Իջի միտինգ՝ կոֆե պատիվ տամ

Իջի միտինգ՝ կոֆե պատիվ տամ

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը միաձայն ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման մասին» բանաձեւը։ Ընդհանուր առմամբ, բարձր գնահատելով Հայաստանի «շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը»՝ ԵԽԽՎ-ն նաեւ նշել է մի շարք թերություններ՝ որ ընտրական ոլորտի բարելավումը չի հանգեցրել իշխող մեծամասնության եւ ընդդիմության միջեւ առավել լավ համագործակցության ու փոխադարձ հարգանքի, դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահել են, եւ տպավորություն է ստեղծվել, որ դատավորների նկատմամբ վարույթները հարուցվում են՝ նրանց կառավարելի դարձնելու համար: Լրագրողներին դատի տալու մասին էլ գրել են, որ զրպարտության ապաքրեականացումը չի պաշտպանում մեզ դատական հայցերից։ Նաեւ անդրադարձ է արվել «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ 2022 թվականին հարուցված քրեական գործին։

Ինչպես հայտնի է, Չալաբյանը դատապարտվել է ազատության սահմանափակման` անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդված)։ Չալաբյանն առաջինն է, ում նկատմամբ կիրառվեց օրենսդրական այս փոփոխությունը, որը կատարեց ՔՊ-ական իշխանությունը, եւ որը ընդդիմադիրները համարում են հակասահմանադրական։ Ընդդիմությունը վաղուց է նկատել, որ իշխանության ձեռքին 236-րդ հոդվածը դագանակ է դարձել՝ քաղաքական օպոնենտներին պատժելու համար։ Դրանով է մեղադրանք առաջադրվել նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին։ Այն կիրառվում է համատարած, Երեւանում ու մարզերում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքների մասնակիցներից 17 հոգու մեղադրանք է առաջադրվել «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հոդվածով։ 
Եվ ԵԽԽՎ-ն իր զեկույցում մտահոգություն է հայտնել այս հոդվածի կապակցությամբ՝ նշելով, որ, խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, եւ քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։

Մեկ շաբաթ առաջ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցով դիմում կներկայացվի ՍԴ։ «Ակնկալիքները շատ չեն, քանի որ գիտենք, թե ինչ ՍԴ ունենք։ Վիճարկվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ՔՊ-ական իշխանությունը պահելու՝ իրավապահ մարմինների կարեւոր գործիքներից մեկն է թե՛ իրավական որոշակիության, թե՛ համաչափության տեսակետից, թե՛ հավաքների ազատության սահմանադրական ու կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից»,- ասել էր Մինասյանը։ Եվ իրոք՝ ընդդիմությունը մի անգամ արդեն վիճարկել է այս հոդվածը Քրեական օրենսգրքում այն ներառելուց անմիջապես հետո՝ 22 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել առաջին ատյանի դատարան՝ դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան՝ այդ հոդվածի սահմանադրականությունը քննելու համար, սակայն մերժվել էր։

«Մենք դիմել ենք հունիսի 21-ին, օրենքի համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում կքննվի վարույթ ընդունելու հարցը։ Նաեւ միջնորդություններ ենք ներկայացրել, որ վարույթ ընդունելիս միաժամանակ քննարկեն նորմը կասեցնելու հարցը»,- ասում է Արծվիկ Մինասյանը։ Այսինքն, այն չկիրառեն, մինչեւ դատարանի վերջնական որոշումը։
Հոդվածի ամբողջական անվանումն է՝ «Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»։

Հոդվածի երկրորդ մասը նկարագրում է հանցանքը․ «Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի, կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»։

Փաստացի, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու անվան տակ իրավապահներն ինչ ցանկանան, կանցկացնեն։ Նյութապես շահագրգռելու տակ կարելի է այս դեպքում հասկանալ ամեն ինչ, անգամ հավաքի մասնակցի հետ ավտոմեքենայով ցույցի գնալը կարող է դիտվել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն օրինակ է բերում․ «Եթե զանգեմ, ասեմ ընկերոջս՝ իջի միտինգի, ասի՝ հավես չունեմ, ես էլ ասեմ՝ մի հատ լավ կոֆե պատիվ կտամ, նյութապես շահագրգռել չէ՞։ Շահագրգռել է։ Բայց նորմա՞լ է, որ քրեորեն պատժելի լինի։ Այստեղ կարեւորն այն է, որ ընկերս իր ցանկությամբ գա, առանց հարկադրանքի։ Հոդվածում խնդիր կա, այն անորոշ հոդված է, իրավական որոշակիության սկզբունքին չի համապատասխանում։ Քննչական մարմնին տարաբնույթ մեկնաբանությունների լայն հնարավորություն է տալիս: Ում պետք է մեղադրանք առաջադրել` առաջադրում են, ում պետք չէ՝ չեն անում»։

Ինչպե՞ս է եղել, որ Վենետիկի հանձնաժողովը համաձայնություն է տվել այս հոդվածի կապակցությամբ։ Սխալը, ըստ փաստաբանի, հոդվածի թերի թարգմանությունն է։ «Երբ ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, խեղաթյուրել են «հարկադրանք» բառը, ենթադրաբար` դիտավորյալ։ Այնպես են թարգմանել, որ ստացվել է՝ «նյութապես շահագրգռելով, ստիպել»: Հարկադրելու տարր են մտցրել անգլերեն տարբերակի մեջ, իսկ հայերեն տարբերակի մեջ հարկադրանքի տարրը չկա։ Եթե հարկադրանքի տարրը չկա, դա լիովին տեղավորվում է հավաքների ազատության իրավունքի մեջ։ Մարդն ինքն է որոշում՝ սառը կապուչինոյի համար գնա՞ միտինգի, թե՞ չգնա»,- ասում է Վարազդատ Հարությունյանը։

Օրենքը կիրառվում է միայն ընդդիմադիրների դեմ։ «ՔՊ-ն բերում է, իր միտինգներին ավտոբուսներով մարդկանց լցնում է, ինչո՞ւ իրենց բան չեն անում, կամ էլ Երեւանի ավագանու ընտրություններին բլոգեր Արթուր Չախոյանը նկարել էր դպրոցի դասատուներին, որ կոլեկտիվով եկել են, ո՞նց եղավ, որ գոնե երկու ժամով մարդ չնստեց դրանով»։ Ի՞նչ կլինի այս անգամ ՍԴ-ում, մի անգամ մերժել են։ «Եթե վարույթ ընդունվեց, կարծում եմ, շատ հնարավոր է ՍԴ-ն նորմալ որոշում տա, որովհետեւ այս մասով նաեւ ԵԽԽՎ-ի զեկույցում կա, կարծում եմ՝ ապագայում նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ուշադրության կենտրոնում է լինելու այս հարցը»։

Մեզանում այսպես է, մինչեւ եվրոպացիք չեն բզում, սխալների ուղղում չի լինում։ Նույնը տեղի ունեցավ պետական պաշտոնյաներին եւ հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները քրեականացնող օրենքի հետ։ Այն մի ամբողջ տարի կիրառեցին, սոցցանցերը քրքրելով՝ քրեական պատասխանատվության էին ենթարկում բոլոր նրանց, ովքեր հանդգնում էին Փաշինյանի կամ նրա ընտանիքի մասին քննադատական մեկնաբանություններ կատարել։ 11 ամիս գործեց հոդվածը, որից հետո, երբ ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին հորդորեց ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը», այն չեղարկվեց։ Հիմա նոր պրակտիկա կա՝ Փաշինյանին վիրավորողներին խուլիգանության մեղադրանք են առաջադրում։ Սպասենք ԵԽԽՎ նոր արձագանքներին: