Վանդալիզմի դեպքեր՝ մի շարք հուշարձանների տարածքում

Վանդալիզմի դեպքեր՝ մի շարք հուշարձանների տարածքում

12-13-րդ դարերով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունը վանդալիզմի է ենթարկվել։ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ միջնադարյան կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։
Ցավոք, նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Երեւան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։
Կոտայքի մարզի Լեռնանիստի՝ 13-20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցում էլ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցներն արձանագրել են խոշոր եղջերավոր անասունների մուտքը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին՝ խնամքով վերաբերվել պատմամշակութային հուշարձաններին ու պատմական միջավայրին, չբարձրանալ խոնարհված եկեղեցիների, վանքերի պատերին, մոմեր չվառել չնախատեսված վայրերում, որպեսզի չխաթարվի պատմական հուշարձանների տեսքը։