Հնարավո՞ր է ավելի մեծ անմեղսունակություն պատկերացնել

Հնարավո՞ր է ավելի մեծ անմեղսունակություն պատկերացնել

Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի Հայաստանի այն տարածքները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ, Արմեն Գրիգորյանը պատասխանում է. «Միջազգային հանրության ուժեղ աջակցությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը միայն հող հանձնող է, իսկ հող վերադարձնելու պատասխանատուն միջազգային հանրությունն է: Այսինքն, եթե Ադրբեջանը չվերադարձնի այն տարածքները, որոնք, այսպես կոչված, սահմանազատման համար հիմք ընդունված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով գտնվել են Հայաստանի տարածքում, դրա պատասխանատուն միջազգային հանրությունն է, ոչ թե փաշինյանական իշխանությունը: Մի՞թե հնարավոր է ավելի մեծ անմեղսունակություն պատկերացնել:

Իսկ ո՞վ է միջազգային հանրությունը, կա՞ արդյոք միջազգային հանրության հասցե, հեռախոսահամար, որ եթե Արդբեջանը որոշի քցել Հայաստանին, մենք զանգենք այդ հեռախոսահամարով կամ գնանք այդ հասցեով եւ ասենք` այ միջազգային հանրություն, մեզ պետք է քո ուժեղ աջակցությունը, որ վերադարձնենք մեր օկուպացված տարածքները: Այս հարցն Արմեն Գրիգորյանին չտրվեց, եւ նա այդ հարցին չպատասխանեց: Միջազգային հանրությունն ո՞վ է, ՄԱԿ-ը, թե՞ այդ կազմակերպության անդամ երկրները: ՄԱԿ-ը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը չի էլ անդրադարձել, որեւէ վերաբերմունք չի արտահայտել, ինքն այդ սահմանազատման գործընթացի մասնակից, միջնորդ կամ կողմ չէ: Միջազգային հանրությունը ՄԱԿ-ի անդամ մոտ 200 երկրներն են, բայց այդ երկրների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ են իրար մեջ կիսում Հայաստանն ու Ադրբեջանը, ուր մնաց թե Հայաստանին ուժեղ աջակցություն ցուցաբերեն: Միջազգային հանրությունը Լաոսն է, Բրազիլիան, Վիետնամը, Ուրուգվայը, Գայանան, Սինգապուրը, Չադը կամ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնց ուժեղ աջակցության վրա է հույսը դրել Արմեն Գրիգորյանը: 

Իրականում, երբ Արմեն Գրիգորյանի խելքի ու մտքի տեր մարդիկ արտասանում են «միջազգային հանրություն» բառերը, նկատի ունեն մի երկիր` Միացյալ Նահանգները, սրանց համար միջազգային հանրությունը Միացյալ Նահանգներն է, որովհետեւ սրանք ներքին համոզմունք ունեն, որ աշխարհը կառավարվում է ԱՄՆ-ի կողմից, ոնց որոշի ԱՄՆ-ն, այնպես էլ կլինի, ոնց այնտեղ որոշեն, մյուսները խելոք պետք է ենթարկվեն: ԱՄՆ-ի որոշումն ուղեցույց է մյուս բոլոր 200 երկրների համար, եւ այդ պատճառով մնացածների կարծիքը կարեւոր չէ, նրանք կարծիք ձեւավորող չեն: Նույնիսկ ԵՄ-ն միջազգային հանրություն չէ, քանի որ ԵՄ երկրները եւս գտնվում են ԱՄՆ-ի թելադրանքի տակ, եւ ԵՄ-ի հավաքական կարծիքը եւս ձեւավորվում է Վաշինգտոնում: 

Ինչի՞ց է գալիս նման աշխարհընկալումը: Հոգով եւ սրտով լինելով ստրուկներ, կյանքում երբեք ինքնուրույն որեւէ որոշում չկայացրած եւ դրա համար երբեք որեւէ բանի համար պատասխանատվություն չստանձնած մարդկանց այն խումբը, որը հայտնվել է Հայաստանի իշխանության գլխին, աշխարհը չափում է իր արշինով: Սրանք մտածում են, որ եթե իրենք ստրուկի հնազանդությամբ կատարում են իրենց տիրոջ` Վաշինգտոնից իջեցված ցանկացած հրահանգ, ուրեմն բոլորն էլ իրենց նման ստրուկներ են, եւ բոլորի համար Վաշինգտոնում ընդունված որոշումները պարտադիր են: Դրա համար, երբ Արմեն Գրիգորյանին հարցնում են, թե ինչ երաշխիք, որ Ադրբեջանը մեզ հող կվերադարձնի, նա ասում է, որ երաշխիքը միջազգային հանրության ուժեղ աջակցությունն է: Նա ուզում է ասել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա Միացյալ Նահանգներն ուժով կստիպի Ադրբեջանին՝ կատարել դրանք:

Բայց ինչո՞ւ նա բաց տեքստով չի ասում, որ Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների կատարման երաշխավորն ԱՄՆ-ն է, մի՞թե այդպես ավելի ազնիվ չէր լինի: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հանդես չի գալիս որպես պայմանավորվածությունների երաշխավոր, ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությանը` Նիկոլ Փաշինյանին եւ Արմեն Գրիգորյանին կարգադրել է կատարել Ադրբեջանի պահանջները` հանձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենը: Սրանք էլ իրենց մեջ գցել-բռնել են, որ դե, եթե վաղն էլ հերթը գա Ադրբեջանի կողմից մեզնից գրաված հողերը վերադարձնելուն, ԱՄՆ իշխանությունները նույն ձեւով Ադրբեջանին կհրահանգեն՝ Հայաստանին վերադարձնել հայկական տարածքները: Իսկ եթե չհրահանգեն կամ հրահանգեն, ու Ադրբեջանը չվերադարձնի. այս հարցերի պատասխանը ո՛չ Արմեն Գրիգորյանը գիտի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը: Հիմա իրենք կատարում են այն, ինչ իրենց հանձնարարված է, եւ բարձր ղեկավարությունը` ի դեմս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանը կատարեց հանձնարարությունը` բավարարեց Ադրբեջանի պահանջները:

Ընդհանրապես հեշտ է լինել ստրուկ. դրա համար ո՛չ խելք է պետք, ո՛չ միտք եւ ո՛չ էլ արածի համար պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտություն: Տերերը քո փոխարեն մտածում են, քեզ հանձնարարություն են տալիս, դու գառի պես հնազանդորեն կատարում ես, իսկ թե հետո ինչ կլինի, թող տերերը մտածեն, թող իրենք էլ պատասխանատվություն կրեն: Վաղը որ Ադրբեջանը հրաժարվի դուրս գալ Հայաստանից գրաված տարածքներից, Արմեն Գրիգորյանն ասելու է` ես դրա համար պատասխանատու չեմ, գնացեք միջազգային հանրությանը դիմեք: Ինքը որեւէ բանի համար պատասխանատվություն չի ստանձնել:

Ավետիս Բաբաջանյան