Ինչ ասել է` ճիշտ հակառակն է արել

Ինչ ասել է` ճիշտ հակառակն է արել

Հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում» ամենամյա միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են պատկանում Հայաստանի Հանրապետությունում: Ինչո՞ւ է նման հայտարարություն արվում` եւրոպաներից ժամանած հյուրերին զարմացնելո՞ւ համար, հայ ընտրողներին ոգեւորելու եւ ՔՊ-ի կողմը գրավելո՞ւ համար:

Ըստ իս` բոլորովին ոչ: Իմ կարծիքով, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կեղծել առաջիկա ընտրությունը։ 

Հիշենք ոչ հեռավոր անցյալը.

Նիկոլ Փաշինյանն ասաց` «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետո նույն Արցախը նվիրեց թշնամուն։
Նիկոլ Փաշինյանն ասաց` «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ», այսօր բանի տեղ չի դնում ոչ միայն այս երեք միլիոնին, այլ Հայաստանից դուրս ապրող մյուս մոտ յոթ միլիոն հային եւս։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովի ու նախագահականի այգիները Հայաստանի քաղաքացիների համար այսուհետեւ բաց է լինելու, այսօր այգիների դարպասները ոչ միայն փակ են, այլ՝ զոդված։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետի մեքենան այսուհետ պետք է կանգնի կարմիր լույսի տակ, բայց ոչ միայն չի կանգնում, այլ մարդ վրաերթի ենթարկելուց հետո էլ չի կանգնում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, բայց նրա թիմակիցներն այսօր արտոնյալ են, նրան աջակցող բիզնեսմենները` պաշտպանված, նրան հարող նախկինները` ներված։

Այս շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ նա մի բան հայտարարում է, ճիշտ հակառակն անում: Այնպես որ երբ Փաշինյանն ասում է, որ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանր է, նշանակում է առաջիկա ընտրությունները կեղծվելու են։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ