Եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանում է, իսկ եթե իշխանությո՞ւն ես

Եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանում է, իսկ եթե իշխանությո՞ւն ես

Երեկ «Մանթաշյանց» ակումբը հրապարակավ պաշտպանեց gg ընկերությանը, որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ «gg ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներն ազդակ են տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների համար առ այն, որ արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելը կապված չէ միայն բիզնեսի իրականացման ընթացքում համապատասխան օրենսդրական սկզբունքների պահպանության հետ։ Այս հանգամանքը, բնականաբար, բացասաբար է ազդելու տնտեսական ոլորտի զարգացման, ընկերությունների գործունեության ու ապագա ծրագրերի վրա», – ասված է Մանթաշյանցի տարածած հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝ «Մանթաշյանց» ակումբի բարեկամ էր նաև էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը ևս քրեական հետապնդման է ենարկվում։ 

Ի տարբերություն Քերոբյանի, gg ընկերության դեպքում ենթատեքստն ակնհայտ քաղաքական է, և դեպքերի հաջորդականությունը դա ապացուցում է։ Հունիսի 12–ին ընկերության ղեկավար Խաչատուր Գրիգորյանը ՖԲ–ում գրում է, որ«եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

Սրան անմիջապես արձագանքում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախազգուշացնելով, որ նման արտահայտությունները միայն վնաս են հասցնում բիզնեսին։ 2 օր չանցած gg-ի գրասենյակներում խուզարկություններ են սկսվում, համակարգիչներն են առգրավվում, որոնց բացակայությամբ օնլայն տաքսին իհարկե, չէր կարող աշխատել։ 

Պարզվեց՝ խուզարկությունները մեկ տարի առաջ հարուցված գործի շրջանակում էին կազմակերպել, որը վերաբերում է հարկերի չվճարմանն ու փողերի լվացմանը և որը դարակներում այս ողջ ընթացքում քնած է եղել։ Վարույթն «ակնհայտ անհիմն և անօրինական» է, դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունն են՝ նման հայտարարություններ արեցին gg–ն և վերջինիս փաստաբանները։

«Հրապարակը» gg ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանից պարզեց, որ այս պահին մեղադրանք և կալանքի որոշում չկա։ «Մենք խուզարկության որոշումներն ենք բողոքարկել և դրանց հիման վրա քննիչների իրականացրած գործողությունները։ Մի տարի է, մեղադրանք չկար, կարելի է ենթադրել, որ չկար հիմք։ Կարծում եմ, մի տարով էլ կքնեցնեն, մենք էլ պետք է փորձենք փակել այն», – ասում է փաստաբանը։ 

Մի տարի առաջ չեն խուզարկել, մեղադրանքի հիմք չեն գտել, ու նոր որոշեցին խուզարկե՞լ։ «Այո, նախկինում եթե չեմ սխալվում, խուզարկություններ չեն եղել, օպերատիվ տվյալներով էր հարուցված։ Սա ձկնորսակայն էքսպեդիցիա է, կարթը գցում են, կարող է, մի բան կպնի տարբերակով։ Ահա ինչու գտնում եմ, որ դրանք պայմանավորված են ոչ թե քրեական գործի հանգամանքներով, այլ Խաչատուր Գրիգորյանի քաղաքական,  քաղաքացիական դիրքորոշման, հասարակական գործունեության հետ», – ասում է Արամ Օրբելյանը, նկատելով, որ Խաչատուր Գրիգորյանն իր հայտարարության մեջ իր անձնական կարծիքն է ասել, առանց ընկերությունը որևէ կերպ հիշատակելու, ինչի իրավունքը ուներ, և իշխանությունն է կապել նրա ֆեյսբուքյան գրառումը բիզնեսի հետ։ 

gg ընկերությունն այս պահին գործում է բնականոն ռեժիմով։ «Խուզարկությունները կարճաժամկետ տեխնիկական խնդիր են առաջացրել, քանի որ առգրավվել են բազմաթիվ աշխատողների համակարգիչներ, բայց այս պահին աշխատանքը վերականգնվել է», – հայտնեց Արամ Օրբելյանը։ 

«Եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանի վրա է», այս արտահայտությունը պրիմիտիվ է, տրիվիալ, այս օրերին շատ տարածված, և ոչ մի վիրավորանք, ոչ մի ցնցող բացահայտում չի պարունակում, բայց և այնպես հենց սա չեն ներել Խաչատուր Գրիգորյանին։ Ինչո՞ւ հենց սրան պատասսխանեց Արայիկ Հարությունյանը։ Պրոիշխանական գործիչ Գարեգին Միսկարյանն էլ Նիկոլի թերթում գրեց․ «Հիմա Խաչատուրը պիտի իմանա, որ իր հայտարարությունները կարող են ուղիղ կերպով ազդել իր եկամուտների վրա, ու դրա ամենալավ ձևը gg հավելվածը հեռախոսից հեռացնելն է»: 

Նախ, Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ակտիվ անդամներից է, կինը արցախցի է, ինքը շրջափակման ժամանակ երկար ժամանակ այնտեղ է եղել, ապա բոլորի հետ միասին վերադարձել է Հայաստան։ Նա աջակցում է բոլոր հայրենասիրական շարժումներին, և քրեական հետապնդման հիմքը Խաչատուր Գրիգորյանի անձն է։  Չի կարելի բացառել նաև երրորդ պատճառը՝ որ որևէ մեկը բիզնես հետաքրքրություն ունենա օնլայն տաքսիների ոլորտում, և փորձեն gg –ն վերցնել տիրոջ ձեռքից։ Եւ ի վերջո, մի սովորական քաղաքացի, ով չունի բիզնես, կարող էր գրել ՖԲ–ում՝ եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանում է, բայց եթե դա ասում է հաջողակ գործարարը, նրան անմիջապես տեղն են դնում, ասելով՝ խելոք մնա։  Եւ նրան, եւ բոլոր մյուսներին, ովքեր կհանդգնեն ոտքի կանգնելու կոչ անել։