Քաղաքապետարանը թքած ունի ԿԳՄՍՆ կարծիքի վրա

Քաղաքապետարանը թքած ունի ԿԳՄՍՆ կարծիքի վրա

Երեւանի գլխավոր հատակագծի մշակման նոր կարգը խնդիրներ է ստեղծում նաեւ հուշարձանների պահպանության հարցում։ Հուշարձանների, դրանց պահպանական գոտիների մասով նախագիծը մշակած մարմնի` քաղաքապետարանի դիրքորոշումն ի շահ հուշարձանների չէ։ Օրինակ, նախագծի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի դիտարկումը, ըստ որի՝ ներկայացված նախագծում ընդգրկված փոփոխություններն ընդունելի չեն, քանզի դրանք չեն արտացոլում հուշարձանների պահպանական գոտիները եւ կհանդիսանան խնդիրների առաջացման հիմք, չի ընդունվել: Սրանով քաղաքապետարանը կանաչ լույս է վառում կառուցապատողների եւ ոչ միայն նրանց համար, քանի որ նախկինում ամրագրված էր, որ ելակետային տվյալների մեջ պետք է լինեն պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիները, հիմա՝ ներկայիս նախագծի մեջ դարձել է այնպես, որ պետք է լինեն միայն հուշարձան-շենքերը, իսկ դրանց պահպանական գոտիները ցույց չեն տրվելու: Մինչդեռ պահպանական գոտիներն ընդգրկում են ոչ միայն բուն հուշարձանը, այլեւ դրա շրջակա տարածքը, որտեղ ուշադիր պետք է լինեն կառուցապատման ժամանակ։

Վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Արմեն Աբրոյանի գնահատմամբ՝ ներկայացվել է շատ վտանգավոր նախագիծ․ «Վտանգավոր՝ այն առումով, որ քաղաքական ուղղվածությունը տանում է հուշարձանների պատմական միջավայրի պահպանության հիմք հանդիսացող փաստաթղթերի դրույթների անտեսմանը։ Այնինչ քաղաքաշինության մասին օրենքում էլ են ամրագրված հուշարձանների պահպանական գոտիների հիմնական տեսակները։ Իրենք աշխատում են դա բացառել ու դուրս մղել, նույնկերպ արեցին 2010-ին հաստատված գոտիների նախագիծը՝ համարելով այն անվավեր։ Այնինչ մենք նախադեպ ունենք եւ դատարանում այդ հիմքով դատական ակտ ունենք։ Այդ ժամանակ դատական նիստերին ինձ էին լիազորել, որն ավարտվեց ի շահ մշակույթի նախարարության, որովհետեւ դատական բոլոր գործընթացներում հիմք էր հանդիսանում Երեւան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծով կազմված պահպանական գոտիների նախագիծը։ Այսինքն՝ հիմքն օրինաչափ համարվեց, որի հիման վրա էլ ի շահ հուշարձանի արգելվեց, որ պատմական միջավայրի հարակից շինությունում պատուհանը դուռ դարձնեն։ Այդ շենքն Ամիրյան փողոցում էր գտնվում՝ Պրոսպեկտից հրապարակ տանող ճանապարհին, որը հուշարձան էլ չէր, բայց ուներ արժեքավոր ճակատ եւ հուշարձանին հարակից շինություն էր՝ պատմական կենտրոնում էր գտնվում։ Քննարկվում էին այդ օբյեկտի՝ արժեքավոր ճակատ լինելու իրավական հիմքերը, որը չկար, ըստ գրված օրենսդրական փաստաթղթերի, բայց քանի որ գոտիների նախագիծը թույլ է տալիս պատմական միջավայրի պահպանության համար մասնագիտական չափորոշիչներ, այդ հիմքով մենք հաղթեցինք այդ դատական գործընթացում, եւ հիմքը համարվեց հուշարձանների պահպանական գոտիների նախագիծը: Այս օրինակը բերեցի նրա համար, որ Երեւան քաղաքում հուշարձանների պատմական միջավայրի պահպանության փաստաթուղթն անվավեր են համարել՝ ոչ իրավաչափ լինելով»։

Ա․ Աբրոյանն ասում է՝ տեղյակ չէ, թե այս նախագծով ինչ նպատակ են հետապնդում, բայց ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունն ուզում է ազատվել պահպանական գոտիներից․ «Քաղաքաշինական գլխավոր փաստաթղթից՝ քաղաքի գլխավոր հատակագծից դուրս են մղում այդ պահպանական գոտիները, որպեսզի ինչ ուզեն, այն էլ անեն, մինչդեռ հուշարձանների պատմական միջավայրը նույնչափ կարգավորված է եւ պարտադիր է պահպանության ու օգտագործման առումով, ինչքան որ հուշարձանը։ Այսինքն՝ հուշարձան պահելը չի նշանակում միայն տվյալ հուշարձանը պահպանելը, դա նաեւ տվյալ ոլորտի օրենքի վերնագրից էլ է երեւում՝ «հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանություն», ասել կուզի՝ նույն դասի, նույն կարեւորության 2 օբյեկտի է դա վերաբերում։ Այդպես է ողջ աշխարհում, էլ չասեմ միջազգային այն կոնվենցիաները, որին մենք միացել ենք»։

Վերականգնող ճարտարապետն ընդգծում է՝ գլխավոր հատակագծից հուշարձանների պահպանական գոտիները դուրս թողնելով՝ քաղաքաշինական գլխավոր փաստաթուղթը մեր մյուս օրենքների կամ միջազգային կոնվենցիաների հետ հակասության մեջ է մտնելու․ «Արդեն հակասություն կա, այն առումով, որ քաղաքաշինության մասին օրենքով նշվում են գոտիների հիմնական տեսակները, որն արդեն պետք է ամրագրված լինի։ Միջազգային կոնվենցիաներն էլ չեն ասում՝ դու գոտի գրի, իսկ դու՝ ոչ, պետությունն է իր վրա վերցնում այդ գործառույթն ու պարտավորվում դա անել։ Հիմա պետությունը պարտավորություն է վերցրել՝ կոնվենցիայով դա ապահովել, բայց այս դեպքում չի ապահովում։ Կոնվենցիան այս մասով է խախտվում, մեր օրենսդրությունն էլ՝ իր հերթին։ Այսինքն՝ ներկայացվել է ոչ իրավաչափ փաստաթուղթ, առավել եւս, որ տվյալ լիազոր մարմինն ասում է՝ պետք է գոտիները եւս ներառես, բայց նախագիծը մշակող մարմինն ասում է՝ ոչ, դա ձեր գործառույթն է, բնապահպանականը՝ բնապահպանության գործառույթն է, կրթականը՝ կրթականի։ Բայց այդպես ո՞նց կլինի, գլխավոր հատակագիծն էլ միայն քաղաքապետի՞նն է, կամ քաղաքապետն այդ ոլորտներում գործառույթ չի՞ անում այդ փաստաթղթով։ Այդ փաստաթուղթը պետք է ներառի բոլոր գործառույթները։ Ես 7 տարի պլանավորման բաժնի աշխատակից եմ եղել եւ կարող եմ վստահաբար ասել, որ գլխավոր հատակագծի տվյալ փաստաթղթով պետք է ապահովել բոլոր բնագավառների կենսագործունեությունը, որոնք առնչվում են մարդու կենսամիջավայրի ապահովման պահանջներին։ Բայց ստացվում է, որ գլխավոր հատակագծով անտեսում են պահպանական գոտին, որը մարդը ման գա՝ չի գտնի։ Մինչդեռ գլխավոր հատակագծով մարդը պետք է տեսնի, թե իր կենսամիջավայրում ինչ պահանջներ կան։ Վաղը որ ասես՝ սա չի կարելի, քանի որ սա պատմական միջավայր է, քեզ ասելու են՝ ո՞ւր է, գլխավոր հատակագծում չկա։ Այդ առումով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, ճիշտ է նկատել վտանգները, բայց քաղաքապետարանն էլ ասում է՝ ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա, լիազոր մարմին։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել, հասկացանք՝ տեղական իշխանություն է, բայց չի կարող այդպես օրենսդրական խախտում անել կամ պահանջը բացառել ու դուրս թողնել։ Գլխավոր հատակագծի հետ կապված, նույն սողանքների մասով էլ կարող են ասել՝ դա ԱԻՆ-ի գործառույթն է, եւ թող ԱԻՆ-ը մտածի՝ ես սողանք ունեմ, թե ոչ, այնինչ սողանքային գոտում չես կարող կառուցապատում անել: Նույնձեւ տվյալ պահպանական գոտում պետք է ռեժիմ լինի՝ սահմանափակումներ, կարո՞ղ ես, թե՞ ոչ, կամ ինչքա՞ն կարող ես եւ ինչքա՞ն չես կարող, ի՞նչն է թույլատրելի, դրա  օգտագործման ձեւերը, բազմաթիվ հարցեր կան։ Սա տվյալ լիազոր մարմնի՝ քաղաքապետարանի հանդեպ անկամք, անկամ, նաեւ անուժ լինելու մասին է խոսում»։

Մասնագետի կարծիքով՝ վատ է, որ նախագիծը հանրային քննարկման չի դրվել, եւ մասնագիտական հանրությունն անտեղյակ է խնդիրներին․ «Այն, որ դա հանրության համար է, բայց հանրությունը դրանից տեղյակ չէ, արդեն լավ չէ ու անթույլատրելի։ Դա նման է նրան, որ գան ու ասեն` տանդ սանհանգույցը նորոգում ենք, իսկ տանտերը դրանից տեղյակ չէ, չգիտի դրա ռիսկերը՝ նորոգո՞ւմ են, քանդո՞ւմ են, թե՞ գողություն են անելու։ Ո՞նց կարելի է մեկնաբանել մեկին վերաբերող գործընթացը՝ նրան տեղյակ չպահելով»։