Պարը մնացել է պռկոշներուն, սազանդարը՝ լաբառոշներուն․ «Ամենափրկիչի» բակը գերեզմանոց է հիշեցնում

Պարը մնացել է պռկոշներուն, սազանդարը՝ լաբառոշներուն․ «Ամենափրկիչի» բակը գերեզմանոց է հիշեցնում
լուսանկարները՝ Աղասի Բալասանյանի

Գյումրու կենտրոնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը տևական ժամանակ է՝ կառուցվում, բարեկարգվում է, բայց ինչպես գյումրեցիներն են նկատում, բարեկարգված տարածքը  հիշեցնում է գերեզմանոց։ Անգամ, այդ թեմայով համացանցում քննարկում է ծավալվել ։ Տիկին Գայանեի կարծիքով նախկինում եկեղեցու բակն ավելի գեղեցիկ էր։

«Գյոզալմ պուրակը վերածեցին էլիտար գերեզմանոցի։ Էդ գումարով կարելի էր հրաշք շատրվան վերագործարկել։ Գյումրին ղեկավար ու գրագետ ճարտարապետ չունի։ Ինչպես տատս էր ասում՝  պարը մնացել է պռկոշներուն,սազանդարը՝ լաբառոշներուն»,-նշում է նա։ Աղասի Բալասանյանն էլ նկատում է՝ չնայած շատրվանն էլ են վերականգնում , բայց․ «էս ճեմելու հատվածը՝  եկեղեցի, խաչքար , առանձնացված հողատարածքներ, տպավորություն է, որ գերեզմանոցում ես գտնվում » ։ «Կատարյալ գերեզմանատուն։ Սկսվեց խաչքարերով ։ Ցավում եմ , բայց շատ տգեղ է։ Քաղաքին պակասում է գեղագիտական աչք ունեցող ճարտարապետ»,-մյուսների կարծիքը կիսում է Սոֆյա Հովհաննիսյանը։

Նույն տեսակետին է մեկ այլ գյումրեցի՝  Պետրոս Մրյանը․ «Առաջին օրվանից եմ ասել՝  ոնց որ մեր քաղաքի երկրորդ գերեզմանատան երրորդ դռնից ներս մտնես։ Ամբողջ աշխարհում պուրակներ ու զբոսայգիներ են կառուցվում՝ արդի ժամանակակից լուծումներով ու համահունչ ճարտարապետությամբ։ Սա ուղղակի խայտառակություն է»։ Նույնաբովանդակ կարծիքները բազմաթիվ են։

Ավելացնենք նաև, որ վերջերս էլ  Գյումրու ավագանու որոշմամբ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարակից պուրակում գտնվող 51 բարդիները հատվելու են և փոխարինվելու են նոր ծառատեսակներով։ Պարզվում է, որ բարդիները խանգարում են եկեղեցու բակում տարվող շինարարական աշխատանքներին։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ այդ ծառերն իրենց կենսունակությունը կորցրել են եւ արմատներն այնքան են ծավալվել, որ  կոմունիկացիաներին են վնասում, վթարների պատճառ են դառնում։ նախագծողների կողմից եզրակացություն կա, եթե բարդիների հարցը չլուծվի, «Սուրբ Ամենափրկիչ»-ի բակի շինարարությունը կկանգնի։

Նշենք, որ քաղաքապետարանում այդ թեմայով նաև հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակից բնապահպաններն ու ՀԿ ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել։ Հարակից տարածքի բնակիչները նշում են․ «Ցավոտ խնդիր է դարձել բնակիչներիս համար, երբ իմացանք որ բարդիները կտրում են:Մենք վստահ չենք, որ կտրված ծառերի փոխարեն ավելի լավը կտնկվի, երկար ժամանակ փայփայած մեր բարդիները մաքրում էին օդը»: