Մամոնտների վերացման հայտնի տեսությունը հերքվել է 

Մամոնտների վերացման հայտնի տեսությունը հերքվել է 

Գիտնականները հերքել են մամոնտների վերացման վերաբերյալ գիտական ընդունված վարկածը։ Մասնավորապես, Շվեդիայի Բնության պատմության թանգարանի գիտնականները իրենց դանիացի գործընկերների հետ վերլուծել են Երկիր մոլորակի վրա ապրած մամոնտների վերջին պոպուլյացիայի գենոմը եւ կատարել մի քանի բացահայտումներ։ Հիշեցնենք, որ այդ պոպուլյացիան ապրել է Վրանգելի կղզու վրա 10 հազար տարի առաջ։ Հետազոտությունները պարզել են, որ պոպուլյացիան ապրել է կղզում վեց հազար տարի։ Պոպուլյացիան առաջացել է ութ առանձնյակից, սակայն հետագա քսան սերունդների ընթացքում գլխաքանակը ավելացել է մինչեւ 200-300 առանձնյակ։

Գիտնականները պարզել են նաեւ, որ չնայած առկա մերձարյունակցական խաչասերմանը կամ ինբրինդինգի եւ գենետիկ ցածր բազմազանությանը, հոտի դեգեներացիան չէր կարող լինել վերջինիս վերացման պատճառը։ Տվյալները ցույց են տվել, որ պոպուլյացիայում մինչեւ գոյության վերջին պահը առանձնյակները ունեցել են կայուն չափսեր։ Ու թեեւ հսկայական հոտը ժամանակի ընթացքում կուտակել է չափավար վնասակար մուտացիաներ, սակայն գիտնականները պարզել են, որ վերջիններս կարողացել են ազատվել առավել վնասակար մուտացիաներից։ «Հիմա մենք կարող ենք վստահորեն հերքել այն տեսությունը, որ պոպուլյացիան եղել է չափազանց փոքր եւ դատապարտված է եղել գենետիկ պատճառներով ոչնչացման»,- հայտարարել են գիտնականները։

Մասնագետները ավելի հակված են կարծելու, որ Երկրի վրա վերջին մամոնտները կարող էին ոչնչանալ պատահական ինչ որ աղետի իրադարձությունից։ Հակառակ դեպքում հսկայական կենդանիները կարող էին ապրել մինչեւ մեր օրեր, կարծում են գիտնականները։