Սյունիքը չի ամլացել, էլի Նժդեհ կտա․․․

Սյունիքը չի ամլացել, էլի Նժդեհ կտա․․․

Անկեղծությունը անգամ գրածդ տողերի մեջ է երևում։ Հեշտ չէ խաբել ընթերցողին, հեշտ չէ, նրա հետ կեղծ լինել։ Շատ եմ լսել, որ մի աղմուկ հանած դեպքի ժամանակ մարդիկ ողջ մամուլը «ջրի պես խմելուց հետո» ասում են՝ դեպքի մասին մի բան չգրեցին։ Այդ «ոչինչ չգրելը հենց այն է»․ որ ընթերցողը չի ստացել այն, ինչին սպասում է։ Գաղտնիք չէ, որ ընթերցողը պետական լրատվության շոուին շատ քիչ է հավատում, մի անկեղծ լրատվության, թեկուզ անհատի գրառման է սպասում։ 

Վերջերս Սյունիք այցելեց Փաշինյանը։ Կայքային հանդիպումները, համբույրները բավարարե՞ց ձեզ։ Հավատացի՞ք , որ ամբողջ Սյունիքը «ողջունում է նրան»։ Հավատացի՞ք, երբ նա Ոսկերպարի գյուղացու ապահովության մասին էր խոսում ու ինչ որ ցանկապատ ցուցադրում։ Բագրատ Սրբազանը Ոսկեպար, Կիրանց գնաց, ու այդ ցանկապատը չգտավ։ Այսօր նույն ցանկապատը գտան Մեղրու և Իրանի սահմանին, ու Սրբազանը կանչեց՝ Գառնի՜կ, արի, ցանկապատը գտել ենք․․․Այդ ինչպե՞ս եղավ, որ «սյունյաց ողջույնը» փոխարինվեց գգվանքով։ Սա ամենավերջին օրինակը կամ շոուն էր, որը հանրությանը ոչինչ չտվեց։ 

Գործի բերումով շատ եմ ժամանակին Սյունիքի գյուղեր այցելել։ Քարահունջ գյուղում մի դեպք, չնայած կես դար անցել է, հիշում եմ։ Ջահել, անփորձ շրջանային թերթի լրագրող  էի։ Մի տուն էի գնացել, որտեղ ամուսիններն այնքա՜ն հաշտ ու սիրով էին։ Երբ բաժանվելուց կնոջն ասացի՝ ինչքա՜ն ուրախ և երջանիկ ընտանիք եք, կինը հոգոց հանեց՝ վարագույրը փակելուց հետո լրիվ ուրի՜շ աշխարհ է․․․Արցունքով լցված աչքերը ամեն ինչ պատմեցին․․․։ Հետո հասկացա, որ մարդկանց հոգին շա՜տ խորն է, բեմականացումը դեռ կյանք չէ․․․ Իսկ կյանքը շատ դեպքերում բեմականացում է։ 

Որպեսզի այնպես չստացվի, որ միայն Փաշինյանի Սյունյաց հանդիպումից ու ստերից եմ խոսում, անդրադառնամ նաև Սրբազանի սյունյաց  այցին։ Հետաքրքիր համեմատական եմ անցկացնելու։ Նրանք, ովքեր կախված են տեղական իշխանությունից՝ գործ ունեն, «հացի, ապրելու ձևը գտել են» Սրբազանի հետ հանդիպմանը չեն մասնակցելու։ Ոչ թե չեն ցանկանում մասնակցել, այլ վախենում են «մի կտոր հացից զրկվել»։ Այսօր Սրբազանը Մեղրիում ճիշտ նկատեց, որ Նժդեհի ժամանակ էլ մի բուռ էին ընդամենը հերոսական մարդիկ, այսօր էլ է այդպես, մի բուռն է հաղթելու, որովհետև այդ մի բուռն է հավատում ճշմարտությանը և կարողությամբ առաջ տանում այդ ճշմարտությունը, իսկ մեծամասնությունը հետևելու է ուղղակի։ Հետևում էի նրա խոսքին ու հավատում, որ մի բուռ մարդ է ազգի սերուցքը, մի բուռ մարդիկ են հերոսները։ Իսկ դիտորդներ, իրենց հայրենասեր ձևացնողներ՝ որքան ուզես։ 

Ինչու՞ եմ այդպես ասում։ Այսօր Սյունիքի,  քաղաքը չեմ նշի,  մի քանի մարդկանց եմ զանգել, որոնց հետ մտերիմ եմ և հարցրել՝ մասնակցելու՞ եք Սրբազանի հետ հանդիպմանը։ Քանի որ ինձ գիտեն, որ ես ոչ մի անգամ իրենց պատասխանը չեմ օգտագործել իրենց դեմ, անկեղծորեն պատասխանել են․ 
Մեկն ասում է՝ քույրս չի մասնակցի, գիտես, գործ ունի։ Մյուսը թե՝  հայրս չի մասնակցի, գիտես, ինքն է տունը պահում։  Երրորդը՝ եղբայրս չի մասնակցի գիտես, երեխեք ունի, միակ աշխատողն է, քաղաքապետը կիմանա։ Ես չհասկացա, թե ի՞նչ է նշանակում, երբ ասում են վախենում ենք քաղաքապետն իմանա․․․ Սա է այն կիսատ- պռատ անկեղծությունը, որը ներկայացնում եմ։  Այնուամենայնիվ հավատում եմ, որ  Սյունիքը չի ամլացել, էլի Նժդեհ, Սպարապետ  կտա․․․ Րաֆֆին ասում է՝ երկիրը ամլացավ, էլ ջուր չտվեց։ Հիմա այդ շրջանն է, բայց անձրև կտա երկիրը, պտղաբեր անձրև։