Շատ տեղերից են փորձում հայերին ու եզդիներին հանել իրար դեմ՝ չի ստացվելու

Շատ տեղերից են փորձում հայերին ու եզդիներին հանել իրար դեմ՝ չի ստացվելու

ԱՄՆ Պետդեպը զեկույց է հրապարակել՝ շուրջ 200 երկրում կրոնական ազատությունների մասին: Հայաստանի մասին հատվածում որպես դրական քայլ են գնահատել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելը եւ գրել են, որ դա եզդիական համայնքը ողջունել է: Մենք զրուցել ենք Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ:

- ԱՄՆ Պետդեպն ասում է, որ եզդիները ողջունել են հայոց եկեղեցու պատմության դասաժամի հեռացումը դպրոցական ծրագրից: Այդ առարկայի հետ կապված՝ եզդիական համայնքում իսկապե՞ս դժգոհություններ են եղել:

- Ես երբեւիցե նման բան չեմ լսել, որ որեւէ եզդի դժգոհեր հայ եկեղեցու պատմության դասավանդումից: Իսկ ո՞վ է եզդիներին հարցրել, հերթով եզդիների տներն են այցելել ու հարցրե՞լ, հետաքրքիր է, թե որտեղից են այդ եզրակացությանը եկել: Ես՝ ինքս, անձամբ անցել եմ հայոց եկեղեցու պատմություն, դա ինձ համար տեղեկատվություն է եղել: Ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել այդ գիտելիքը ստանալ, որոշակի դեպքերում դա ինձ օգնում է, եւ, ի վերջո, պատմությունը պետք է լավ իմանալ: Պատմություն լավ իմացողները նախկինում արված սխալները չեն կրկնում ու պատմությունից դաս քաղելով՝ միայն հզորանում են: Հայերի ու եզդիների եղբայրությունը դարավոր է, եզդիների ու հայերի միջեւ երբեք չի եղել միմյանց կրոնափոխ անելու դրսեւորում: Սինջարում եզդիները հայկական եկեղեցի են կառուցել՝ 1918 թվականին բռնագաղթի ենթարկված հայերի ու քրիստոնյա ասորիների համար, ովքեր ապաստան էին գտել եզդիական շրջաններում: Հետո օսմանները եզդիներից պահանջեցին՝ հայերին հանձնել իրենց, եզդիները հրաժարվեցին, բախումներ եղան, ինչի հետեւանքով 70-ից ավելի եզդի զոհվեց այդ պայքարում: Ի դեպ, 2014 թվականի եզդիների ցեղասպանության ժամանակ ահաբեկիչները պայթեցրել էին այդ եկեղեցին, ու երբ եզդի աշխարհազորայինը նորից վերադարձրեց ու ազատագրեց Սինջարը, առաջինը հենց հայկական եկեղեցին վերանորոգվեց՝ որպես նշան այն բանի, որ վերականգնվելու են մեր եղբայրական ժողովուրդների բոլոր ավիրված սրբատեղիները` թե՛ եզդիական, թե՛ հայկական:

- Իսկ նման զեկույցները կարո՞ղ են պատճառ դառնալ հայերի եւ եզդիների միջեւ հարաբերությունների վատացման համար:

- Այսպես ասեմ․ այսօր շատ տեղերից փորձում են հայերին ու եզդիներին իրար դեմ հանել՝ չի ստացվել ու չի ստացվելու երբեւէ: Սրա մասին լավ բաներ ունի գրած նաեւ Խաչատուր Աբովյանը, եզդի գրողներ։ Մեր ժողովրդի մեջ արդեն սերմանվել է, որ մենք՝ եզդիներն ու հայերը, կարող ենք ասել, որ մեկ ժողովուրդ ենք՝ երկու ազգ։ Ի՞նչ առումով՝ մենք Հայաստանի Հանրապետությունում մեզ երբեւիցե չենք տարանջատում, մենք էլ Հայաստանի զավակն ենք: Այսօր Հայաստանը մեզ տալիս է կրթություն․ ի դեպ, դա ամրագրված է Սահմանադրության մեջ՝ կրոնի ազատության իրավունք: Մենք՝ որպես ազգային փոքրամասնություն, Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական մակարդակով, թե՛ հայ ժողովրդի կողմից երբեք չենք տեսել վատ վերաբերմունք: Մենք եղել ենք բարեկամ, եղբայրական ժողովուրդներ, դա այդպես էլ մնալու է, որքան էլ ցանկանան սեպ խրել, չի ստացվելու: Եթե հայի մոտ եզդիի հասցեին մի բան ասեն, հայերն այդ մարդուն իր տեղը ցույց կտան, եթե եզդիի մոտ հայ ազգի մասին որեւէ բան ասեն, եզդիներն այդ մարդուն իր տեղը ցույց կտան: Մենք այլեւս գիտենք, թե ովքեր են մեր բարեկամները եւ ովքեր չեն ցանկանում մեր բարին: Հայ-եզդիական եղբայրության դրվագներն այնքան շատ են: Օրինակ, 1825 թվականին Ռադավանի ճակատամարտը, երբ նորից ոչնչացման վտանգի առաջ էինք կանգնած, եզդի հոգեւորական շեյխ Միրզան եւ հայ քահանա Պողոսը միասին 3 հազարանոց ջոկատ կազմավորեցին՝ հայերից ու եզդիներից բաղկացած, եւ այդ ջոկատով հաղթեցին 30 հազարանոց թշնամական բանակին․ պատկերացնո՞ւմ եք ինչ ոգի է եղել:

- Իսկ ովքե՞ր են փորձում միմյանց դեմ տրամադրել հայերին ու եզդիներին:

- Մեզ թիվ մեկ վնասողները հոգեորսներն են, նրանք շրջում են տնից տուն ու հոգեորսությամբ են զբաղվում: Նրանք փորձում են մարդկանց կրոնափոխ անել, այ, դա չպիտի թույլ տրվի: Կրոնը մեզ համար՝ եզդիներիս համար ցավոտ թեմա է, որովհետեւ հազարամյակներ շարունակ մեր կրոնի համար մենք սպանվել ենք, զոհվել ենք, եւ դա մեզ համար շատ ցավալի հարց է: Կրոնը եղել է այն անկյունաքարը, որի շնորհիվ չեն կարողացել պետություն չունենալու հանգամանքով եզդիներին ոչնչացնել, այսինքն՝ կրոնը եղել է մեր գոյատեւման, հարատեւման միակ բանալին:

- ԱՄՆ Պետդեպն իր զեկույցում անուղղակիորեն փորձում է հակադրել հայ եկեղեցին եւ եզդիական հոգեւոր կառույցը:

- Հայկական առաքելական եկեղեցու եւ եզդիական հոգեւոր կառույցի հարաբերությունները նույնպես դարավոր-եղբայրական են: Տեսեք, նույնիսկ եզդի հոգեւոր առաջնորդի՝ Իսմայիլ Բեկի 1918 թվականի նամակը պահպանվում է Մատենադարանում։ Այնտեղ նշվում է, որ խնդրում է հայ ժողովրդին՝ ապաստան տալ եզդի ժողովրդին, քանի որ եզդիներն էլ հայ ժողովրդի հետ միասին ցեղասպանվել են, եւ կխնդրեի՝ ուշադրություն դարձնել այդ կարեւորագույն հանգամանքի վրա, որ նաեւ խնդրում է, որպեսզի թույլ տրվի եկեղեցում եզդիներն աղոթեն իրենց աղոթքները: Սա ցույց է տալիս եզդի ժողովրդի հոգեւոր առաջնորդի անվերապահ վստահությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Ես վստահ եմ, որ հայերը երբեք եզդիներին կրոնափոխ չեն անի, դա փոխվստահության ապացույցն է, առհավատչյան: Նշեմ նաեւ, որ Հայաստանում մեր սրբատեղիներն արդեն երկուսից ավելին են, Հայաստանի մեր հոգեւոր կենտրոնում տեղի ունեցած ցանկացած միջոցառման միշտ հրավիրվում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ: Չի եղել մի դեպք, որ կասկածի տակ դրվի ոչ միայն մեր ազգերի եղբայրության հարցը, այլեւ երկու կրոնների բարեկամությունը, ինչը, ի դեպ, արտահայտվում է շատ գեղեցիկ կերպով` վեր խոյացած գեղեցիկ հուշարձանի տեսքով, հենց եզդիների հոգեւոր կենտրոնում՝ Ակնա լճի բարեկամության հուշահամալիրում, որտեղ հայերեն մեջբերվել է Խաչատուր Աբովյանի «Եզդիները» հոդվածից մի հատված։ Այնտեղ հստակ ասվում է, որ եզդիները հայերին եղբայրներ են կոչում: Հուշարձանին պատկերված է հայկական խաչը՝ միաձուլված արեւի հետ, եզդիները՝ որպես արեւի առջեւ կանգնող ժողովուրդ։ Երբեմն մեզ նաեւ արեւի զավակներ են կոչում եւ, այո, կրոնական խորհրդանիշ, հավերժության խորհրդանիշ։ Այսինքն, այստեղ միաձուլված են ժողովուրդների ու երկու կրոնների խորհրդանիշները: Հենց այս նույն հուշահամալիրում տեղադրված է Անդրանիկ զորավարի ու Ջհանգիր Աղայի հուշաքարը, Կոմիտասի կողքին` Ուսուբ Բեկ Թեմուրյանը: Կոմիտասը եղել է Թեմուրյանի մոտ ընկերը, նրանք միասին նաեւ Գեւորգյան ճեմարանում են ուսանել, Թեմուրյանը եղել է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր ու Անդրկովկասի եզդիների առաջնորդը։ Եվ նաեւ նրա խնդրանքով Կոմիտասն իր աշխատություններում 12 եզդիական ազգային երգեր է նոտագրել: Ցավոք սրտի, որոշ տեղերում այդ երգերը քրդական են ներկայացնում, այն ժամանակ այդպիսին էր քաղաքականությունը, սակայն դրանք եզդիական ազգային երգեր են: