես են վերաբերվում հայ ոստիկաններն իրենց այն հայրենակիցներին, ովքեր դուրս են եկել անհամաձայնություն հայտնելու, պայքարելու իրենց գյուղի, հայրենիքի տարածքները թշնամուն նվիրելու դեմ, կասկած է առաջանում, թե այդ ոստիկաններն արդյո՞ք ունեն հայկական ծագում, նրանց երակներով հոսում է հայի՞ արյուն: Բայց հայ ոստիկանները միշտ չեն այսպիսին եղել` նրանց նախկիններն անձնազոհության գնացին 1991-ին՝ հենց նույն Ոսկեպարում…

Պատմական ակնարկ․ 6-7-րդ դարերում հիմնված հայկական Ոսկեպարը տարբեր անուններ է ունեցել՝ Ոսկեպատ, Ոսկեբերդ: Կովկասի քոչվորների՝ ադրբեջանցիների համար այդ գյուղի տարածքները բարենպաստ արոտավայրեր էին: Նրանք հաճախ էին իրենց անասուններին բերում այստեղ՝ արածեցնելու: Երբեմն էլ իրենց կեցության համար փոքրիկ կացարաններ էին սարքում, որ տեղում գիշերեն: Հետագայում այդ կացարանները սկսեցին շատանալ: 1920-ականներին ադրբեջանցիները ցանկացել են գրավել եւ իրենցով անել Ոսկեպար, Այրում, Բաղանիս գյուղերը, սակայն չի հաջողվել: Իրենց անկատար երազանքը նրանք ցանկացան իրականացնել նաեւ 1991-ին: 1991թ. մայիսի 4-ը Հայաստանում հայտարարված էր ազգային սգո օր. Երեւանում՝ Ազատության հրապարակում, հրաժեշտ էին տալիս Թաթուլ Կրպեյանին եւ ապրիլի 30-ին Գետաշենում զոհված նրա մարտիկներին: Նրանք զոհվել էին «Կոլցո» օպերացիայի ժամանակ՝ կազմակերպված ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ՆԳՆ ստորաբաժանումների եւ Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ միլիցիայի հատուկ նշանակության ուժերի կողմից։ Դրանից մեկ օր անց` մայիսի 5-ի, լույս 6-ի գիշերը նույն օպերացիան կատարվեց Ոսկեպարում: Գյուղ մտնող բոլոր ճանապարհները փակվեցին: Օմոնը մտավ գյուղ, ու սկսվեցին խոշտանգումներ, սպանություններ, ավերածություններ: Այդ մասին իմանալով՝ Ոսկեպար շտապեցին Նոյեմբերյանի շրջանի եւ Կիրովականի միլիցիայի աշխատակիցներից կազմված խմբերը:

Նրանք ուզում էին անտառներով, զարտուղի ճանապարհներով մտնել Ոսկեպար եւ օգնել անպաշտպան մնացած գյուղացիներին: Սակայն, քանի որ օմոնականները շատ էին եւ գյուղն առել էին օղակի մեջ, հայ ոստիկանները նույնպես հայտնվեց շրջափակման մեջ: Նրանցից 11-ը տեղում դաժանաբար սպանվեցին:  Ըստ ականատեսի պատմածի, խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարեցին եւ ադրբեջանական օմոնին հանձնեցին նաեւ գյուղում գտնվող եւ բնակավայրը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկանի, ովքեր տեղափոխվեցին Կիրովաբադի՝ Գանջայի բանտ: Այստեղ նրանց նկատմամբ վարվում էին ամենավերջին դաժանությամբ. ամեն օր նրանց դուրս էին բերում խցերից եւ ծեծի ենթարկում ռետինե մահակներով: Նրանց կերակրում էին աղի ապուրներով, այնուհետեւ մի քանի օր ջուր չէին տալիս։ Կիրովականն այդ օրերին սգում էր իր որդիների հետ կատարվածի համար: Գերեվարվել էր նաեւ միլիցիայի կապիտան Կորյուն Մարգարյանը: Հետագայում, անմարդկային այս հանցագործության պատասխանատվությունից խուսափելու եւ միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար, կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանում լսումներ են անցկացրել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել։

Այսօր տարօրինակ ու հակասական է թվում երկու տարբեր հասարակարգերի  ոստիկանների պահվածքը. սովետական միլիցիայում ծառայող հայ ոստիկաններն ինքնազոհաբար պաշտպանում էին իրենց հայրենակիցներին ու սահմանը, իսկ անկախ Հայաստանի` նիկոլական ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառում սահմանների պաշտպանության համար պայքարող իրենց հայրենակիցների նկատմամբ:

Իրինա Վանյան