Ձախերն ընդդեմ հաղթող աջերի. ինչ է կատարվում Ֆրանսիայում

Ձախերն ընդդեմ հաղթող աջերի. ինչ է կատարվում Ֆրանսիայում

Ձախ կուսակցությունների «Նոր Ժողովրդական Ճակատ» կոալիցիայի հազարավոր կողմնակիցներ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո ցույց են կազմակերպել Փարիզի Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն իրենց թեկնածուների։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Ցուցարարներից ոմանք բարձրացել են հրապարակի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա, որտեղից ծածանել են Պաղեստինի և Հարավային Աֆրիկայի դրոշները, ինչպես նաև «ընդդեմ ֆաշիզմի» և «ծայրահեղ աջերի» դեմ պաստառներ։ Նրանք նաև ներկով գրություններ են թողել հուշարձանի վրա:

«Մենք թույլ չենք տա Ազգային Միավորման /Մակրոնի հակառակորդների՝ Բարդելլայի և Լը Պեննի կուսակցությունն է, որն առաջատար է ընտրություններում-խմբ,/հաղթանակը, «Փարիզն ընդդեմ ֆաշիզմի». - վանկարկել են ցուցարարները. Չնայած ցուցարարների մեծ թվին և ամբոխի հակաոստիկանական կարգախոսներին, հրապարակում ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտ է եղել, իսկ հրապարակի պարագծի երկայնքով մեծ թվով տեղակայված ոստիկանները չեն միջամտել ընթացքին։

Բացի Փարիզից, ձախակողմյան ուժերի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել երկրի մի քանի այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լիլում, Նանտում և Լիոնում։ Ինչպես գրում է Le Figaro թերթը, Նանտում և Լիոնում բողոքի երթերը վերաճել են բախումների անվտանգության ուժերի հետ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել մարդդկանց ցրելու համար։ 

Ցուցարարները ժամանակավոր բարիկադներով փակել են ճանապարհները, հրավառություն են արել ու առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Այնուամենայնիվ, լուրջ բախումներ չեն եղել, և իշխանությունները չեն հայտնել ձերբակալվածների կամ տուժածների մասին: