Սկանդալ՝ ՌԴ-ի և Գերմանիայի միջև․ Բեռլինը ետ է կանչել դեսպանին

Սկանդալ՝ ՌԴ-ի և Գերմանիայի միջև․ Բեռլինը ետ է կանչել դեսպանին

Գերմանիան ետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով գերմանական ռազմա-արդյունաբերական ու օդատիեզերական ձեռնարկությունների դեմ կիբեռհարձակումների, ինչպես նաև Գերմանիայի իշխող կուսակցության դեմ գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը․ «Արտգործնախարարը խորհրդակցությունների համար Բեռլին է կանչել դեսպան [Օտտո] Գրաֆ Լամբսդորֆին»։

Ըստ խոսնակի, կիբեռհարձակումների հետևում կանգնած է APT 28 խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հետ: Լամբսդորֆն առնվազն մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում, որից հետո կվերադառնա Մոսկվա՝ հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Պաշտոնական Բեռլինի ներկայացմամբ, կիբեռհարձակումները, որոնք սկսվել են դեռ երկու տարի առաջ, ուղղված են եղել Գերմանիայի իշխող՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև լոգիստիկայով, ռազմա-արդյունաբերությամբ, օդատիեզերական խնդիրներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող գերմանական ընկերությունների դեմ:

Հաղորդվում է, թե APT 28-ը, որը հայտնի է նաև Fancy Bear անվամբ, օգտագործել է Microsoft Outlook-ի խոցելիությունը՝ էլ․փոստի օգտահաշիվները կոտրելու համար: Ըստ գերմանական կողմի, թիրախավորվել են նաև այլ երկրներ՝ Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան: