Պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ Օրբանը մեկնում է Կիև. ի՞նչ է հայտնի

Պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ Օրբանը մեկնում է Կիև. ի՞նչ է հայտնի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեքշաբթի՝ հուլիսի 2-ին կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով նման հանդիպում կազմակերպելու ծրագրերին ծանոթ երեք անձանց։

Հատկանշական է, որ սա Օրբանի առաջին այցն է Ուկրաինա՝ 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած լայնածավալ ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր:

Պարբերականը պարզաբանել է, որ բացի Զելենսկիից, Հունգարիայի վարչապետը կհանդիպի ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։ 

Նշվում է նաև, որ ուղևորությունը տեղի է ունենում Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու հաջորդ օրը, ինչպես նաև Օրբանի և Զելենսկու՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում կայացած հանդիպումից երկու շաբաթ անց։

Ուկրաինայի հակամարտության հարցում Օրբանը հայտնի է իր կոշտ և ռուսամետ դիրքորոշմամբ:

Նախկինում Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Օրբանի Կիև այցի և Զելենսկու հետ լիարժեք հանդիպման ժամանակը դեռ չի եկել, և շատ բան կախված կլինի Անդրկարպատիայում էթնիկ հունգարացիների իրավիճակից: