Ալիևը գոհ է Հայաստանի հետ շփումներից, բայց կրկին նախապայման ունի

Ալիևը գոհ է Հայաստանի հետ շփումներից, բայց կրկին նախապայման ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 1-ին ընդունել է հանրապետությունում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին:

Նշելով, որ Կանադան միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, դեսպանն ասել է, որ տեղյակ է, որ ակտիվ աշխատանք է տարվում արդար, համապարփակ և վերջնական խաղաղության պայմանագրի շուրջ։

Ալիևն, իր հերթին, կրկնել է Բաքվի հին ու անհեթեթ մեղադրական թեզերը հայկական կողմի հասցեին՝ հերթական անգամ խեղաթյուրելով հակամարտության պատմությունը: 

Բացի այդ, նա մեղադրանքներ է հնչեցրել ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: 

Ալիևը խոստովանել է, որ ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ մակարդակով ավելի լավ արդյունքներ են գրանցում, այն պայմաններում, երբ ոչ ոք, ըստ նրա, չի միջամտում այդ գործընթացին։ 
«Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման և նույնիսկ, ինչը հազվադեպ է պատահում, դրանց սահմանագծման հարցերում։ Ճիշտ է, խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց սահմանների սահմանազատումն արդեն ձեռք է բերվել», -նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա ընդգծել է, որ COP29-ի հարցում Հայաստանը հանել է այս միջոցառման՝ Բաքվի կողմից  անցկացման հետ կապված սահմանափակումները: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը դեմ չէ Հայաստանի ներգրավվածությանը COP-ի ղեկավար մարմիններում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը դժվար թե կարևոր դեր խաղա որևէ երկրի հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում, վկայակոչելով երկրի դիվանագիտության դիվերսիֆակացված քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Ալիևը որպես կարմիր գիծ կամ նախապայման նշել է համաձայնագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հիշատակման բացառումը, պնդելով, որ դրան հակված է պաշտոնական Երևանը:
«Բովանդակային բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարելի է ասել, սկսվել են դեկտեմբերին, քանի որ մինչ այդ Հայաստանը փորձում էր այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» հարցը ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա անընդունելի էր, քանի որ սա մեր ներքին խնդիրն է։ Այս ամենը ժամանակ է պահանջում, և, իհարկե, խաղաղության համաձայնագրի համար ամենակարևոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել: Դա հստակ է»,-նշել է Ադրբեջանի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացի շրջանակներում կողմերը բավականին արագ են առաջ ընթանում. «Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը, թեկուզ դրա հիմնական սկզբունքների շուրջ»: