Մենք այդ թվին այնքան էլ չենք հավատում

Մենք այդ թվին այնքան էլ չենք հավատում

Նախօրեին համացանցում տվյալներ հրապարակվեցին՝ արցախցիների արտագաղթի կապակցությամբ: «Հունիսի 1-ի դրությամբ օդային եւ ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 հազար 743 անձ, վերադարձել՝ 7 հազար 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 10 հազար 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)»։ Այս տվյալները «Սիվիլնեթին» է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Իսկ վերջին մեկ ամսում Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը, ովքեր հեռացել են Հայաստանից, կազմել է 383։ 

Բայց իրենք` արցախցիները կարծում են, որ շատ ավելի մեծ թվով արցախցիներ են հեռացել Հայաստանից` Հայաստանը լքել է ոչ թե 17 հազար 743 արցախցի, այլ՝ մոտ 40 հազար: Մենք հետաքրքրվեցինք` այն արցախցիները, ովքեր հեռանում են Հայաստանից, ստանո՞ւմ են պետության կողմից տրամադրվող 40-50-հազարական դրամ գումարները, թե՞ ոչ: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պետությունը լքելուց տասն օր անց պետությունը դադարեցնում է արցախցիներին վճարել 40+10 հազար դրամները. «Եթե տասն օր բացակայում են Հայաստանից, այդ գումարները տրամադրելուց հրաժարվում են՝ դադարեցնելով պրոցեսը: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանից հեռացել է 17 հազար 743 արցախցի, ապա մենք այդ թվին այդքան էլ չենք հավատում` հաշվի առնելով մեր իսկ շրջապատից մեկնողների քանակը: Ինձ թվում է` շատ ավելին են հեռացողները, քան նշված թիվն է, բայց հստակ թիվ ասել չենք կարող, քանի որ չենք ֆիքսում»: 

Իսկ ինչո՞ւ են Արցախից բռնի տեղահանված արցախցիները հեռանում Հայաստանից, որո՞նք են հիմնական պատճառները։ «Առաջնային պատճառները աշխատանք չգտնելն է, ինչպես նաեւ՝ այն բոլոր անորոշությունները, որոնք արցախահայության կյանքում այսօր կան` քաղաքացիության հարցից սկսած, փախստականի կարգավիճակով վերջացրած: Բոլոր այն մարդիկ, ովքեր քաղաքացիություն են ուզում, անորոշ սպասում են, չգիտեն, թե վաղն ինչ կարող է լինել: Դա էլ է մարդկանց ստիպում հեռանալ Հայաստանից: Կան նաեւ տարբեր սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք, ցավոք, ոչ միայն արցախահայերն ունեն, այլեւ բոլոր հայերը: Դրան էլ գումարվում է անորոշությունը, եւ մարդիկ որոշում են հեռանալ»: Իսկ ո՞ր ուղղություններով են հիմնականում մեկնում արցախցիները։ «Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ աշխատանք գտնելը հեշտ է, ելքի ու մուտքի հետ կապված էլ խնդիր չկա, լեզվին էլ տիրապետում են»,- եզրափակեց Արցախի պատգամավորը: