Սա նախկին-ներկայի, սեւ-սպիտակի կռիվ չէ, այսօր Հայաստանի լինելիության հարցն է լուծվում

Սա նախկին-ներկայի, սեւ-սպիտակի կռիվ չէ, այսօր Հայաստանի լինելիության հարցն է լուծվում

Հարցազրույց մոսկվաբնակ կիրանցեցի Արայիկ Ղազարյանի՝ Բուդուլայի Արոյի հետ: Նա եղել է Տավուշի զենիթահրթիռահրետանային դիվիզիայի հրամանատար, Կիրանցի եւ Տավուշի մյուս գյուղերի ինքնապաշտպանությանն է մասնակցել:

- Ձեր հայրը խորհրդային տարիներին երկար ժամանակ եղել է Կիրանցի գյուղապետը, կարելի է ասել՝ գլխավոր քարտեզագիրը: Դուք ի՞նչ եք հիշում այդ տարիներից, այն տարածքները, որոնք Փաշինյանը նվիրում է Ադրբեջանին, եղե՞լ են ադրբեջանցիներինը: 

- Խերըմլին եղել է պատմական հայկական գյուղ, բայց սովետական կարգերի օրոք տրվեց ադրբեջանցիներին, այդտեղ ադրբեջանցիներ էին ապրում: Մենք այն ազատագրեցինք 90-ականներին: Ես աչքս բացել եմ, տեսել եմ՝ կամուրջը մերն է եղել: Դրանից մի 15 մ հեռավորության վրա ցուցանակ կար, գրված էր՝ ճանապարհը սպասարկում է Իջեւանի ճանշինը: Իսկ դեպի Նոյեմբերյան գնացողի մոտ գրված էր, որ ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանշինը: Ես այդտեղ սովետական տարիներին չեմ հիշում, որ գրված լիներ, թե ճանապարհը սպասարկվում է Ղազախի Կամ Խերըմլիի կողմից: Էդ ո՞նց եղավ, որ պարզվեց՝ այդ ճանապարհներն իրենցն են: Ոսկեպարի եկեղեցու կողմերը բոլորը հայկական տներ են, անգամ սովետական տարիներին են եղել հայկական: Այդ ո՞նց եղավ, որ Նիկոլի թվին պարզվեց, որ եղել են Ադրբեջանինը: 

- Դուք կապ տեսնո՞ւմ եք տավուշցի գեներալ Անդրանիկ Մակարյանի, երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի, այստեղ ազդեցություն ունեցող այլ զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումների եւ Տավուշում ծավալվող իրադարձությունների միջեւ:

- Անպայման տեսնում եմ: Մակարյանը եղել է իմ կուրսեցին, փայլուն զինվորական: Գրիգորի Խաչատուրովը նույնպես շատ խելացի, հայրենասեր զինվորական է: Մինչեւ արցախյան պատերազմը Ադրբեջանը փորձեց Տավուշի վրա ոտնձգություններ անել, սակայն, ի պատիվ Խաչատուրովի, չկարողացավ: Նա կարողացավ կանխել, ու թշնամին շատ զոհեր տվեց: Այդ ժամանակ Խաչատուրովին ձեւական բարձր պարգեւի ներկայացրին: Դրանից հետո այս բարձր պարգեւ ստացող մարդը դառնում է կաշառակեր, պաշտոնեական դիրք չարաշահող: Նման մարդկանց գլխին սարքեցին, բանտ նետեցին, որ իրենց ձեռքերն իրենց դավաճանական գործողությունների համար ազատ լինեն: Նույնը՝ Միհրան Մախսուդյանին: Ժողովրդին մանիպուլացնում են. նրան ներկայացնում են որպես բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Մինչդեռ այդ մարդը բանակային կորպուսի շտաբի պետն էր ու այդ ժամանակ գտնվել է զինվորական հոսպիտալում: Այդպես են անում, որ Ազատ գյուղի հրդեհի պատասխանատու նշանակեն նրան ու մեղադրեն: Հիմա էլ որդուն են կալանավորել շինծու գործով: Պատերազմի ժամանակ Մախսուդյանի պապը, հայրը եւ եղբայրը մեկ օրում են զոհվել: Այսպիսի մարդկանց գլխին սարքում են, որ երկիրը մաս-մաս տան թշնամուն: Այսօրվա դրությամբ կան տղաներ, ովքեր զինվորական բարձր պաշտոնի են, հոգով դժգոհ են այս ամենից, բայց չեն բարձրաձայնում, քանի որ սա բոլոր ստոր ձեւերով կարող է մարդկանց վրա քրեական գործեր կարել։ Ինքն ամեն ստորության ընդունակ է: Ես երկար տարիների զինվորական եմ եղել, ծառայել եմ Շամաինում, Պառավաքարից մինչեւ Այգեձոր պոստեր եմ ունեցել, եղել եմ դիվիզիոնի հրամանատար, հրամանատարի տեղակալ ու տղաների հետ կապ ունեմ մինչեւ օրս, լավ տեղյակ եմ, թե ինչ դժգոհություն կա բանակի ներսում: 

- Բայց դեռ մարդիկ կան, ովքեր ծառայում են նրան ի սրտե: 

- Ովքե՞ր են այդ մարդիկ իրենց անցած ճանապարհով: Դրանք փողի համար ապրող մարդիկ են: Գեներալ կոչված Գագիկ Մելքոնյան կա, որ այսօր մեծ-մեծ խոսում է: Լավ, բա դու մոռացե՞լ ես, թե ոնց էիր թալանում Ստալիչնի պոլկը: Քարվաճառում էլ զինվորներին, ով փող չուներ, տանում էիր պոստեր, ով ուներ, փողը վերցնում էիր, պոստեր չէիր ուղարկում: Դու դեռ խոսո՞ւմ ես: Միքայելյան Սասունը մթամ դարձել է Երկրապահի ղեկավար ու ի՞նչ ա անում: Կոթիգեղացի Յուրան ո՞վ ա, որ վիլիսով քշում է ժողովրդի մեջ: Իրեն բան չեն ասում, քանի որ նիկոլական է: Իսկ անմեղ մարդկանց բռնում տանում են, թե պադպրիս են ջարդել: Ես պաշտոնապես դուրս եմ եկել Երկրապահից: Ու ասել եմ, որ նման Երկրապահի հետ որեւէ կապ չունեմ: Ես այն Երկրապահի հետ եմ, ով ժողովրդի հետ է: Չկա, ուրեմն ես առանց ժողովրդի եմ Երկրապահի հետ:

- Ի՞նչ սպասենք այս օրերի շարժումից:

- Շարժումը Բագրատ սրբազանի գլխավորությամբ գնում է Երեւան, եւ նպատակն այն է, որ կասեցնեն Հայաստանի կործանման քաղաքականությունը: Թող բոլորը մի կողմ դնեն նախկին-ներկա, սեւ-սպիտակի հարցերը, այսօր դրա ժամանակը չէ: Այսօր ազգի փրկության հարցն է, Հայաստանի փրկության հարցն է: Որոշ մարդիկ ժամանակին մտածեցին, թե Արցախը տանք, լավ կապրենք: Հիմա էլ կասեն՝ Կիրանցը տանք, խաղաղ ապրենք. չկա նման բան: Ես բոլորին խնդրում եմ՝ անկախ տարիքից, անկախ սեռից, չվախենալ ոչ մեկից, որովհետեւ մենք ուժեղ ենք միայն այն ժամանակ, երբ համախմբվում ենք: Եթե մենք այս թուրքամետ իշխանության դեմ դուրս չգանք, հաջորդ օրն ասելու ենք՝ վախ, Կիրանցն ընկավ, Բերքաբերն ընկավ, հետո Վարդենիսն ընկավ, ու այդպես շարունակ: Թուրքը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ: Թուրքն անընդհատ գալու է առաջ՝ մինչեւ Երեւան: Պետք է նրա դեմն առնել, քանի դեռ ուշ չէ: Սա իշխանության, պաշտոնի կռիվ չէ, սա գոյաբանական կռիվ է: Նիկոլին հեռացնելուց հետո թող ձեւավորվի անցումային ժամանակավոր կառավարություն, հետո լինի ընտրություն, ում ուզում են, թող ընտրեն: