10 հոգով՝ 20 երգ

10 հոգով՝ 20 երգ

Արդեն չենք էլ զարմանում, երբ 10 հոգով իշխանության գլխին հայտնվածները 20 տարբեր երգ են երգում: Մեկը մի բան է ասում, մյուսն անմիջապես հերքում է նախորդին, իսկ վերջում իրենց շեֆը բոլորովին ուրիշ «իտոգ» է տալիս: Հեռու չգնանք` վերցնենք Եվրամիության հանրաքվեի հարցը: Նախ՝ էդ թեման իրենց կցված քաղաքական ուժերով ու գրանտակերներով ասպարեզ գցեցին: Մի մեծ աղմուկ բարձրացրին, թե` էսա Ռուսաստանից պոկվում ենք ու թռած գնում ենք դեպի Եվրոպա: Էնքան ոգեւորվեցին էդ սորոսական գրանտակերներն ու լուսանցքային մի քանի քաղաքական ուժերը, որ մեծ խաբարով Ազգային ժողովում լսումներ կազմակերպեցին: Հավաքեցին մի ամբողջ դահլիճ` Եվրոպայից փող ստացող, Եվրոպայի վիզա երազող, հակառուսականության պատճառով թունդ եվրոպամետ դարձած մարդկանցից, որտեղ է՛լ սովետի թվերի քաղբանտարկյալներ, է՛լ 2018-ին «իշխանության եկած» գրանտակերներ, է՛լ տարբեր կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող ու ոգեշնչվող քաղաքագետներ: Ու կպած քննարկում են Եվրոպա գնալու հարցով հանրաքվե անելու հարցը:

Ու սրանցից ոչ մեկը չի ասում, որ եթե անգամ էդ հարցը դրվի հանրաքվեի, ապա դա միայն անդամության թեկնածու դառնալուց հետո կարող է դրվել: Այսինքն՝ պետք է դիմես ԵՄ, ոնց որ Վրաստանն է դիմել ու ԵՄ անդամության թեկնածու դարձել, իսկ որոշ երկրներ տասնամյակներ անդամության թեկնածու են լինում, բայց այդպես էլ անդամ չեն դառնում, հետո` գաս քո երկրում հանրաքվե անես, ժողովրդին հարցնես` համաձա՞յն եք, որ գնանք մտնենք Եվրամիության կազմ: Ընդ որում, հանրաքվե անելը բոլորովին էլ պարտադիր չէ եւ պետք էլ չէ, եթե հասարակության մեջ դրան դեմ մարդկանց քանակը մեծ չէ:

Ինչեւէ, լսումները կազմակերպեցին` Եվրամիության դրոշը կախեցին ՀՀ խորհրդարանում, ռուսի սապոգն էլ դրեցին ամբիոնի վրա (կոշիկը հանել ու ամբիոնին, կարծեմ, մենակ ժամանակին Խրուշչովն է դրել` Ռուսաստանից պոկվողներին նայեք): Հետո մի քանի օրից էլ իրենց խորհրդարանի նախագահը, որ հիմա իսպանիաներում տժժում է` Fendi բրենդի մայկան հագին, չհասկանալով, որ խորհրդարանի ղեկավարի համար ամոթ է օտար բրենդ գովազդելը, Լատվիայում հայտարարեց, թե` մենք ԵՄ մտնելու հարցով հանրաքվե ենք անելու, եւ մեր ժողովուրդը կասի «այո»:
Ըհը` էստեղ եվրոպամետ գրանտակերներն ուրախացան. մեր ասածն անցավ, մենք սենց լուրջ հարցեր ենք լուծում: Ու մեկ էլ հանկարծ Նիկոլ Փաշինյանն իր ԱԺ նախագահին հերքեց, արեւմտամետներին էլ չափալախեց, թե հանրաքվե չի լինելու: Ո՛չ ՀԱՊԿ-ից են դուրս գալիս, ո՛չ ՀԱՊԿ նորմալ անդամ են, ո՛չ Ռուսաստանին են կարողանում «չէ» ասել, ո՛չ Ամերիկային: Սրանք էս ի՞նչ անողնաշար ու անուղեղ արարածներ դուրս եկան:

Արեգ Մարգարյան