Արդեն որերորդ տարին է այս աբսուրդ համակարգը պատուհաս է դարձել ծնողների համար

Արդեն որերորդ տարին է այս աբսուրդ համակարգը պատուհաս է դարձել ծնողների համար

Բարև ձեզ, գրում եմ ձեզ շատ վրդովված, շատ կարևոր հարցի շուրջ և խնդրում եմ` բարձրաձայնեք այս կենսական կարևորության հարցը: Այսօրվա իշխանությունը պարզապես ստիպում է իր քաղաքացուն իր սեփական երկրից հնարավորինս հիասթափվել, հնարավոր ու անհնարին ամեն բան արվում է, որ քաղաքացու իրավունքները ոտնահարվեն, և ինչքան էլ չուզի բացասական արտահայտվել տեղի ունեցող երևույթների մասին, այնուամենայնիվ դա անի: 

2024թ. հունիսի 25-ին մեկնարկեց 1-ին դասարանցիների հայտագրման 2-րդ փուլը, երբ բալիկիդ պետք է գրանցես դպրոց` այդ թյուրիմացություն հանդիսացող ծրագրով (hayt.emis.am)` ստեղծված ԿՏԱԿ (National Center of Educational Technologies) կոչվածի կողմից: Արդեն որերորդ տարին է այս աբսուրդ համակարգը պատուհաս է դարձել ծնողների համար, քանի որ այդ ծրագիր ստեղծողը չի նախատեսել իր կայքն այնքան մուտքերի համար, որքան իրականացվում է հայտագրման օրը միևնույն ժամանակ: Երբ փորձում ես մուտք գործել կայք, այն անդադար կախում է, դուրս է գցում կայքից` երբ որևէ գործողություն ես կատարում: 

Հունիսի 25-ին, ժամը 09:00-ին «բացվում է» իրենց ծրագիր կոչվածը (hayt.emis.am), որ գրանցես երեխայիդ, բայց ավելի շուտ կարելի է ասել «փակվում է», ոչ թե բացվում, քանի որ իսպառ անհասանելի է կայքը հայտարարված ժամին: 09:00, 09:01, 09:02, 09:03, 09:04, 09:05, 09:06, 09:07, 09:08, 09:09, 09:10 դրությամբ կայք կոչվածը կախած է դեռևս, ոչ մի գործողություն անել չի լինում, նույնիսկ չես կարողանում սկսել հայտը լրացնելու գործընթացը, քանի որ անդադար դուրս է գցում կայքից: 09:10 դրությամբ դեռևս չի հաջողվում մուտք գործել կայք, իսկ երբ մի փոքր հաջողվում է հայտագրումը սկսել, հասնում ես վերջին քայլին, երբ արդեն սեղմում ես հաստատելու կոճակը, կրկին կայքը դառնում է անհասանելի, որի արդյունքում մեզ չհաջողվեց գրանցել բալիկին մեր տանը մոտ գտնվող դպրոցում: Այսինքն, ոչ թե մենք չհասցրեցինք գրանցում կատարել, այլ կայքն ինքն իրենով թույլ չտվեց որևէ գործողություն կատարել: Այսինքն, ինչ-որ արտաքին տեխնիկական գործոնների ազդեցության և իրենց կայքի տեխնիկական խափանումների հետևանքով բալիկս մնաց առանց դպրոցում հայտագրված լինելու, ինչից բխում է իր և իմ, որպես ՀՀ քաղաքացու, իրավունքների կոպիտ ոտնահարումը, քանի որ իմ ցանկացած դպրոցը ազատ ընտրելու հնարավորությունը կասեցրել է կայքի խափանված աշխատանքը: 

Հարց 1. ինչպե՞ս կարելի է 1-ին դասարանների համար հատկացնել ընդամենը 47 տեղ մեկ դպրոցում, ընդ որում 1-ին փուլով գրանցված նույն դպրոցում սովորող քույրերը և եղբայրներն արդեն զբաղեցրել էին 21 տեղը: 

Հարց 2. այդ ինչպե՞ս ստացվեց, որ ընդամենը մի քանի րոպեում խափանված կայքով նշված դպրոցում մնացած ընդամենը 26 տեղերը զբաղեցվեցին: Ենթադրություն՝ առկա է և տեղի է ունենում կողմնապահություն:

Միանգամից գնացինք ԿՏԱԿ, տնօրենի մոտ (ոմն Արտակ)՝ պարզաբանումներ ստանալու, թե ինչու իր ստեղծած համակարգը նախատեսված չէ այդքան մուտքագրումների համար, ինչին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի հարցում չի կարող օգնել, դա է մեխանիզմը, եթե չեք հասցրել, ուրեմն փորձեք ուրիշ դպրոց: Այսինքն, փաստացի ծաղրում է՝ ասում է, եթե կախել է իմ համակարգը ու դուք չեք կարողացել գրանցել ձեր նախընտրած տան մոտ գտնվող դպրոցը, տարեք, օրինակ, Մասիվի դպրոց` ապրելով Բանգլադեշում կամ` գնացեք ԿԳՄՍ նախարարություն: Այսպիսին էր իր պատասխանը, որը որակավորում եմ որպես քաղաքացու իրավունքի ուղիղ ոտնահարում, քանի որ բալիկս իր թյուրիմացություն հանդիսացող ծրագրի պատճառով դուրս է մնում դպրոցից: 

09:00-ից փորձում ենք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչը մեզ, բնականաբար, չի հաջողվում, քանի որ թեժ գծերն ավտոմատ անջատում են զանգը: 

Կապ եմ հաստատում քաղաքապետարանի հետ, որն իր հերթին ասում է` դիմեք ԿՏԱԿ: Ասում եմ՝ գուցե գամ դիմո՞ւմ գրեմ, որ լուծում տրվի այս հարցին և ինչ-որ տեխնիկական խափանումների արդյունքում բալիկս չմնա առանց դպրոցի, ասում է՝ եկեք գրեք, բայց դա ոչինչ չի փոխի: 
Եվ այսպես` մեկը մեկի վրա գցելով, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում ոչնչի համար: 
Ես վերջնական համոզվեցի, որ իսկապես, որքան էլ ինձ ցավալի է դա ասելը, բայց այս երկիրը չի դառնա երկիր, երբեք արդարությունն այստեղ չի գործելու, երբեք քաղաքացին չի համարվելու բարձրագույն արժեք... ես արդեն հույսս կորցրեցի վերջնականապես... Թեեւ միշտ ես եմ ասել իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, որ իմ ներկայությամբ բացասական չարտահատվեք իմ երկրի մասին, այլևս չեմ ասելու...

Ու՞մ դիմել... Ո՞վ է պատասխանատու... Ոչ մի կառույց չի կրում պատասխանատվություն... 
Մինչև սկանդալ չսարքես, չգոռգոռաս, չբղավես, բոլորին իրար չխառնես այս երկրում ոչ մի հարց չի լուծվում... 

Եթե չեմ սխալվում, 2019 թվականին ներմուծած ծրագիր է` այսօրվա իշխանության օրոք ստեղծված: Այսինքն, պարզ է, չէ՞, արդեն ամեն բան..
 

Բելլա Անդրեասյան