Ինչ գին ենք վճարում՝ ավելորդ քաշից «բուժվելու» համար․ Օզեմպիկը՝ վտանգավոր հրաշք

Ինչ գին ենք վճարում՝ ավելորդ քաշից «բուժվելու» համար․ Օզեմպիկը՝ վտանգավոր հրաշք

Արդեն երկու տարի է՝ «Օզեմպիկ» անվանումով դեղամիջոցն ակտիվորեն գովազդվում է համացանցում, ներկայացվում է որպես փրկություն, լավագույն ազատում ավելորդ կիլոգրամներից։ Գովազդային ալիքը խթանում են աստղերը՝ Քիմ Քարդաշյանը, Իլոն Մասքը, այլք, որոնք հրապարակավ հայտարարել են, որ նիհարել են օզեմպիկի շնորհիվ։

Եղել է շրջան, երբ պրեպարատի 1 ներարկումն արժեցել է 1000 դոլար։ Այսօր գներն արդեն այդքան բարձր չեն։ Ռուսաստանում օզեմպիկի 1 ասեղն արժե մոտ 7 հազար 500 ռուբլի, Հայաստանում գինը սկսվում է 100 հազար դրամից։ Առանց հատուկ սննդակարգեր պահպանելու էլ բավական է շաբաթական մեկ ասեղ օզեմպիկ ներարկվել, որպեսզի մարդը կորցնի ախորժակը եւ դրա հետ՝ նաեւ ավելորդ կիլոգրամները։ Գիրությունից «բուժումը» տեւում է մոտ 6 ամիս, սակայն հաճախ կիլոգրամները հետ են գալիս, երբ պացիենտը դադարում է ներարկվել։ 

Այսպես, շաքարախտի դեմ դեղամիջոցը, որը կրճատում է օրգանիզմի սննդային պահանջը եւ շաքարի պարունակությունն արյան մեջ, դիետոլոգների եւ էնդոկրինոլոգների թեթեւ ձեռքով դարձավ նիհարելու դեղ։ ԱՄՆ-ում այսօր ամեն երկրորդ պացիենտն աղաչում է իր բժշկին՝ իրեն օզեմպիկ նշանակել, բայց միաժամանակ մասնագետների շրջանում վեճեր են ընթանում։ Շատերը կարծում են, որ այս դեղամիջոցն առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ, վնասում է աղեստամոքսային համակարգը, նույնիսկ կարող է վահանաձեւ գեղձի քաղցկեղ առաջացնել։ Անգամ արտահայտություն կա՝ բայց օzempic-face, որն առաջանում է, երբ մարդու դեմքի ամբողջ ճարպային շերտն անհետանում է, այտոսկրերը տնկվում են, աչքերի տակ մեծ պարկեր են առաջանում։

Հայաստանում այս պրեպարատը գրանցված չէ։ Բայց օզեմպիկի պահանջարկը, ինչպես տեղեկացանք դեղ ներմուծողներից, մեզ մոտ բավականին բարձր է։ Այն մտցնում են երկիր՝ շրջանցելով մաքսային հսկողությունը։ Բժիշկներն էլ, տեղյակ լինելով, որ այս դեղը գրանցված չէ, այն ակտիվորեն նշանակում են նիհարել երազողներին։ 

«Այո, իհարկե, օգտագործում ենք այդ դեղամիջոցը։ Հենց այսօր ես մի ասեղ օզեմպիկի սրսկում ունեմ։ Բայց այն օգտագործելու դեպքում հատուկ ցուցումներ կան։ Այնպես չէ, որ նիհարելու համար միայն դա ենք նշանակում։ Կան որոշակի հետազոտություններ, որոնց դեպքում միայն եթե կան ցուցումներ, կիրառում ենք»,- ասում է «Ալտմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Տաթեւիկ Հովակիմյանը։ Ըստ նրա, նիհարել ցանկացողները Հայաստանում շատ են, այս դեղամիջոցի պահանջարկը մեծ է, բայց ներարկումներ կարող է անել միայն բժիշկը։ Նա բացատրում է, որ օզեմպիկը գրանցված է որպես երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեղորայք, բայց նաեւ ազդում է ինսուլինոռեզիստականության վրա, ընկճում է քաղցի զգացողությունը գլխուղեղում։ «Այդ դեղի ազդեցության տակ ինսուլինը սինթեզվում է այն ժամանակ, եթե գլյուկոզան արյան մեջ բարձր է»,- ասում է բժիշկը։ 

Հարցին, թե ինչու են բժիշկները նշանակում այս դեղամիջոցը՝ իմանալով, որ այն Հայաստանում գրանցված չէ, Տաթեւիկ Հովակիմյանը պատասխանեց, որ Հայաստանում այս դեղից չկա, իր պացիենտներն այն բերում են դրսից։ «Այդ դեղը շատ հակացուցումներ ունի։ Հայաստանում շատ դեղորայք կա՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետիկների համար, որոնք Հայաստանում գրանցված չեն, եւ այն անձինք, ովքեր դրսի հետ կապ ունեն, դրսից են գալիս, իրենց հետ բերում են այդ պրեպարատները։ Մենք պարտավոր ենք դրանց մասին իմանալ։ Միայն այն դեղերով, որոնք կան Հայաստանում, մենք չենք կարող դիաբետ բուժել։ Ցավոք, մեր պոլիկլինիկաներում ստիպված աշխատում են այն դեղորայքով, որը պետությունն է տրամադրում»,- ասում է էնդոկրինոլոգը։ Նա չգիտի՝ Հայաստանի դեղատներում վաճառվո՞ւմ է արդյոք օզեմպիկ։ 

Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը կարծում է, որ հարցը ոչ միայն օգտագործումն է, խնդիրը ստեղծում են հենց բժիշկները եւ առողջապահության նախարարությունը։ «Որեւէ անհատ ինքը չի գնա, մտնի դեղատուն, ասի՝ նիհարացման դեղ ի՞նչ ունեք, ու իրեն ասեն՝ գիտես, օզեմպիկ ունեմ, շպրից է, որի արժեքը հարյուրքանի հազար դրամ է։ Ես կասկածում եմ, որ որեւէ մեկը չի գնա այդ քայլին՝ առանց բժշկի նշանակման։ Բժիշկները նշանակում են, բնականաբար, իմանալով, որ դա գրանցված չէ, ու նշանակման ժամանակ էլ կարող է ուղղորդեն, թե որ դեղատնից վերցնեն։ Ցավոք, միայն օզեմպիկը չէ, կան հարյուրավոր դեղեր, որոնց հետ կապված իրավիճակը նույնն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը։ 

Այս պահին դեղերի շուկայում ահռելի ստվեր կա, շրջանառվող գրանցված դեղերի քանակը չի բավարարում բուժման մեթոդները լիարժեքորեն իրականացնելուն, եւ բժիշկները ստիպված են նշանակել Հայաստանում օֆիցիալ գրանցում չունեցող դեղորայք։ Անկախ դեղատների ասոցիացիան առողջապահության նախարարության հետ վաղուց պայքարում է, որ դեղերի գրանցումը լիարժեք ապահովվի, ինչի հետեւանքով դեղերի շուկան վերահսկելի կդառնա, իսկ դեղորայքի մասին տեղեկատվությունը՝ հանրությանը հասանելի։ «Կոնկրետ օզեմպիկը գրանցված չէ, բայց գիտեմ, որ ինչ-որ ժամանակ թույլատրում էին ներկրումը, չնայած գրանցված չէր։ Օրինական շրջանառության տարբերակով այն պտտվում էր, բայց ինչպե՞ս են թույլատրել, դա հարց է։ Առողջապահության նախարարությունը պետք է թույլատրի այդ դեղերի հասանելիությունը, որոնք կիրառվում են, անհրաժեշտ են, բայց պետք է նաեւ հրապարակեն, որ տվյալ դեղորայքը կարելի է օգտագործել այսինչ խմբի դիաբետիկների, բայց նիհարելու համար չի կարելի, որովհետեւ կարող է ինսուլինային խնդիրներ առաջացնել։ Ցավոք, այս ամենը չի արվում»,- ասում է Արթուր Խաչատրյանը։ 

Եվ քանի դեռ պետական մարմինները լիարժեք չեն աշխատում, յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինչ գին է վճարում գեղեցկության համար եւ ոչ միայն գումարային արտահայտությամբ։