Լինել, թե չլինել. ինչ են համոզում և ում են մեղադրում Բայդենի հարազատները

Լինել, թե չլինել. ինչ են համոզում և ում են մեղադրում Բայդենի հարազատները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը փորձում է համոզել նրան մնալ մրցապայքարում՝ նախընտրական առաջին հեռուստաբանավեճում խայտառակ ելույթից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության զրուցակիցների, նախագահի հարազատները կոչ են անում նրան շարունակել պայքարը և «միանշանակ աջակցություն» են հայտնել Քեմփ Դևիդում կայացած ընտանեկան հավաքի ժամանակ։
Ավելի վաղ NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենի հետագա մասնակցությունն ընտրարշավին կախված է նրա կնոջից՝ Ջիլ Բայդենից։

Բացի այդ, ԱՄՆ առաջնորդի ընտանիքը նրա օգնականներին է մեղադրել Թրամփի հետ կայացած հեռուստաբանավեճի տապալման մեջ, գրում է ամերիկյան Politico թերթը։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Բայդենի հարազատները կոչ են արել ամերիկացի առաջնորդին պաշտոնանկ անել կամ իջեցնել իր թիմի որոշ անդամների պաշտոնը, որոնց մեղավոր են համարում անհաջող հեռուստաբանավեճի համար։ Նրանց թվում են Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռոն Քլայնը և նախագահի փաստաբան Բոբ Բաուերը։ Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահը դժվար թե համաձայնի նման քայլի գնալ:
Բայդենի ընտանիքը, հատկապես նրա կինը՝ Ջիլը և որդին՝ Հանթերը, ըստ հրապարակման, հաստատուն ջատագովն են Բայդենի նախընտրական արշավի շարունակման:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ հեռուստաբանավեճ Բայդենի և նախընտրական մրցավազքում նրա հիմնական մրցակից Դոնալդ Թրամփի միջև։ CNN-ի հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակ է շնորհել Թրամփին։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել Բայդենի անհաջող ելույթի պատճառով: Ոմանք հույս ունեն նոր նախագահի թեկնածու գտնել Դեմոկրատական ​​կուսակցությունից՝ փոխարինելով Բայդենին: