Ակումբների ուշքն ու միտքը դրսի ֆուտբոլիստներն են, իսկ մեր երեխեքը դուրս են մնում

Ակումբների ուշքն ու միտքը դրսի ֆուտբոլիստներն են, իսկ մեր երեխեքը դուրս են մնում

Նախօրեին Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակի հասավ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ եւ 16 թիմերի կազմում կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու անունից շնորհավորել է երկրի հավաքականին՝ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակի համար, եւ հայտնել, որ Իվանիշվիլու բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի պարգեւավճար է հատկացնում թիմին։ Եվս 30 միլիոն լարի խոստացել են 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականին հաղթելու եւ հաջորդ փուլ դուրս գալու դեպքում։ Հարեւան Վրաստանում մեծ տոնախմբություն է, վրաց ժողովուրդն արդեն քանի օր է՝ ցնծության մեջ է: Եվ բնական է, որ Հայաստանում հարց են բարձրացնում` իսկ ինչո՞ւ է հայկական ֆուտբոլն այսքան վատ վիճակում, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան այդքան գումար է տնօրինում, ռեսուրսներ օգտագործում, սակայն մեր ֆուտբոլը պարտությունը պարտության հետեւից է կրում։ Զրուցել ենք «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանի հետ: 

- Վրաստանի փայլուն հաղթանակը հարց առաջացրեց` ինչպե՞ս է ստացվում, որ հարեւան երկրում ֆուտբոլը նման զարգացում է ապրում, իսկ Հայաստանում տարեցտարի նահանջում է:

- Էհ, ես ի՞նչ ասեմ, առաջին դեմքերը հիմա ուրիշ են: Հաղթանակը մի օրվա, երկու օրվա, երեք օրվա, մի տարվա գործ չէ: 15 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Փոքրուց մեծացրել, հասցրել են դրան: Դե հիմա մնացածը դուք մտածեք՝ որտեղից է խնդիրը գալիս:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ ահռելի գումարներ, ռեսուրսներ է ծախսում, բայց հայկական ֆուտբոլը ծանր վիճակում է: Ինչո՞ւ արդյունք չկա, ի՞նչն այնպես չէ:

- Այո, մի բան այնպես չէ: Համաձայն եմ: Որ ասում եք՝ զարգանալ, դա հիմնականում ակումբների անելիքն է, ակումբներն են լավ երեխեքից լավ ֆուտբոլիստ ստանում: 14-15 տարեկանում, երբ արդեն պիտի ֆուտբոլ խաղան, այ, այդտեղից պիտի ճիշտ ընտրություն կատարեն, ճիշտ ուղղության վրա դնեն:

- Ֆուտբոլի ֆեդերացիայի գործառույթը ո՞րն է, եթե ամեն ինչ պետք է ակումբներն անեն:

- Ֆեդերացիան պետք է կազմակերպչական աշխատանքներ կատարի, հո ֆեդերացիան ֆուտբոլիստ չի՞ պատրաստելու: Այսօրվա ղեկավարներն ի՞նչ են արել այս ընթացքում, ի՞նչն է պակաս եղել` կարող է մասնագետների ճիշտ ընտրություն չի կատարել, կամ այլ հարցեր կան:

- Իսկ ակումբներից ինչո՞ւ եք դժգոհ: Ի՞նչը ճիշտ չեն անում:

- Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ մեր հայ տղերքը պարապում, մեծանում, աճում են, գալիս է այն մակարդակը, որ պիտի խաղան, տեղ չկա, որ խաղան, ի՞նչ անեն` լրիվ դրսից են բերում: Ակումբների ուշքն ու միտքը դրսի ֆուտբոլիստներն են, արդյունքում` մեր երեխեքը դուրս են մնում: Ովքե՞ր են էսօր մեր առաջնությունում խաղում, նայում ես՝ 2 հոգին է հայ, մնացածը դրսից են: Օրինակ` «Ալաշկերտ», «Փյունիկ», 90 տոկոսից ավելին դրսի ֆուտբոլիստներ են, ի՞նչ եք ուզում բա:

- Իսկ պատճառը ո՞րն է:

- Դե, մեր երեխեքն էլ պիտի աճեն, գուցե նրանք մի քիչ ավելի ուժեղ են, բայց պիտի տեղ տան տղերքին, որ խաղան, տեղ չունեն…. ի՞նչ անեն:

- Մեր ակումբներին անգամ չեն թողնում՝ տեղի ստադիոններում խաղան, օրինակ՝ «Փյունիկին»: Իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբին խաղադաշտ են նվիրում:

- Դրանց խելքին մի ընկեք, ո՞վ է «Փյունիկին» ասել՝ աչքիդ վերեւն ունք կա, իրենք են ինտրիգ ստեղծում, ասում են` խաղից առաջ մեզ դաշտ չտվեցիք, բայց ո՞վ է նրանց բան ասել: Ի՞նչ կապ ունի էդ ամենը խաղի հետ, այ քեզ բան, գնացեք՝ ուրիշ տեղ արեք: Հայաստանում չկա՞ էլ ուրիշ ֆուտբոլի դաշտ` պարապելու համար, չի կարելի, ախր, թող գան իմ դեմը խոսեն, չեն կարա…. մեզ ոչ մեկը չի կարա խաբի: «Արարատի» մասին էլ չեմ կարա բան ասեմ, կոնկրետ չգիտեմ: Նվեր են տվել, լավ են արել, չի՞ հասնում: Վատ բա՞ն կա էդտեղ:

- Լավի ու վատի հարցը չէ, բայց ինչո՞ւ հենց նրանց:

- Ի՞նչ կա չհասկանալու, ես քեզ նվեր տամ, պետք է շնորհակալություն հայտնել:

- Մեկին խաղադաշտ չեն տրամադրում, մյուսին նվիրում են, այդպես լինո՞ւմ է:

- Ո՞վ ասեց, է, որ չեն թողնում: Հո ասելով չի: Վատ բան չկա նվիրելու մեջ: Ֆուտբոլը կզարգանա: Թող բոլորն էլ խաղան, ո՞վ է ձեռքներից բռնել, «Փյունիկն» իր ակադեմիան ունի, դաշտերն ունի, 2 հազար երեխա ունի:

- Այնուամենայնիվ, անկախ այս բոլոր խոսակցություններից, փաստ է, որ հայկական ֆուտբոլը զարգացում չի ապրում, իսկ վրացիները մեծ հաղթանակ տարան:

- Տեսե՞լ եք նրանց դաշտերը, տեսե՞լ եք, թե ինչեր ունեն: