«Հրապարակ»․ Այդ անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով

«Հրապարակ»․ Այդ անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով

«Հրապարակի» զրուցակիցն իրավաբան, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանն է:

- ԱՄՆ Կոնգրեսը եւ ԵԽԽՎ-ն բանաձեւ են ընդունել` դատապարտելով Ադրբեջանի մարդատյաց գործողությունը, նշել արցախահայերի բռնի տեղահանության մասին, 10 ամիս շարունակ բլոկադայի մեջ ապրելը, նրանց խախտված իրավունքները: ԵԽԽՎ-ն հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի նկատմամբ հարկավոր է հատուկ սանկցիաներ կիրառել` կարգի հրավիրելու համար: Ըստ Ձեզ` այս բանաձեւերն ի՞նչ նպատակ են հետապնդում, եւ արդյո՞ք դրանք կարող են գործնականում կիրառվել, թե՞ սոսկ հայտարարություններ են:

- Իրավաբանորեն սրանք այդ երկրների ներքին իրավական հարցերն են, տվյալ երկրների կողմից կհետեւե՞ն արդյոք միջազգային իրավական, ներպետական սանկցիաներին կամ այլ գործողություններին, թե՞ չեն հետեւի: Դրանք հարցեր են, որոնք կարող են մնալ քաղաքական հարթության մեջ: Պատմականորեն նմանատիպ հայտարարություններ` տարբեր ձեւերով տեղի ունենում են, սակայն թե այդ հայտարարություններն ինչքանով է հնարավոր ռեալ կյանքում կյանքի կոչել, վերածել ռեալ պրոցեսների, արդեն կախված է տվյալ երկրի, այս պարագայում` Հայաստանի Հանրապետության եւ թշնամի պետությունների, օրինակ` Ադրբեջանի Հանրապետության կառավարություններից, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչություններից: Պետք է հասկանալ՝ այս ամենը կապ ունի՞, օրինակ, ԱՄՆ-ում ապագայում սպասվող ընտրությունների հետ, այն կարո՞ղ է ունենալ ազդեցություն, թե՞ ոչ:

- Փաստացի, Ադրբեջանը Հաագայի դատարանի որոշումներն անտեսեց` մի քանի անգամ, առանց երկմտելու, որ կարող են սանկցիաներ կիրառվել:

- Միջազգային իրավունքը, որպես իրավական համակարգ, այլ է: Գործողությունը պրիմիտիվացված է ընկալվում ոչ միջազգայնագետների, այդ թվում՝ այն իրավաբանների մոտ, ովքեր միջազգային իրավունքի մասնագետ չեն: Այդ ամենի շրջանակներում կարող եմ ասել, որ կան մի շարք գործողություններ, որոնք կարող են ունենալ հետեւանքներ, սակայն կարող են նաեւ չունենալ: Միջազգային իրավունքը, որպես այդպիսին, հորիզոնական` պրիմիտիվ իրավական համակարգ է: Ինչու, որովհետեւ միջազգային իրավունք ասվածում չկա ԴԱՀԿ, չկա ոստիկանություն: Պետություններն են ձեւավորում միջազգային իրավունքը, պետություններն էլ դրանք կիրառում են: Այժմ միջազգային դատարանը որոշում է հրապարակել` արցախահայերի վերաբնակեցման մասին, ինչպես նաեւ մի շարք նմանատիպ հարցեր: Այդ ամենը կատարել կամ չկատարելը, չկատարելու դեպքում հետեւանքներ ունենալը տվյալ պարագայում առավելապես կախված են Հայաստանի Հանրապետությունից, նրա կողմից իրականացվող գործողություններից: Եթե մենք պետք է ասենք` շուտով խաղաղության ենք հասնելու, էլ ինչների՞ս է պետք հետեւողական լինելը, մեր խնդիրները շուտով կլուծվեն, ոչինչ էլ տեղի չի ունենա, որովհետեւ ոչ մի այլ երկիր չի գալու, մեր փոխարեն մեր վեճի մեջտեղում կանգնի ու փորձի այն լուծել, բայց եթե անգամ ինչ-որ մեկը նման քայլ անի, Հայաստանի Հանրապետությունն անպայման կբարձրաձայնի, որ տվյալ կողմը չի ցանկանում տարածաշրջանում խաղաղություն: Հետեւաբար, այս առումով ինչ-որ բան ակնկալելը բարդ է: Ի դեպ, այնպես էլ չէ, որ եթե ՀՀ-ի գործողությունները ճիշտ լինեին, հարյուր տոկոսանոց արդյունք էինք ունենալու: Այստեղ էլ չպետք է խնդիրը պարզունակ դարձնենք եւ հստակ հայտարարություններ անենք: Իրավական պրոցեսները բավականին բարդ են, դրանք պետք է քննարկել դիվանագիտական, քաղաքագիտական, ինչու ոչ` սպորտային, մշակութային դիվանագիտական գործիքների միջոցով: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ականատես եմ, որ հայկական շահերը պաշտպանելու տեսանկյունից ոչ մի գործողություն այդ իմաստով չի իրականացվում, հակառակը` ցանկացած ադրբեջանական հանցագործություն այս իշխանությունն անուղղակիորեն կոծկում է: Լավ, չասենք «կոծկել», սակայն եթե չեն ասում Ադրբեջանին՝ լավ եք արել` այսինչ հանցագործության համար, չեն էլ անում համապատասխան գործողություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հանցագործությունների բացահայտմանը:

- Ինչո՞ւ հայկական կողմը խորամուխ չի լինում այդ դեպքում:

- Պետական դավաճանությունից սկսած, վերջացրած այլ հանգամանքներով: Մի շարք հանգամանքներ կան, որոնք այդպես էլ չեն հերքվել, օրինակ` Արարատ Միրզոյանի գործակալ լինելը: Արթուր Վանեցյանն էլ ինչ-որ ծրարի մասին էր խոսում` Փաշինյանի հետ կապված: Մեղադրանքները տարբեր ձեւակերպումներով են:

- Հայ ռազմագերիների վերադարձի մասով ի՞նչ կարող ենք արձանագրել:

- Հայ-ադրբեջանական հարաբերություններում, երբ Հայաստանն անվերջ զիջումների դաշտում է եւ մոտավորապես այն հարթության վրա է, որ Ադրբեջանը ճիշտ է, իսկ Հայաստանը` սխալ, բերում են տարբեր արգումենտներ, որ 30 տարի մենք ենք արել նույն բանը, հիմա Ադրբեջանն է անում, սա ադրբեջանական տարածք է եւ այլն, իրավիճակը դառնում է այսպիսին: Պատճառներն էլ էական չեն: Հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր լուրջ խնդիրներ կան: Հայաստանի շահերը ներկայացնող անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով: