«Հրապարակ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ է

«Հրապարակ». Մարդիկ զարմացել էին, ասում էին` դեսպաններն այլ բան են մեզ ասում, փաստորեն, իրականությունն այլ է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն օրերս ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 31-րդ նիստում` «Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն» հանձնաժողովում: Խոսել է Հայաստանում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, խոսքի ազատության դեմ արշավի, լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության եւ բռնությունների մասին: Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ականներն աղմուկ են բարձրացրել` թիրախավորել պատգամավորին՝ մեղադրելով նրան պետության դեմ գործողություններ կատարելու մեջ: Զարմանալի չէ, որ մեր պետականությունը սուվերենության ամենացածր նիշին հասցրած Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հայաստանյան ավտորիտար բարքերի դեմ Եվրոպայում հնչած ելույթները համարում են պետության եւ պետականության դեմ արվող քայլեր՝ այդկերպ իրենց քաղաքական ուժին եւ ղեկավարին նույնացնելով պետականության հետ: Թեմայի շուրջ զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանի հետ: 

- Ձեր ելույթը հատկապես ցնցումների մեջ է գցել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին: Նա հատուկ Ձեզ նվիրված ուղիղ եթեր է պատրաստել՝ Ձեզ մեղադրելով պետության, պետականության դեմ արվող քայլերի մեջ: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ քաղբանտարկյալների մասին խոսելը, իրականությունն աշխարհին ներկայացնելը Հայաստանի պետականության դեմ քայլ է: Ինչի՞ մասին է խոսում նախկին լրագրող, այժմ պատգամավոր Հովհաննիսյանը, ով ԱԺ-ում խոստանում էր Ղազարյանի ականջն ու լեզուն կտրել:

- Պետականությունը կործանման եզրին հասցրած իշխանությունը, 5 հազար տղաների արյուն թափած, Արցախի ցեղասպանության պատասխանատու ուժը խոսում է պետականության մասին: Այս մարդիկ բացարձակապես ո՛չ պետականության, ո՛չ պետության եւ ո՛չ էլ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն: Փողոցից եկած քաղաքական ուժը պետք է նման փողոցային դատողություններ աներ: Եթե նրանց թվում է, որ կարող են Հայաստանում ոտնահարել մարդու իրավունքները, բռնաբարել ժողովրդավարությունը՝ Հայաստանը վերածելով ոստիկանական բռնապետության, եւ այդ մասին չպետք է բարձրաձայնվի, խորապես սխալվում են: Սրանք ոչ թե միամիտ են, այլ քաղաքականապես տգետ են, կարճատես: Նրանց համար Նիկոլ Փաշինյանն ու պետականությունը նույնականացվել են: Նորմալ երկրներում քաղաքական պատասխանատվություն կրում է ոչ միայն իշխանությունը, այլեւ՝ ընդդիմությունը: Սա նաեւ իմ երկիրն է, եւ եթե ես միջազգային հարթակներում ելույթներ եմ ունենում, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը: Այդ ճղճիմ բերյայական, 37 թվականին համապատասխան կեցվածքն ինձ չի հուզում, եւ եթե իրենց թվում է, որ ինչպես Հայաստանում են կարողանում լռեցնել ընդդիմադիրներին, այնպես էլ հիմա կարող են լռեցնել ինձ, խորապես սխալվում են աղետալի տգետները: Իրենք ո՛չ Հայաստանն են, ո՛չ էլ հայոց պետականությունը: ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության երեք մշտական հանձնաժողովների անդամներից մեկն եմ ես եւ կարող եմ բարձրաձայնել ՀՀ-ում առկա բոլոր մարտահրավերների մասին: Դրանց մեջ են մտնում նաեւ կործանվող պետականությունը, նահանջող ժողովրդավարությունը, խոսքի ազատության դեմ արվող քայլերը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էլ են արձանագրում, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն: Եթե դրանց թվում էր, որ նիկոլական կարճատեսությամբ պետք է այստեղ ծափահարեի կեղծ ժողովրդավարության համար, իսկ Հայաստանում մարդկանց ձեռք ու ոտք կտրեն, լրագրողներին խոշտանգեն, չարաչար սխալվում են: Ո՛չ քաղաքական, ո՛չ էլ մարդկային առումով ոչ մեկը նրանց չի տվել իմ տեքստերը խմբագրելու իրավունք: Ես մշտապես եղել եմ միջազգային հարթակներում, ինձ համար առաջնահերթություն է եղել մշտապես Արցախը: Անկախ նրանից՝ իշխանություն ենք եղել, թե ընդդիմություն, մեզ համար ամենակարեւորը եղել է Արցախի հիմնախնդիրը: Ես մարդու իրավունքներին նվիրված համաժողովի ժամանակ մարդու իրավունքների մասին եմ խոսել, բուն խոսելու թեման դա էր: Եթե ես այդ մասին չխոսեի, ինքս ինձ չէի հարգի: Ես ուրախ եմ եւ հպարտ եմ ինձ համար: Ընդդիմությունն այդքան ձայներ է ստացել, եւ ես պարտավոր եմ ներկայացնել, թե ինչ վիճակում է Հայաստանում ապրող ընդդիմադիր քաղաքացին, ինչերի միջով է անցնում: Ո՛չ արթուրիկները, ո՛չ էլ որեւէ մեկը չի կարող ինձ սովորեցնել, թե ինչ անեմ:

- Արթուր Հովհաննիսյանը Ձեզ մեղադրում է, որ Դուք չեք բարձրաձայնել հայ ռազմագերիների եւ օկուպացված տարածքների մասին:

- Այդ մասին պետք է այսօրվա ելույթի ժամանակ խոսեմ: Այսօր քաղաքական նիստն է լինելու: ՔՊ-ական հերթական ապուշ ստերն են դրանք: Սովորական ՔՊ-ական մանիպուլյացիոն ձեռագիր է: Շատ քիչ ժամանակ ունեի, որի ընթացքում պետք է խոսեի մարդու իրավունքների մասին, եւ ես խոսել եմ այդ մասին: Այսօրվա մեծ նիստում էլ խոսելու եմ Արցախի խնդիրների մասին, հատկապես` վերադարձի իրավունքի մասին, կարեւորելով արցախցիների վերադարձի իրավունքն ու մշակութային ժառանգության հարցերը: Դրանք այնքան անբարոյական են, որ շատ լավ իմանալով, որ երկու ելույթ եմ ունենալու, խեղաթյուրում են իրականությունը: Թեպետ ես իրենց հաշվետու չեմ, իրենց պետք էր իրենց բնորոշ անբարոյականություն անել` անում են, բայց ես թքած ունեմ: Ընդդիմության մանդատն եմ բարձրացնում այստեղ, դա իմ խղճի վրա է: Ոչ մի արթուրիկ չի կարող խմբագրել իմ համոզումները: Ես ընդհանրապես չեմ էլ հետեւում դրանց հայտարարություններին, չգիտեմ՝ ով ինչ է ասել: Ի՞նչ պայքարես ֆեյքերի ֆաբրիկայի դեմ: Ես ֆեյքի հետ քննարկելու բան չունեմ, համոզված եմ ճշմարտության առումով: Սմայլիկների, գիֆերի մակարդակի արարածներ են:

- Իսկ ի՞նչ արձագանքներ ստացաք Ձեր ելույթից հետո` գործնականում:

- Ծափեր եղան իմ ելույթից հետո, եւ դրանք նաեւ դա են ծանր տարել: Մի շարք երկրների պատվիրակների հետ, որոնց հետ ունեմ կապեր, զրույց եմ ունեցել` փաստարկված, տեսանյութերով տրամադրել եմ ամեն ինչ: Մարդիկ զարմացել էին, ասում էին, որ դեսպաններն այլ բան են ասում, փաստորեն, իրականությունն այլ է: Շնորհակալություն հայտնեցին, որ ներկայացրի իրականությունը: Նրանց հրավիրել եմ Հայաստան, խնդրել, որ նախքան զեկույցներ գրելը գան՝ տեղում տեսնեն իրականությունը: Աշոտ Սիմոնյանի խոշտանգման տեսանյութը ցուցադրեցի, պատվիրակության ղեկավարը հազիվ դիմացավ, որ աթոռից չընկնի: Այս արժեքներով էլ ուզում են մտնել Եվրամիություն: Շենգենի վիզա կաղկանձող դասակարգի համար ծամոն են դարձրել: Եվրոպայի դռները նման արժեհամակարգով մարդկանց համար պետք է փակ լինեն։