Ինչ է ստանալու Հայաստանը ՆԱՏՕ-ի հրավերն ընդունելու դիմաց

Ինչ է ստանալու Հայաստանը ՆԱՏՕ-ի հրավերն ընդունելու դիմաց

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձեւաչափով միջոցառմանը եւ կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր եւ հաստատել է մասնակցությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Ռուսական մեդիափորձագիտական համայնքը սա համարում է հերթական մարտահրավերը, ընդ որում՝ շատ ցուցադրական մարտահրավեր, որը Երեւանը նետում է Մոսկվային։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով թեմային, նշել է, որ ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքու կատարած իր այցի ժամանակ էր դեռ հայտարարել, որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ստացել են հրավեր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարների կայանալիք հավաքին, եւ արձագանքել է միայն Հայաստանը։ Գագաթնաժողովը, հիշեցնենք, տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 9-11-ին՝ ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Քննարկվելու է նաեւ Ուկրաինային հատկացվելիք հետագա օգնության ու Կիեւի համար՝ դեպի ՆԱՏՕ «կամրջի կառուցման» հարցը։ Տարասովը կարծում է, որ Հայաստանը, ըստ էության, անմասն չի մնա այդ ամենից, եւ այդ լույսի ներքո պետք է դիտարկել Խորվաթիայում կայացած Արարատ Միրզոյան-Դմիտրի Կուլեբա բանակցությունները։ Այս ամբողջը, ըստ նրա, գործողությունների մեկ շղթա է կազմում՝ ցույց տալով, թե ինչպիսի հետեւողականությամբ է Երեւանն ընթանում դեպի Արեւմուտք։

Նկատենք, որ օրեր առաջ էլ, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, Երեւանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ բյուջեն՝ հայտարարելով, որ Հայաստանը ֆինանսական պարտականություններ չունի այդ կառույցի առաջ։ Հայաստանի ղեկավար շրջանակներում, ըստ ռուս փորձագետների, խանդավառված են այս ամենով եւ համարում են, որ Հայաստանի համար բացվել են նոր հնարավորություններ, այդ թվում՝ նաեւ ԵՄ-ին անդամակցության մասով։ Ըստ այդմ` չեն բացառվում նաեւ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները։ Այս ամենը, ըստ ռուս փորձագետների, լիովին Վաշինգտոնի սրտով է, հատկապես որ օվկիանոսի այն կողմում առանձնապես չեն էլ թաքցնում, ինչպես Տարասովն է ընդգծում, որ ցանկանում են Հարավային Կովկասում ձեռք բերել նոր դաշնակից, որն ամեն հարցում իրենց ենթակա կլինի եւ կաջակցի Հարավային Կովկասում Ռուսաստանին եւ Չինաստանին դիմագրավելու ամերիկյան ռազմավարությանը։ Այս ամենի ֆոնին, չի բացառվում, որ հաջորդիվ Երեւանը հայտարարի, թե դուրս է գալիս ՀԱՊԿ կազմից, ինչը շատ վտանգավոր է լինելու թե՛ տարածաշրջանի, թե՛ հատկապես Հայաստանի համար՝ ամփոփել է Տարասովը։