Սահյանն ասում է՝ ի՜նչ ասեմ Սյունիք աշխարհ․․․

Սահյանն ասում է՝ ի՜նչ ասեմ Սյունիք աշխարհ․․․

Սա ևս իշխանության հնարքներից է։ Հ1- ը՝ հանձինս Պետրոսի, արդեն խոսում է ոչ թե շարժումը մարելու, այլ շարժման մարման պատճառների մասին։ Արդեն մարման մասին չեն խոսում, դա փաստ են համարում և պատճառների մասին են խոսում։ Իշխանության հապշտապությունը, շուտափույթությունը այնքան ակներև է, որ չեն կարողանում զսպել իրենց ներքին ցանկությունը, կասեի՝ հրճվանքը։ Մարդկանց հուսահատեցնելու, հիասթափեցնելու հերթական հնարքն է։ Պայքարելու, երկիրը փրկելու, հավատի  այն մեծ էներգիան, որ ամփոփված է մարդկանց մեջ , հարկավոր է կոտրել։ Վեց տարվա մեջ քանդելուց, ավերելուց, կոտրելուց, պառակտելուց, մահվան գույժերից բացի այլ բան տեսե՞լ եք այս իշխանությունից։ Բագրատ Սրբազանը մի լավ բան է ասում՝ եթե մարել է, ինչու՞ եք անհանգստանում։ Կարո՞ղ եք այս իշխանության օրոք մի բան ցույց տալ, որ չի մարել։ Իրենց մահվան բոթաբերությա՞մբ են հպարտանում, թե՞ իրենցից ազատվելու ժողովրդի անելանելիությամբ։ Գիտե՞ ք սա ինչի է նման։ Նմանօրինակ պատմություններ շատ ունենք, մեկը հիշեցնեմ։ Երբ թերթերը ժամանակին գրեցին, թե Մարկ Տվենը մահացել է, նա հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ իմ մահվան մասին լուրերը փոքր ինչ  չափազանցված են»: Նման բան չի եղել: Մարդիկ լռեցին ու համոզվեցին։ Բայց Հայաստանում լրիվ հակառակն է կատարվում։

Իշխանությունը շարժման մարումն է գուժում, շարժման առաջնորդը  պատասխանում է՝ շարժումը չի մարել։ Ու որ չի մարել՝ տեսնում, մասնակցում է հասարակությունը։ Ինքն է շարժման հիմքը։ Տեսնում է, որ շարժումը ոչ թե մարել, այլ բացում է թարախակալած  վերքը, որը իշխանությունը փակել է։ Դա բակտերիալ վարակ է, որին  մասնակցում են տարբեր տեսակի մանրէներ։ Ստանդարտ բուժումը դրանց հատումն ու դատարկումն է, բայց քանի որ պարզ չէ հիմնական հարուցիչը, դժվար է հեռացնել։ Ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն է կատարվում։ Կոնկրետ Սյունիքում ուլտրաձայնային հետազոտություն կատարվեց։ Սյունքից հեռու ապրողներին  հետաքրքիր էր ոչ թե մասնակիցների թիվը կամ Նիկոլ Փաշինյանը ինչքանով կարողացավ ճնշել, որ մարդիկ, պաշտոնյաները չմասնակցեն,   Սյունիքի իրական վիճակն էր հետաքրքիր, ու դա տեսանք․․․ Սյունիքի ցավը տեսանք, որը կոծկում է էր իշխանությունը։ Համո Սահյանն ասում է՝

Ի՜նչ ասեմ Սյունիք աշխարհ․․․ 

Այնքա՜ն շատ բան կա ասելու, որ մեծ բանաստեղծը  չգիտի՝ ինչ ասի․․․ Եթե քեզ պաշտպանելու շարժման մարումից են երկրի տերերն ուրախանում, մնում է Սահյանի նման մտածել, որ այնտեղ ապրող «հին հոտաղն է գառը մատաղիդ»։