Բուլղար ուղղափառ եկեղեցին նոր պատրիարք ունի

Բուլղար ուղղափառ եկեղեցին նոր պատրիարք ունի

Բուլղար ուղղափառ եկեղեցու նոր պատրիարք է ընտրվել Վիդինսկու միտրոպոլիտ՝ 52-ամյա Դանիիլը։ Նա բուլղար եկեղեցու ամենաերիտասարդ բարձրաստիճան կղերականներից է, ով իրավունք ունի ընտրվելու որպես պատրիարք։
Միտրոպոլիտ Դանիիլը հայտնի է որպես Կոստանդնուպոլսի պատրիարքության քննադատ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Կիեւի գործող իշխանությունների գրպանային եկեղեցու) հակառակորդ եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ հարաբերությունների զարգացման կողմնակից։ Եկեղեցական հարցերով զբաղվող վերլուծաբանների եւ փորձագետների համար տեղի ունեցածը բավականին պարադոքսալ է եւ ինտրիգային։ Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով՝ ինտրիգային է հատկապես այն, որ նորընտիր Դանիիլ պատրիարքի գահակալության հանդիսության գլխավոր հյուրը լինելու է Կոստանդնուպոլսի, այսպես կոչված, «տիեզերական» պատրիարք Բարդուղիմեոսը, ով չափազանց դժգոհ է այն բանից, որ բուլղար եկեղեցու հովվապետ է ընտրվել միտրոպոլիտ Դանիիլը։ Ռուս ուղղափառ եկեղեցուց գահակալության հանդիսությանը մասնակցում է ՌՈՒԵ Արեւմտյան Եվրոպայի պարտրիարքական էքզարխ, միտրոպոլիտ Նեստորը։

Ալեքսեյ Մակարկինը, վերլուծելով բուլղար ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած պատրիարքական ընտրությունները, գրում է, որ դրանք երկաստիճան են։ Առաջին փուլում առաջադրվում են Սինոդի երեք անդամներ, որոնք կարող են ընտրվել իբրեւ պատրիարք՝ Սինոդի կողմից։ Յուրաքանչյուր թեկնածուի օգտին պետք է քվեարկի Սինոդի առնվազն ինը անդամ։ Երկրորդ փուլում արդեն վերոնշյալ թեկնածուներից ընտրվում է պատրիարք՝ Եկեղեցա-ժողովրդական ժողովի կողմից, որի անդամ կարող են լինել ինչպես կղերականները, այնպես էլ աշխարհականները։ Սինոդի կողմից առաջադրվել էին պատրիարքական տեղապահ միտրոպոլիտ Գրիգորին, ինչպես նաեւ՝ միտրոպոլիտ Դանիիլը (ընտրյալ պատրիարք) եւ միտրոպոլիտ Գավրիիլը։ Երկրորդ փուլ անցել են միտրոպոլիտներ Գրիգորին եւ Դանիիլը։ Միտրոպոլիտ Գավրիիլի կողմնակիցների մեծ մասը քվեարկել է այժմ արդեն ընտրյալ պատրիարք Դանիիլի օգտին։ Նկատենք, որ Դանիիլ եւ Գավրիիլ միտրոպոլիտները համարվում են ռուսամետ եկեղեցականներ։

Մակարկինը նշում է, որ բուլղար եկեղեցու Սինոդում գերակշռում են այն բարձրաստիճան կղերականները, որոնք կողմնակից են Կոստանդնուպոլսի Աթոռի հետ հարաբերությունների սերտացմանը։ Այստեղ հատկապես ազդեցիկ է Պլոդվիվի միտրոպոլիտ Նիկոլայը, ով իր երեք հովանավորյալներին կարողացել է հասցնել միտրոպոլիտի աստիճանի։ Սա նկատի ունենալով, ըստ ռուս քաղաքագետի, Դանիիլ պատրիարքի եւ Գավրիիլ միտրոպոլիտի ընտրությունն անհնարին կլիներ, եթե Սինոդը ներքին համաձայնության չգար։ Ուշագրավ է այն, որ ռուսների հետ հարաբերությունների վերաբերմունքի հարցը բուլղար ուղղափառ եկեղեցում լուրջ կոնֆլիկտների եւ պառակտման պատճառ կարող էր դառնալ։ Եվ նման բացասական երեւույթներից խուսափելու համար էլ, ամենայն հավանականությամբ, Սինոդի ներսում որոշակի փակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այդ պայմանավորվածությունների կայացման մասով, ըստ Մակարկինի, կարեւոր է եղել բուլղար եկեղեցու Ամերիկայի, Կանադայի եւ Ավստրալիայի միտրոպոլիտ Իոսիֆի դերակատարումը։ Վերջինս 81 տարեկան է եւ չի մասնակցում Սինոդի աշխատանքներին, սակայն չափազանց ազդեցիկ է բուլղար ուղղափառության մեջ։ Ուշագրավ է այն, որ միտրոպոլիտը 90-ականների եկեղեցական խժդժությունների ժամանակ եղել է հանգուցյալ Մաքսիմ պատրիարքի կողմնակիցը։ Նորընտրիր Դանիիլ պատրիարքն էլ իր հարցազրույցներից մեկում հղում է կատարել հանգուցյալ Մաքսիմ պատրիարքի փորձառությանը։ Հիշեցնենք, որ Մաքսիմ պատրիարքին ժամանակին բուլղար հասարակության արեւմտամետ հատվածը մեղադրում էր կոմունիստների հետ գործակցության մեջ։ Վերլուծաբանները համարում են, որ նորընտիր Դանիիլ պատրիարքն Իոսիֆ միտրոպոլիտի աշակերտն է, աշխատել է որպես նրա փոխանորդ Ամերիկայի թեմում, իսկ հետո նրա աջակցությամբ դարձել Վիդինյան թեմի առաջնորդ։ Մակարկինը կարծում է, որ, բացի Սինոդի ներսում ձեռք բերված կոմպրոմիսից, մեծ դերակատարում է ունեցել նաեւ ժողովրդական գործոնը։ Բուլղար հավատացյալների մոտ Կոստանդնուպոլսի հանդեպ վերաբերմունքը շատ ավելի բացասական է, իսկ ռուսների հանդեպ կա դրական վերաբերմունք, հատկապես որ Ռուսաստանն է եղել օսմանյան լծից Բուլղարիան ազատագրողը։ Սա է պատճառը, որ Կոստանդնուպոլսի Աթոռի հետ սերտացմանը կողմնակից բարձրաստիճան կղերականները նույնիսկ փորձում են զերծ մնալ Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատություն հնչեցնելուց՝ հավատացյալների դժգոհությունն իրենց դեմ չհարուցելու համար։

Ներկա իրավիճակում, ըստ Ալեքսեյ Մակարկինի, բուլղար ուղղափառ եկեղեցում կարծես թե Սինոդի մակարդակով որոշակի բալանս ձեւավորվել է, եւ որոշումներ կայացնելիս հարկ կլինի բոլոր «թեւերի» կարծիքը հաշվի առնել։ Չմոռանանք, որ բուլղար ուղղափառ եկեղեցու վրա որոշակի ազդեցություն ունի նաեւ Բուլղարիա պետությունը, սակայն տեղի քաղաքական համակարգի բազմաբեւեռայնությունը բացառում է, որ որեւէ քաղաքական ուժ կարողանա եկեղեցու վրա տիրապետող ազդեցության հասնել։ Սա իր հերթին բերում է նրան, որ ներեկեղեցական հարցեր կարգավորելիս եկեղեցին օգտվում է կատարյալ ինքնուրույնությունից։ Այնուհանդերձ, ըստ Մակարկինի, Դանիիլ պատրիարքի ընտրությունը պետք է համարել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հաջողությունը, ում օգտին քվեարկել են ձախ ուժերը։