Կիևում մահացել է ղազախ հայտնի գործիչը. նախագահին են մեղադրում

Կիևում մահացել է ղազախ հայտնի գործիչը. նախագահին են մեղադրում

Կիևում մահացել է ղազախ ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր, ԲԱՍԵ տեղեկատվական ալիքի ղեկավար Այդոս Սադիկովը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ լրագրող Նատալյա Սադիկովան։

«Այդոսը իր կյանքը տվել է Ղազախստանի համար, վախճանվել է մարդասպանների ձեռքով: Տասներեք օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կռվել է իր կյանքի համար, բայց նրա մահը Տոկաևի խղճի վրա է»,-ֆեյսբուքում գրել է Նատալյան:

Այդոս Սադիկովի դեմ մահափորձը տեղի է ունեցել հունիսի 18-ին՝ Կիևում նրա տան բակում։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հարձակվողը մոտեցել է մեքենային, որում եղել են բլոգերն ու նրա կինը, և կրակել Սադիկովի վրա։ Բլոգերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կինը չի տուժել։

Կասկածյալները Ղազախստանի երկու քաղաքացիներ են՝ Ալթայ Ժականբաևը և Մեյրամ Կարատաևը։ Մահափորձից հետո նրանք անհետացել են, ապա մեկնել Մոլդովա։ Հունիսի 22-ին Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ժականբաևը հանձնվել է իրավապահներին:

Ուկրաինայում Ալթայ Ժականբաևն ու Մեյրամ Կարատաևը հեռակա ձերբակալվել են. նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:

Ղազախստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Սադիկովի դեմ մահափորձի մեջ կասկածվողին չեն արտահանձնի Ուկրաինային։