Զանգահարեք Դի Կապրիոյին

Զանգահարեք Դի Կապրիոյին

Սա ռուսական մի սիրված սերիալի անվանումն է, որը ժամանակի ընթացքում ստացել է կայուն արտահայտության կարգավիճակ` հատկապես երիտասարդական միջավայրում։
Այս դարձվածքի իմաստն այն է, որ որոշակի` իրար նմանվող հանգամանքներում, երբ չես կողմնորոշվում կամ էլ չգիտես, թե ինչ անես, արա միակ` նախապես որոշված գործողությունը կամ ասա այն բառը կամ դարձվածքը, որը նախատեսված է նման իրավիճակների համար։

Դիտելով ՔՊ-ական պատգամավորների, նրանց հարող քաղաքագետ արբանյակների եւ ուղղակի տարբեր տրամաչափի համակիրների ելույթները, ճեպազրույցները, հարցազրույցները եւ տեսախցիկի առջեւ կատարվող այլ մտավարժանքները, որոնք նվիրված են սահմանազատման ու սահմանագծման խնդիրներին, եկա կայուն եզրակացության, որ այդ ելույթների հիմքում ընկած է ՔՊ վարչության (իմա՝ քաղբյուրո) կողմից լայն զանգվածների համար իջեցված մի շրջաբերական, որտեղ կարմիր գծով անցնում է աշխարհագրական մի տեղանուն` Ալմաթի։

Ալմաթի անվանման ձեւը, իհարկե, զանգվածի ավելի զարգացած եւ կրթված թեւն է օգտագործում։ ՔՊ-ական հիերարխիայի ավելի ցածր աստիճանների վրա գտնվող ներկայացուցիչները Ղազախստանի նախկին մայրաքաղաքն անվանում են հին ձեւով` Ալմա-Աթա: Ու ես ձեզ մի մեեեծ գաղտնիք բացահայտեմ` նրանք շատ ավելի ճիշտ են, քանի որ 1991 թվականին, երբ ընդունվեց այդ հռչակագիրը, քաղաքը կոչվում էր Ալմա-Աթա, ինչը թարգմանաբար նշանակում է խնձորի այգի (ականջը կանչի Ստեփան Զորյանի):

Իմ կարծիքով` ՔՊ ղեկավարությունը (իմա՝ ղեկավարը), տեսնելով, թե որքան դժբախտ ու դժգույն տեսք են ստանում իր կողմնակիցները` լսելով «սահմանազատում», «սահմանագծում» բառերը, հրաման է տվել` հրովարտակ-ուղերձ, որտեղ ասված է, որ եթե նույնիսկ քնած ժամանակ ՔՊ-ականը լսում է «սահման» բառը, անմիջապես պետք է արձագանքի Ալմաթի կամ Ալմա-Աթա հնչյունախմբով։ Իհարկե, այս երեւույթն ունի նաեւ իր հակառակ` բացասական կողմը, երբ վախն այնքան շատ է, որ դեռ լրագրողը չի հասցրել արտաբերել «ս» հնչյունը («սահմանազատում» բառի), զանգվածի շարքային անդամը՝ ուսուցչից բարձր գնահատական ակնկալող աշակերտի պես, լրագրողի ահաբեկված հայացքի ներքո գոռում է՝ Ալմաթիիիի։
Չար լեզուներն ասում են, որ մի անգամ լրագրողը փորձել է մի փոխմարզպետի հարց տալ սիգի ձվադրության ժամանակացույցի վերաբերյալ, պաշտոնյան, դեռ չլսած «սիգ» բառի երկրորդ հնչյունը, գոռացել է Ալմաթիի։ Այս հոգու ճիչն այն աստիճանի է վախեցրել օպերատորին, որ անհրաժեշտություն է առաջացել Սեւանի ջրով ցնցուղ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի ուշքի բերել լրատվական միջոցի էնտուզիաստին։ Իհարկե` տեսախցիկը շարքից դուրս է եկել, ու մինչեւ հիմա մարզպետարանը հրաժարվում է ընդունել սեփական պատասխանատվությունը եւ որոշակի հատուցում տրամադրել։ Ինչեւէ։

Ինչպես ասում են` գեղեցկությունը զոհողություններ է պահանջում։

Մի խոսքով, հետաքրքիրն այն է, որ այս խնձորի այգու տեղը կարողացան պեղել միայն ՔՊ-ի գաղափարական առաջնորդները։ Պարզվում է՝ խնձորի այս տեսակն աճում է միայն նրանց խռովահույզ ուղեղներում, քանի որ անցած երեսուն տարիների ընթացքում այդ խնձորատեսակին երբեւիցե չեն անդրադարձել ոչ միայն հետխորհրդային երկրները, չնայած առկա սահմանային բազմաթիվ խնդիրներին, այլ նաեւ Մինսկի խմբի անդամները։ Գուցե պատճառն այն է, որ նրանք չունեն Ավանի կոոպերատիվ համալսարանի Առինջի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի դիպլո՞մ։
Այս թնջուկը պարզաջրենք մի հին հումորով։

Վրաստանի ու Հայաստանի հարաբերություններն անցած ինչ-որ ժամանակներում լարվում են։ Վրացական կողմը որոշում է սահմանի ամբողջ երկայնքով տեղադրել սահմանային կետեր եւ կանգնեցնել զինված սահմանապահներ։

Որոշ վայրերում (հատկապես միջգյուղական) կադրային սովի պատճառով` ծառայությունն իրականացնում են տեղական գյուղացիների ուժերով։

Կերած-խմած, կարմիր այտերով Կոտեին մի կերպ հագցնում են սահմանապահի համազգեստը, վզից կախում Կալաշնիկով ինքնաձիգն ու կանգնեցնում ուղեփակոցի մոտ։ Վերջում հեռանալիս ուղեկալի սպան գոռում է, որ Հայաստանի կողմից եկողների առաջ ուղեփակոցը բացելուց պարտադիր պետք է հարցնել գաղտնաբառը (пароль). -Հասկացա՞ր, Կոտե։
Կոտեն լուրջ, մռայլ տեսք ընդունած` գլխով է անում։

Հեռվից տեսնում է, որ փոշոտ ճանապարհով քայլում է հարեւան հայկական գյուղի իր լավ ընկեր Սամվելը։ Կոտեն սկսում է անհանգստության նշաններ ցուցաբերել։ Չգիտի՝ ի՞նչ անի։ Բայց դե ծառայությունը ծառայություն է։ Երբ Սամվելը մոտենում է ուղեփակոցին, Կոտեն նրա ուղղությամբ մեկնում է ինքնաձիգի փողն ու ռուսերենով գոռում (բնականաբար` վրացական համով շեշտադրումով).
- Стой, стрелять буду, мамой клянусь.
Սամվելն անակնկալի է գալիս։ Զարմացած կանգ է առնում։ Ախր Կոտեի հետ մի հազար անգամ աղ ու հաց է կիսել։
Կոտեն անհարմարությունից քրտնամխած շարունակում է` խորամանկ աչքով անելով.
- Скажи пароль.
Սամվելը գոռում է.
- Пароль.
Կոտեն թեթեւացած շունչ քաշելով` բարձրացնում է ուղեփակոցի ձողն ու ժպտալով ասում.
- Проходи дорогой.

Աշոտ Նազարյան