Պատասխան Ալեն Սիմոնյանին` ալենսիմոնյանական ոճով

Պատասխան Ալեն Սիմոնյանին` ալենսիմոնյանական ոճով

Լսում եմ Ալեն Սիմոնյանի ելույթը եւ հասկանում եմ, որ նրա արտաբերած բոլոր մտքերը պետք է իրենց ընդդիմախոսներն ասեին եւ շատ ավելի հիմնավոր մեղադրանքներ կլինեին`ուղղված այս հայրենավաճառ իշխանություններին:

Ասում է. «Իշխանափոխություն իրականացնելու համար որոշները պատրաստ են հոգին վաճառել և որոշներն արդեն վաճառել են ու ոչ միայն հոգին»: 

- Իշխանությունը պահելու համար որոշները պատրաստ են հոգին վաճառել եւ որոշներն արդեն վաճառել են ու ոչ միայն հոգին:

Ասում է. «Զարմանում եմ, որ մտածում եք՝ ժողովուրդը սեպտեմբերի 27-ից հետո չի հասկանում՝ որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են դա անում և նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր ինչ-որ կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես 30 տարի եղել է»:

-  Զարմանում եմ, որ մտածում եք՝ ժողովուրդը սեպտեմբերի 27-ից հետո չի հասկանում՝ որ ուժերն են ուղղորդում ՔՊ-ին, ինչի համար են դա անում, նպատակը Հայաստանի Հանրապետություն չունենալն է կամ ունենալ մի միավոր` թուրք-ադրբեջանական ինչ-որ կազմի մեջ, որը Հայաստանում կունենա հպատակ իշխանություն` պատրաստ կատարելու երկու թուրքական պետությունների ղեկավարների հրահանգները:

Ասում է. «Զանգում էին ու սպասում՝ կշնորհավորի՞, թե՞ ոչ, ընտրությունները կեղծում էին, բանակը թալանում էին: Երբ թալանում էիք ու գալիս էիք այն մարդկանց հետ, ովքեր զինվորների ուտելիքներն ու «կանսեռվեքը» գողանում էին, իրենց կողքը նստում քեֆեր էիք անում, չէիք մտածո՞ւմ, որ քարեր նետելու ժամանակից հետո գալու է քարեր հավաքելու ժամանակը»: 

- Զանգում եք տարբեր երկրների ղեկավարներին, Շառլ Միշելին ու Ուրսուլա Ֆոն Դեր Լյաեին, ԱՄՆ պետքարտուղարին, ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին` հրահանգներ եք ստանում, Ալիեւի բոլոր թելադրանքները կատարում եք, արեւմտյան գործիչներն էլ թփթփանում են մարդամեկի ուսին` հավանություն են տալիս ու աջակցում, որ հնազանդորեն անի: Պետական բյուջեն լափում եք` անարժան, ոչինչ չստեղծող մարդկանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ եք տալիս, աշխարհով մեկ բյուջեի հաշվին շրջագայում, գրանտներ տալիս, փողեր մսխում, հետն էլ պետությունը կամաց վերացնում, բա չե՞ք մտածում, որ քարեր նետելուց հետո գալու է քարերը հավաքելու ժամանակը: 

Ասում է. «չի ստացվելու, չենք թողնելու, որ ՀՀ-ն իր անկախությունը կորցնի»:

- Այո, թույլ չենք տալու, որ պետությունը վերացնեք ձեր խմբակով: Հազարամյակներ գոյատեւած հայ ազգին ոչնչացնեք, մեր ինքնիշխանությունը նվիրաբերեք ձեր` իշխանության մնալու ցանկությանը: Թույլ չենք տալու, որ մետր – մետր պակասեցնեք մեր երկրի տարածքը: Պատերազմից վախեցած` հանձնեք հողն ու հայրենիքը:
Ասում է. «Հայաստանի ժողովուրդն է ընտրություն կատարելու, դու չէ, Արթուր Խաչատրյան, Վիննի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ...Մանդատները դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»:
- Այո, Հայաստանի ժողովուրդն է ընտրություն կատարելու եւ Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Կապանի, Գորիսի...ընտրությունները վառ ապացույց են, որ ժողովուրդը ձեզ չի ընտրում: Ժողովրդին գժի, էշի տեղ պետք չէ դնել` նրանք երկիրը հանձնողներին, վախեցած, թուրքի տակ մտած իշխանություններին, երկրի անվտանգությունն ապահովելու անկարող ՔՊ-ին ու նրա առաջնորդին վաղուց են մերժել եւ առաջիկա ընտրություններում առավել եւս մերժելու են: Եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ ձայն է տալու, ինչու հանրաքվե չեք անում, Սահմանադրություն չեք փոխում: Իսկ ԱԺ ընդդիմության` մանդատները պահելը այսօր միայն ՔՊ-ին է ձեռնտու` գոնե ֆորմալ առումով դեմոկրատական երկրի իմիջը պահելու համար, որ տեսեք` մենք ընդդիմություն ունենք խորհրդարանում:
Ասում է. «Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում, Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է տալիս հարցազրույցի ժամանակ, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող է ծեծում, գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ»:

- Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Սիմոնյանը վիրավորում ու պիտակներ են կպցնում ընդդիմությանը, Արայիկ Հարությունյանն ու Տարոն Չախոյանը` սպառնում են, իշխանական բլոգերներն ու ՀԿ-ները` զրպարտող գրառումներ են անում, հարցազրույցներ տալիս, ֆեյքերի ֆաբրիկան օրուգիշեր աշխատում է` քոմենթներ գրում Բագրատ սրբազանի, եկեղեցու, ընդդիմության եւ իշխանություններին քննադատողների հասցեին: Իսկ լրագրող ծեծելը, միկրոֆոն խլելը, քացով օպերատորին խփելը դուք վաղուց եք կիրառել: Ալեն Սիմոնյան, դու էլ անձամբ լրագրող չես ծեծել, բայց տասնյակ լրատվամիջոցների դատի ես տվել, իսկ որոշ դեպքերում պարտվել: Թիկնապահներդ քաղաքացու ձեռքերը բռնել են, դու թքել ես նրա վրա, փողոցում քեզ վիրավորողին` գլխով ես խփել եւ ոչ մի դեպքում ձեր իրավապահները գործ չեն հարուցել, դու չես պատժվել, ձերոնցից ոչ մեկը չի պատժվել: Հիմա ամբիոնից դասեր ես տալիս ընդդիմությանը, իշխանություններին քննադատողներին:

Ասում է. «Մի անդրադարձ գլխավոր դատախազի ելույթին. ինչո՞ւ Վիննի Պուխն ու իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց դա էլ է ժամանակի հարց»:

-Ում դեմ կարողացել եք այս տարիներին գործեր հարուցել եք, ժամանակին քաղբանտարկյալ համարվող Նիկոլ Փաշինյանի օրոք քրեական օրենսգիրքը ամենաշատն է օգտագործվել քաղաքական գործիչների դեմ: Մարդկանց բանտում եք պահում` ոչինչ չանելու, միայն ձեզ քննադատելու, հայհոյելու համար, թեեւ` վիրավորանքն ու զրպարտությունը մեզանում ապաքրեականացված են: Առանց դատավճռի նախկին նախարար ու համայնքապետ ունեք` 3 տարի բանտում գտնվող: Իսկ նրանք, ովքեր նստած չեն` դա ոչ թե գլխավոր դատախազը կամ ձեր շեֆը չեն ցանկացել, այլ ուղղակի չեք կարողացել ձեւակերպում տալ, թեեւ` դուք 6 տարում ապացուցել եք, որ փողոցով անցնող ամեն պատահական մարդու նկատմամբ կարող եք գործ հարուցել ու նստացնել: Ինքներդ այս 6 տարում այնքան հաճախ եք օրենք խախտել, հանցագործություններ կատարել, որ իրականում ձեր նստելն է «ժամանակի հարց»: Եւ ատամներով իշխանությունից կառչել եք հենց այդ պատճառով` որ չպատժվեք ձեր գործած հանցավոր ավերածությունների համար:

Արեգ Մարգարյան