Շուռնուխի լռեցված աղաղակը․․․

Շուռնուխի լռեցված աղաղակը․․․

Բագրատ Սրբազանի այցով Սյունիքում վարագույրը հետ է քաշվում ու բացվում․  ծալք- ծալք, շերտ- շերտ, խորք -խորք, ոլորք- ոլորք։  Նա մտնում է Սյունիքի բոլոր ծալքերի մեջ, ու ցավը, ճշմարտությունը դուրս բերում։  Նիկոլ Փաշինյանը հզոր Սյունիքը ծալքի մեջ է պահել ու թաքցրել հասարակությունից։ Այնպես է ներկայացրել, թե սյունեցիների ուշքը գնում է նրա համար և բոլորն իրեն են ընտրել՝ նույնիսկ խայտառակ պատերազմից, Սյունիքի դիրքերը հանձնելուց հետո․․․  

Շուռնուխն էլ այդ ծալքի մեջ էր թողել։ Շուռնուխն ամփոփել էր խոր անտառի մեջ, այնպես՝ ասես չէ՜ր էլ եղել․․․ Շուրջ բոլոր իր գյուղապետերին, քաղաքապետերին է նշանակել, այո, հենց նշանակել,  որ ծալքում խեղդեն Սյունիքը, թույլ չտան, որ ցավի մեջ թպրտացող ժողովուրդը ձայն հանի։ Մեղրիում ոստիկանը մի քանի քայլի վրա նկարում էր ցույցի մասնակիցներին, ամենուր վա՜խ է սերմանել ու ցավ։ Ցավը, տառապանքը վախի ներքո քողարկել է վարագույրի հետրևում։ Բայց կեղտը ձյունով չես ծածկի։ Միևնույն է բացվելու է։ Ես ուշադրություն դարձրի 74-ամյա, արցախյան բոլոր պատերազմների բովով անցած  Անահիտ տատիկի զրույցի այս հատվածը։ 

-Նիկոլի ժամանակ գիտե՞ք քանի զինվոր է եկել, թվեաթերթիկը բաց Նիկոլին ընտրել, բայց մեր  Շուռնուխի անուննա տուս եկալ․․․ Բոլորը ծիծաղում են մեր ազգի վրա, ինչի՞ համար։ 
Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր, որ իր հանձնած գյուղերում ինքը ցույց տա, որ ավելի շատ ձայն է հավաքել։ Նա դրանով ստորացնում, նսեմացնում էր տվյալ գյուղերի բնակիչներին, միաժամանակ Երևանին էր «լարում» այդ գյուղերի  դեմ։ Երևանից  շատ հաճախ կարելի է լսել՝ դե թող Շուռնուխը կամ Իշխանասարը  գնա՝ Նիկոլ պաշտի։ Ու մի կարևոր բան էլ բացահայտեց Անահիտ մայրիկը՝ թե Նիկոլին ոնց են ընդունել գյուղում։

-Ինքը պիտի 4-ին գար, 8-ին եկավ՝ Տանձավերով։ Եկավ, մեքենայինց իջավ, ամեն հինգ- հինգ կանգնած թիկունքին, վախից քցվեց շենքի հայաթը ու սկսեց բանալիները բաժանել։  

Նա ափսոսում էր, որ իրեն թույլ չեն տվել խոսել։  Արգելողին էլ չեմ մեղադրում, մի քանի անգամ նման պատճառներով նրան դատել էին։

Շուռնուխի լռեցված աղաղակը վկայում է, որ Սյունիքում մարդկանց բերանին բարձ են դրել՝ չգոռալու համար․․․