Կալավանում իր համար ապրում էր, Սյունիքի մարզպետ ես դրել, որ ի՞նչ․․․

Կալավանում իր համար ապրում էր, Սյունիքի մարզպետ ես դրել, որ ի՞նչ․․․

Կալավանը Գեղարքունիքի մարզի ամենահեռավոր գյուղերից է։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի ընթացքում ընտանիքով Կալավան է գնում՝ հանգստանալու։ Կալավանում «գտնում է» Ռոբերտ Ղուկասյանին, ու բերում,  դնում է իր խորհրդական։ Հեքիաթն այստեղ էլ պիտի վերջանար։ Ավելի ճիշտ իր հայրենասիրական  շոուն պիտի ավարտվեր։  Հանրությունը տեղեկացավ, որ Նիկոլը շատ «փխրուն սիրտ ունի» , և շրջագայությունը արդյունք է տվել։ Կալավանցի Ռոբերտին, ով գյուղի  դպրոցի միակ աշակերտն է եղել, «գտել ու բերել է»։  Այդ փոքրիկ,  մի աշակերտ ունեցող գյուղի համայնքապետարանի օգնականին բերում ու դնում է ՀՀ վարչապետի օգնական։ Հեղափոխությունից հետո նման նշանակումները ողջունում ու ծափահարում էին։ Մի քիչ «թևի տակ աճեցնելուց հետո» 2022 թվականին նշանակում է Սյունիքի մարզպետ։ Ուրիշ էլ ո՞վ կարող էր հլու- հնազանդ նրան ծառայել։ 

Հիմա Սյունքից եք խոսում, հանձնածներից եք խոսում, քաղաքապետներից եք խոսում․․․ Սյունիքի մարզպետ է նշանակվել մեկը, ով իր փոքրիկ, դպրոցում մի աշակերտ ունեցող գյուղից անդին աշխարհ չի ճանաչել։ Սյունիքի նման աշխարհաքաղաքական թեժ կետում, որն աշխարհը խառնել է իրար, Սյունիքի հետ  կապ չունեցող, ընդունենք մի լավ տղա է նշանակվել, ով «աշխատեցնում է» Սյունիքի ընտրված  քաղաքապետերին, համայնքապետերին, Սյունիքը․․․  Հետո էլ կատարվածից զարմանում եք․․․ Հայաստանի ողջ պետական համակարգը այսպես է կառուցված։ Ձեռքն ինչ ընկել, ինչ ձայն չհանող բան գտել, բերել- դրել է պաշտոնի, որ միայն ինքը ձայն հանի․․․ Ես կալավանցու մասին բան չեմ ասում։ Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը 9 տարեկան էր, երբ իր ընտանիքը տեղահանվեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից. Նա  հիշում է այդ դեպքերը,- ասում էր,-  ադրբեջանցիների նկատմամբ թշնամանք չի զգում, դրանք քաղաքական «խաղեր էին»: 

Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները, Ամրխեր անունը կրող ադրբեջանաբնակ գյուղի բնակչությունը Շամխորի շրջանի հայերի հետ փոխանակվեց տներով, Ամրխերը դարձավ հայաբնակ Կալավան։ Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Կալավանը 100-ի չափ բնակիչ ունի։ Ռոբերտը եղել է Կալավանի միակ աշակերտը՝ ավարտական վերջին տարիներին։  Ինքնուս հնագետ ու կենդանաբան է։ Գյուղը ուզում էր շենացնել, ծրագրեր էր մշակում։ Նիկոլ, Ռոբերտին Կալավանից բերել ես, որ ի՞նչ։ Սյունիքը այդքան թեժ կետ, կալավանցուն դրել ես, որ ի՞նչ անի։ Որ ինչ ասես՝ լսի՞ ու Սյունիքն էլ  սարքի Կալավանի չափ մի պստիկ գյու՞ղ․․․