Պետք է 2018-ի եվ 2024-ի շարժումների համատեքստերը համեմատել ու նոր ասել` շարժումը մարո՞ւմ է, թե՞ ոչ

Պետք է 2018-ի եվ 2024-ի շարժումների համատեքստերը համեմատել ու նոր ասել` շարժումը մարո՞ւմ է, թե՞ ոչ

Նախօրեին Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց, որ ստեղծվել է «քաղաքական խորհուրդ, խոսնակների ինստիտուտ, որոնք շատ-շատ են»։ Թե ինչի մասին է խոսքը, սրբազան պայքարի աջակից, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց. «Խոսնակները շարժմանը հարող, աջակցող, անդամակցող, հանրային ու քաղաքական կշիռ, տեսանելիություն, մասնագիտական որակավորումներ ունեցող անձինք են, ովքեր շարժման արժեքների, նպատակների առնչությամբ հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների առնչությամբ հանդես կգան մեկնաբանություններով, հակադարձումներով: Սա է իրենից ենթադրելու խոսնակների ինստիտուտը: Ինչ վերաբերում է քաղաքական խորհրդին, ապա մենք գիտենք, որ շարժմանն իրենց աջակցությունն ու մասնակցությունն են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր, եւ շարժումն առավել ներառական լինելու, ավելի թիրախային գործողություններ իրականացնելու համար պետք է քաղաքական դաշտի հնարավորինս շատ խաղացողների տեսակետներն արտահայտի, համենայնդեպս՝ լսի, կշռադատի, եւ նրանք, ովքեր որոշում են կայացնում, առաջին հերթին` սրբազանը, այդ որոշումները կայացնելիս հաշվի առնի տարբեր խաղացողների դիտարկումները, մոտեցումները»:

Որքանո՞վ են տեղին այն կանխատեսումները, դիտարկումները, թե շարժումը մարել է։ «Ինչո՞ւ են մարդիկ ասում` շարժումը մարել է կամ մարում է․ որովհետեւ համեմատության մեջ են նայում եւ համեմատում են 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Բայց ընդհանրապես այս հարցերին մասնագիտորեն նայող մարդկանց մոտ պետք է հետեւյալ մոտեցումը լինի` պետք է զուտ իրադարձությունները համեմատել, համատեքստերը. 2018-ի եւ 2024-ի շարժումներն աշխարհաքաղաքական ինչ համատեքստերում են` արտաքին ուժային կենտրոնների կողմից ինչպիսի հետաքրքրությունների եւ ներգրավվածության ծիրում են ընթանում այդ գործողությունները, ինչպես է իրեն պահում ուժային համակարգը` ոստիկանությունը, ինչ վիճակում է հասարակության բեւեռացվածության աստիճանը, հասարակության տագնապների, անվտանգային ընկալումների հանգամանքը եւ այլն: Այս ամբողջի համատեքստում է պետք համեմատել շարժումները եւ նոր ասել` մարո՞ւմ է, թե՞ չի մարում: Մենք պատմությունից շարժումներ գիտենք, որոնք շատ ավելի երկար են տեւել, հիմա, օրինակ, 88-ի շարժումը միանգամից բոլոր հարցերը չլուծեց եւ ինքը շատ երկար ընթացք ունեցավ: Այնպես որ, շարժումներին բնորոշ են ակտիվության եւ պասիվության փուլեր, ու հիմա հատկանշական է, որ հասկանալով հանդերձ, որ այս շարժման դեմ աշխատում է ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ Անկարան եւ Բաքուն, սա նշանակում է, որ պետք է գիտակցել, որ հակառակ կողմում ուժեղ կազմակերպված համակարգ է, ուրեմն «սրբազան պայքար» շարժումը եւս պետք է լինի կազմակերպված, իսկ նրա գործողություններն էլ՝ հստակ, թիրախային, կշռադատված, նպատակային»:  

Բագրատ սրբազանի եռօրյա այցը Սյունիք, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն կունենա ընդհանուր շարժման ընթացքի վրա, ի՞նչ ակնկալիքներ կան սյունյաց հանդիպումներից։ «Դեպի Սյունիք այցը շատ կարեւոր է, որովհետեւ ավանդաբար իշխանության ներկայացուցիչները պալատական դիրքերում են եղել եւ պետության վարած քաղաքականությունն անհրաժեշտ չափով չեն բացատրել ժողովրդին: Մյուս կողմից էլ ունենք հակառակ պատկերը․ երբ գործող իշխանությունները փորձում են այս գործիքն օգտագործել` հանրության հետ անմիջական շփումներով, բայց նպատակն արդար չէ, այլ ապատեղեկատվություն տարածելն է, ապակողմնորոշելը, ստելը, ինչին մենք ականատես ենք լինում։ Օրինակ՝ նույն Տավուշում 2021-ին, երբ երկրի ղեկավարը հանդիպում է մարդկանց հետ եւ ասում է` ձեռքս կկտրեմ, բայց տարածքներ չեմ զիջի...: Հիմա այս կարեւոր ֆունկցիան սրբազանը ստանձնում է` ասելու ճշմարտությունը: Ընթացքում սրբազանը կներկայացնի շարժման տեսլականները, թե իշխանափոխությունից հետո ինչ է տեղի ունենալու, թե՛ մարդկանց հուզող ամենակարեւոր խնդիրների մասին տեղում իրազեկվածություն կապահովի, թե՛ իշխանափոխության տեղի ունեցող ընթացքի, գործիքների, միջոցառումների մասին տեղեկատվություն կփոխանցի՝ ցույց տալով, թե մարդիկ տեղում ինչպես կարող են օգտակար լինել եւ նպաստել շարժմանը: Առնվազն այս առումներով շատ կարեւոր են հանրության հետ շփումները` հատկապես Սյունիքում, որը կարեւոր հանգուցային նշանակություն ունի Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզում եւ նրա ողնաշարն է հանդիսանում»,- ասում է Մ. Սողոմոնյանն ու անդրադառնում վարչապետի՝ վերջերս Սյունիք կատարած այցին.

«Այստեղ բնակչությունը մանիպուլյացիայի ենթարկվեց, մենք տեսանք, թե ինչպես Ներքին Հանդ, Ծավ գյուղեր կատարած այցի ժամանակ նա ինչ-որ չեղած փշալարեր ու սահմանային ամրություններ էր վկայակոչում: Ու դրա համար պետք է գնալ եւ տեղում բարձրաձայնել ճշմարտությունը եւ մարդկանց զգոնության մակարդակը, որպեսզի այս կեղծիքը չտարածվի, հատկապես որ ընդդիմադիր ԶԼՄ-ների հանրապետական սփռումները շատ նվազեցված են, իսկ իշխանամետ լրատվամիջոցները, եւ առաջին հերթին՝ Հանրայինը, իրականացնում են ընդգծված պրոիշխանական քարոզչական գործունեություն: Այն, ինչ ներկայացվեց նրա կողմից Սյունիքում, բեմականացում էր` ընտրված կադրեր, ընտրված մարդիկ։ Չի լինում այդպես, որ չնախատեսված այցի ժամանակ մարդիկ պատրաստված, աղջիկներն էլ տարազներով, աղուհացով դիմավորեն... Այսպիսի բեմականացումներ էլ են լինում։ Եվ սրբազանի զենքը, առավելությունն այն է, որ մարդն իր անկեղծությամբ, ազնվությամբ է այս շարժումը տանում առաջ, եւ դա է պատճառը, որ 2020-ից հետոյի բոլոր շարժումների մեջ այս շարժումն առանձնանում է իր հանդեպ ունեցած հանրային վստահության բարձր մակարդակով»:

Սրբազանն իր խոսքում նախօրեին նշել է, որ «Շարժումն արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման»։ Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ քաղաքակրթական պայքարը հանգեցնի քաղաքական լուծման։
«Իմ համոզմամբ՝ քաղաքակրթական փոփոխությունը ժամանակային շատ ավելի լայն ընթացք է ենթադրում, այստեղ խոսքն ավելի հեռանկարային փոփոխության մասին է, իսկ քաղաքականն այդ հեռանկարային փոփոխությունն ապահովելու կարեւոր հանգրվանն է` ունենալ իշխանություն եւ այդ իշխանության լծակներով ապահովել այդ քաղաքակրթական փոփոխությունը: Քաղաքակրթական փոփոխությունը ենթադրում է ավելի ոգեղենություն, արժեքայնություն, որ մարդն իր կյանքն արժեւորի ոչ միայն ուտելու, հագնելու, վայելքների իմաստով, այլեւ հանրությանն ավելի օգտակար լինելու առումով։ Սրանք քրիստոնեաբանական արժեքաբանությունից բխող փոփոխություններ են, որոնք ավելի երկար ժամանակ են ենթադրում: Դրա ճանապարհին քաղաքական իշխանության փոփոխությունն անհրաժեշտություն է, որպեսզի բոլոր այդ մտադրությունները կարողանանք իրականացնել: Այդ իմաստով շարժման բնույթը քաղաքակրթական է, բայց նրա կարճաժամկետ նպատակը խիստ քաղաքական է` իշխանափոխության իրականացում, եւ այս պահի դրությամբ առաջնայինն անվտանգության ապահովումը եւ խարխլված համակարգի վերականգնումն է»: