Տեղատարափ անձրևին ոստիկանների հետ հենվել էի եկեղեցու պատին․․․

Տեղատարափ անձրևին ոստիկանների հետ հենվել էի եկեղեցու պատին․․․

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաք էր։ Չնայած տեղատարափ անձրևին, ֆուտբոլային շոուներին, մարդիկ հավաքվել էին։ «Էս ինչ անձրև է»,- երբ ուզում էի բողոքել, կողքիս կանգնած մի կին ասաց՝ ոչինչ, շաքար չենք, կդիմանանք։ Նայեցի նրա հպարտ, անսասան կեցվածքին ու համոզվեցի, որ հայ ժողովրդին բոլոր դեպքերում վիճակված է դիմանալ։ Տեղատարափի ժամանակ մասնակիցներին  սկսեցին բաժանել անջրանցիկ, անձրևապաշտպան  պլաշներ։ Թվում է՝ աննշան, փոքր քայլ է, բայց մարդիկ մի տեսակ իրենց պաշտպանված զգացին, որ նրանց մասին մտածում են։ Դա ես նրանց արձագանքներից եմ եզրակացնում։ Ոստիկանները, որ տարբեր կետերում հսկում էին Նիկոլի ասած «մարած շարժումը» , այս ու այն անկյունում թաքնված ջրվում էին։

Մի երկուսին կողքից հետևում էի, ասում էին՝ «սենց էլ բա՜ն կլինի․․․»։ Ոչ այն է՝ մտնեին եկեղեցու նեղ կամարների տակ, որտեղ ժողովուրդն էր հավաքված, ընդամենը մնում էր թաքնվել Նիկոլի դեռ չհատված սաղարթախիտ ծառերի տակ։ Երբ անձրևը մի քիչ մեղմացավ, գնացի ու հենվեցի եկեղեցու պատին, որտեղ միշտ ոստիկաններն էի կանգնում։ Անցում էր, մարդիկ գնում- գալիս էին, ու ես տեսնում էի, որ թրջվող ոստիկանների կողմը անգամ չէին նայում։ Մի տեսակ խռով էին, այնպես լա՜վ էր երևում։ Ինչևէ, ոստիկանների հետ եկեղեցու պատին էի հենվել։ Գիտե՞ք ինչ էի մտածում, որ նրանք «անտեր, թրջված հավեր են»։ Որ նրանք ոչ մեկի պետքը չեն։ Ոչ ժողովրդի, ոչ իշխանության։ Ժողովուրդն անտարբեր էր նրանց նկատմամբ, իշխանությունն էլ՝ փողով բերաններ է փակում։  Կարևոր չէ, ոչ փող են տալիս՝ մարդկանց ծեծելու համար։ Կարևորն այն է, որ նրանք աչքիս անտեսված թվացին․․․ Մարդկայնորեն ուշադրության կարոտ էին, նրանց նայում էր կամ ոչինչ չտեսնող կամ չարացած հայացքով․․․