Մի՞թե սա է ձեր երազած վերջը

Մի՞թե սա է ձեր երազած վերջը

2018 թվական. հեղափոխության ու հեղաշրջման տարի, «թավշյա և անարյուն հեղափոխության» տարի։ Տարի, երբ սկսվեց մեր բոլորի ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ժամանակը։ Դրանից հետո 1-1,5 տարի դանդաղ, բայց կարևորը «ՀՊԱՐՏ» քայլերով առաջ էր գնում, բայց...

Բայց մի պահ կանգ առավ, շրջվեց, կանգնեց հայի դեմ ու սկսեց հայատյաց քայլեր ձեռնարկել։ Մինչ 2020 թվականի Արցախյան երկրորդ՝ 44 (ավելի ճիշտ 45) օրյա պատերազմի ավարտը, Հայաստանի տարբեր անկյուններում, տարբեր վայրերում, գյուղերում քաղաքներում, նույնիսկ հանրապետության սահմաններից դուրս, հնչում էր մեկ նախադասություն. «Արցախը Հայաստան է և վե՛րջ…»,

Եւ վե՞րջ…

Մի՞թե սա է ձեր երազած վերջը, մի՞թե սա է ձեր երազած հայրենիքը, որ ցանկանում էիք տեսնել` բզկտված, մասնատված: Թե ինչպես է թուրք-բարբարոս-ազերին քո երկրից ինչ ցանկանում` տանում։

Մի՞թե սա էր ձեր ուզածը։

2020 թվականի Տավուշի դեպքերը, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը, 2022 թվականի Վայոց ձորի դեպքերը, ամեն ինչ տեղեկացնում էին, կանխավ բացահայտորեն ասում- զգուշացնում էին մոտալուտ արհավիրքի մասին՝ Արցախի ամբողջական հանձնման մասին, իսկ մենք, անտեսելով ու արհամարհելով էդ ամենը, շարունակում էինք ապրել։ 

Ապրել՝ սպասելով թե ինչ-որ մեկը մեզ կօգնի, ինչ-որ մեկը մեզ օգնության ձեռք կմեկնի, այնինչ կարող էինք մենք ինքներս մեզ օգնել, մեկս մյուսին օգնեինք, որպեսզի դուրս գայինք այս խոր թմբիրից, անդունդից։

Մենք չպետք է սպասեինք, որ ինչ-որ մեկը մեզ օգներ, այլ մենք ինքներս, մեր ներուժով, մեր ներքին ուժով պետք է պայքարեինք, պայքարեինք արդարության համար: Բայց մենք ոչինչ չէինք անում։ Մենք միայն խոսում էինք, քննադատում էինք, բայց ոչինչ չէինք անում։ 

Կային մարդիկ, ովքեր դուրս էին գալիս փողոց, գոռում էին, գոչում էին, ժողովուրդը մեկ օր նրանց մասին էր խոսում, բայց հաջորդ օրը նրանց մոռանում էին։ Մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք մոռացության մատնվեին, պետք է միանայինք նրանց, ամբողջ աշխարհի հայությանը համախմբեինք մեր շուրջ, փրկեինք ինքներս մեզ այս չարիքից, փրկեինք Մեր Արցախը, ազատագրեինք մեր հողերը։

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայեր, Հայաստանի և Արցախի անկախ հանրապետության իմ քաջ ժողովուրդ, մենք պետք է պայքարենք, ձեռք-ձեռքի տված, ուս ուսի տված, պետք է պայքարենք մինչև վերջ՝ չվախենալով ոչնչից, ոչ մի բանից, պետք է պայքարենք մինչև վերջ։ Եթե մենք ոչինչ չանենք, պատմությունը նորից կկրկնվի և 1915 թվականի ապրիլի 24-ը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ը նորից կկրկնվեն: Մենք պետք է թույլ չտանք, պետք է պայքարենք մինչև վերջ, պայքարենք ու հասնենք հաղթանակի ու հաջողության, ազատության ու արդարության։

Եւ ուրեմն՝
Կեցցե Հայաստանի անկախ հանրապետությունը,
Կեցցե Արցախի անկախ հանրապետությունը,
Կեցցե ՄԻԱՑՅԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ,
ԿԵՑՑԵ՛…

Նարեկ Խանյան