Ոստիկանը մե՞րն է որ…

Ոստիկանը մե՞րն է որ…

Իսկապես՝ ո՞ւմն է Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստ կրող անձը: Եվ ո՞ւմ շահերն է պաշտպանում նա: Հենց ՀՀ քաղաքացիների՞, թե՞ օտարների շահերը: Եվ, ի վերջո, ե՞րբ է ոստիկանությունը հայաստանյան, երբ ավելի քան 30 տարի առաջ, ջոկատ կազմած, գնում էր Տավուշի գյուղերը պաշտպանելո՞ւ ադրբեջանցիներից, թե՞ այս օրերին, երբ գնում է նույն Տավուշը պաշտպանողներին բերման ենթարկելու: Կարծում եմ, որ հարցը զուտ հռետորական բնույթ ունի. ոստիկանությունը մերն էր հենց այն ժամանակ, հենց նախկինների օրոք: Հաշվի առնելով, որ ոստիկանությունը միշտ ենթարկվում է իշխանությանը, արձանագրենք, որ մերժված նախկինների իշխանությունը հայկական էր: Այսօր կեղծ թավշյա ու կեղծ ժողովրդավարական իշխանությունը հայկական չէ: Եթե լիներ հայկական, ապա նախկինի նման ոստիկանը Տավուշ կգնար ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու համար: Եվ ոչ թե այսօրվա նման նրանց բերման ենթարկելու, որպեսզի ճանապարհ բացի ադրբեջանական զավթիչների համար: Այսպիսով, ոստիկանը մերն էր նախկինների օրոք, Նիկոլի վարչապետության օրոք ոստիկանը ծառայում է թշնամու շահերին:

Ի դեպ, նախկինում ոստիկանը ստանում էր այնքան, որքան մնացած ուժայիններն էին ստանում: Այսօրվա ոստիկանի աշխատավարձն ու պարգեւավճարը միասին մի քանի անգամ գերազանցում են, ասենք, սահմանը պաշտպանող պայմանագրային զինծառայողի վարձատրությանը: Սա այն հիմնական գործոնն է, որի շնորհիվ փոխվել է ոստիկանի ծառայության ուղղվածությունը: Չէ, փոփոխությունը կատարվել է կոնկրետ անձի՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից, սակայն ոստիկանը լռելյայն համաձայնել է այդ փոփոխությանը: Ինչպես ասվում է մեզանում՝ նա ընտանիք է պահում: Բայց եթե նախկինում վերջինիս կողմից ընտանիք պահելն անմիջական վտանգ չէր ստեղծում պետության համար, այսօր դա առկա է: Բայց այդ հանգամանքը, միեւնույն է, մնում է որպես գերակա մեր իրականության մեջ: Ոստիկանը չի գիտակցում, որ հայրենիքի հաշվին ընտանիք պահելը վտանգ է ստեղծում հենց այդ ընտանիքի գոյության առումով, ինչին մեր ժողովուրդն առնչվել է բազմիցս, բայց, դժբախտաբար, դասեր չի քաղել ու շարունակում է կրկնել նույն ճակատագրական սխալը:

Նախկինների օրոք, ավելի քան 10 տարի առաջ, աշխատանքի բերումով շփվել եմ ոստիկանական բաժիններից մեկի աշխատակիցների հետ՝ նրանց ղեկավարով հանդերձ: Մեկ այլ հարցով շփվել եմ նաեւ ոստիկանության կրթահամալիրի սպաների եւ ղեկավարության հետ: Ասեմ, որ աստծո գառներ չէին, բայց ադեկվատ անձնավորություններ էին: Ինչպես նաեւ ամբողջության մեջ հայրենասեր էին, քանի որ համակարգում դեռեւս մթնոլորտ էին ստեղծում արցախյան առաջին պատերազմի մասնակիցները: Պետք է տեղի ունենար «թավշյա» իշխանափոխություն, որպեսզի ասպարեզ իջնեին նորերը, որոնց առաջնային շարժառիթն անձամբ Փաշինյան Նիկոլին ծառայելն է, այլ ոչ թե պետությանը, ու դրա շնորհիվ «մարդավարի ընտանիք պահելը»: Հայրենիքի հաշվին ընտանիք պահելը…