Ինչպե՞ս կարելի է Ալիեւի հետ խաղաղության գնալ

Ինչպե՞ս կարելի է Ալիեւի հետ խաղաղության գնալ

Եթե ոչ հազարավոր, ապա հարյուրավոր տարիներ շարունակ հայ-թուրքական հարաբերություններն ընթանում են մի ճանապարհով. թուրքերը նենգաբար խաբում են, ունակ են ցանկացած սրիկայության եւ մշտապես ձգտում են հայի վերացմանը: Վերջին 30 տարվա ընթացքում էլ նա չի փոխել իր ռազմավարությունը հայերի նկատմամբ, ավելին՝ գնալով խորացնում է: Ես խոսում եմ ադրբեջանցիների եւ թուրքերի մասին, քանզի Ադրբեջանը նույն Թուրքիան է, գոնե՝ հայերի հարցում: Հայաստանի մոտ 200 քառ./կմ եւ ավելի տարածք օկուպացնելուց եւ Արցախը հայաթափելուց հետո, բնական է, Ադրբեջանի ախորժակն անսահմանորեն բացվել է, ու նա արդեն բացահայտորեն՝ առանց թաքցնելու, հայտարարում է, որ Տավուշ, որպես այդպիսին, չկա, դա ադրբեջանական Ղազախն է, որն ուզում են ստանալ, եւ ինչին լիովին համաձայնել է Հայաստանի իշխանությունը:

Եվ այս օրերին ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայ ժողովրդին երկար նիրհից հետո արթնացնելու համար է, որ առաջին քայլով իշխանափոխություն արվի, ապա կասեցվի այդ համաձայնագիրը, իսկ իշխանափոխությունից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր հիմքերը դրվեն։ 

Այսօր ամեն ինչ կախված է նրանից, թե հայ ժողովուրդը որքանով կհասկանա Հայաստանի վրա կախված վտանգը եւ մեկ մարդու նման ոտքի կկանգնի՞ այս արհավիրքի դեմն առնելու համար: Սիրելի ժողովուրդ, նորից ու նորից ահազանգում եմ` սա իրոք վերջն է, եւ եթե չարթնանանք ու միասնական ոտքի չկանգնենք, Հայաստանը վերջնականապես կկորցնենք։

Ցավոք սրտի, 2020-ից մինչ այսօր Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են միմիայն Ալիեւի ուզածով, ով վերջին 4 տարիներին մաս-մաս վերցնում է Հայաստանի տարածքները եւ ամեն առիթ օգտագործում է՝ որքան հնարավոր է շատ հայ սպանելու ու խոշտանգելու համար: Եթե սա համարվում է խաղաղության պայմանագրի կնքման ձգտում, ապա դա ինչո՞վ է տարբերվում պատերազմից: Ինչպե՞ս կարելի է նշույլ անգամ հավատալ հայակուլ Ալիեւին, որի բերանում ոչ մի ուղիղ խոսք չկա, ինչ ասել է հայերի եւ Հայաստանի մասին, բացարձակ ստեր են: 

Հայ ժողովուրդ, լրիվ կուրացե՞լ ես, չե՞ս տեսնում, որ Ադրբեջանի  եւ Հայաստանի իշխանությունները միասին քեզ ձեռք են առնում, իսկ դու դա չտեսնելու ես տալիս: Մի՞թե դու քեզ ընդհանրապես չես հարգում, եթե դեռեւս շարունակում ես հավատալ Ալիեւին եւ Հայաստանի իշխանություններին։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ