Նիկոլի վերջին հնարավորությունը

Նիկոլի վերջին հնարավորությունը

Գործող իշխանությունը չի դադարում գուժել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մարելը: Այս անգամ դա իր վրա է վերցրել Նիկոլի ընտանեկան լրատվական կայքը: Եվ, ի պատիվ հեղինակի, փորձել է գտնել տրամաբանական հիմնավորումներ: Ի տարբերություն Նիկոլի անհեթեթ ձևակերպման, թե մարելու պատճառն այն է, որ «ժողովուրդն ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը»: Բայց երևում է, որ հեղինակը ծանոթ չէ «սև կարապի» ֆենոմենի վերաբերյալ լիբանանանյան ծագմամբ ամերիկյան գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա (և այլն) Նասիմ Նիկոլաս Թալեբի աշխատությանը: Ինչի մասին բազմիցս եմ գրել թե՛ ՖԲ-ում և թե՛ «Հրապարակ»-ի էջերում: Գոնե այդ անձանց անվան ընդհանրությունը պետք է դրդեր համացանցում որոնում կատարելուն:

Ինչևէ, բազմիցս եմ գրել նաև, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ սրբազանի ներառվելն ու այն գլխավորելը հենց «սև կարապի» հայտնությունն էր հայոց երկնակամարում: Ինչի դեպքում տվյալ շարժումը կարող է գծել զիգզագներ, և ոմանց կարող է թվալ, թե դա մարման արտահայտությունն է: Իրականում շարժումը չի մարել և չի մարելու, քանի դեռ սրբազանը դուրս չի եկել դրանից: Սրբազանը, սակայն, դուրս գալու միտք չունի. նա իր անձով է մարմնավորում այդ շարժումը: Դրան գումարենք սրբազանի հայրենասիրությունն ու վճռականությունը: Դա, ի միջի այլոց, ճիշտ նույն երևույթն է՝ միայն հակառակ բովանդակությամբ, ինչ Նիկոլի ֆենոմենը: Իսկ Նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում, ինչպես կյանքն է վկայում, վերածվել է Հայաստանի անվտանգության սպառնալիքի: Փաստորեն, ինքը նույն «սև կարապն» էր, բայց որպես ժողովրդի բոլոր բացասական հատկանիշների ամբողջացում մեկ անձի մեջ և ըստ այդմ՝ չարիքի մարմնավորում:     

Բազմիցս եմ ասել նաև, որ Նիկոլը շատ կցանկանար որևէ տարբերակով չեզոքացնել սրբազանի գործոնը: Մեկն, իհարկե, նրան ձերբակալելն է՝ մինչ այդ որևէ սադրանք կազմակերպելով: Քանի որ մինչը այժմ դրան չի գնացել, այսուհետ ևս չի գնա: Որովհետև ինքն էլ է գիտակցում, որ դրա արդյունքում շարժումը ոչ թե մարելու է, այլ ավելի է հզորանալու: Սրբազանի սպանության տարբերակը չեմ քննարկում, քանի որ դա կլիներ գործող ռեժիմի ինքնասպանության վճիռը: Ու այդ պատճառով իշխանությանը մնում է շարժման  ակտիվիստներին առևանգելու և նրանց նկատմամբ քրեական գործեր կարելու տարբերակը: Ու, միաժամանակ, անընդատ տարփողելու, թե շարժումը մարել է: Եվ նույնիսկ հիմնավորելու, թե ինչ պատճառով է այն մարել: Իսկ որպես այլընտրանք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները հիշատակելը:

Վերադառնանք Նիկոլի ընտանեկան լրատվական կայքի հոդվածին: Հեղինակը հրաշալի տեղյակ է, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվում: Բայց փորձում է համոզել հակառակի մեջ: Եթե 2018 թվականի իշխանափոխությունից հետո դա այդպես լիներ՝ ինչպես ինքն է ներկայացնում, ապա պատերազմում պարտություն կրած երկրի ղեկավարը ոչ մի շանս չէր ունենա վերընտրվելու: Ասեմ ավելին: Դրանից հետո էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ չէր նշանակվի Նիկոլի երբեմնի օգնականը: Որին անձամբ ճանաչում եմ մեկ-երկու տասնամյակ, ու վստահ եմ, որ երկիրը դուրս կգա իր շավղից, բայց այդ անձը դուրս չի գա Նիկոլի խոսքից:

Ի դեպ, նախկինների օրոք ընդդիմության կողմից բազմիցս է հայտարարվել, որ ԿԸՀ նախագահ պետք է նշանակվի հենց ընդդիմության ներկայացուցիչը: Ենթադրում եմ, որ դրա առումով ելույթ ունեցած կլինի նաև իր ակտիվությամբ աչքի ընկնող, ընդդիմադիր գործիչ Փաշինյանը: Ինչը նշանակում է, որ եթե Հայաստանն իրոք լիներ ժողովրդավարական, ապա ԿԸՀ նախագահի պաշտոնում այսօր կլիներ ոչ թե Հովակիմյան Վահագնը, այլ որևէ ընդդիմադիր գործիչ: Եվ այդ դեպքում կարելի էր հույս ունենալ, որ, ի վերջո, Հայաստանում կարող է ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ: Բայց քանի որ ԿԸՀ նախագահը Հովակիմյանն է, ընտրություններով իշխանափոխությունը՝ այն էլ Նիկոլի վարչապետության պարագայում, կլիներ ֆանտաստիկայի ոլորտից: Եվ, ըստ այդմ, 2018-ից այս կողմ իբրև թե արդար ու ազնիվ ընտրություններ անցկացնելու մասին կարող են խոսել կա՛մ նիկոլականները և կա՛մ կույրերն ու խուլ-համրերը:

Բայց քանի որ կյանքը երբեք տեղում չի կանգնում, վախենամ, որ իշխանափոխությունն, այնուամենայնիվ,, տեղի կուենա, սակայն շատ ավելի ծանր հետևանքներով: Այնպես որ, եթե Նիկոլի տեղը լիներ ավելի գիտակից ու ադեկվատ անձնավորություն՝ նա բաց չէր թողնի ինքնակամ հրաժարական ներկայացնելու վերջին հնարավորությունը: Որովհետև, ինչպես սրբազանն էր ասել, Նիկոլը խոփն այս անգամ այլ քարի է դեմ առել: