Ով ինչով է հիշվելու

Ով ինչով է հիշվելու

Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր տասնամյակների ընթացքում նաեւ խեղաթյուրվում են, բայց, մեծ հաշվով, մարդկության հիշողությունը ջնջում է անկարեւոր փաստերը` թողնելով հիմնականը: Եվ ժամանակակիցները որքան էլ փորձեն բացասական կերպարներին ներկայացնել նաեւ դրական լույսի ներքո, նրանց մարդկային որակները նշել, մարդկության պատմական հիշողությունը փոխել, խմբագրել հնարավոր չէ: Դրա համար էլ, ասենք, Ստալինի, Լենինի, Հիտլերի կերպարների մեջ դրական բան որոնելն անիմաստ գործ է:

Այո, Ստալինը ժուժկալ մարդ է եղել, իր մերձավորներին թույլ չի տվել, որ հղփանան, պատերազմ է հաղթել, բայց նա պատմության մեջ մնացել է որպես 37 թվի հեղինակ: Չերչիլին մարդկությունը հիշելու է որպես իր երկրի մեծ հայրենասերի, ով ծանր պահին պետության ղեկը ստանձնելով, վճռական որոշումներ է կայացրել եւ դարձել Մեծ Բրիտանիայի հերոսը: Ջորջ Բուշին մարդկությունը հիշելու է Իրաք ներխուժման որոշմամբ, որքան էլ փորձեն արդարացնել 2003-ին կատարված այդ քայլը: Պուտինը պատմության մեջ մնալու է եղբայրական ուկրաինական ժողովրդին պատճառած վնասներով եւ եղբայրասպան պատերազմ սանձազերծելով: Զելենսկին հիշվելու է որպես Ուկրաինան կործանած ղեկավար, անկախ նրանից, որ այժմ հուսահատ պայքար է մղում` չհանձնվելով: Իլհամ Ալիեւը հիշվելու է որպես հողեր նվաճած, նախկին պարտությունները սրբագրած ղեկավար:

Մեր երկրի ղեկավարներն էլ են հիշվելու նույն չափանիշով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անկախ բոլոր սխալներից, անգամ` ընտրություն կեղծելուց, պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը` երկիրը պարտության տարած, հողեր հանձնած եւ հայ ժողովրդին մեծ կորուստներ պատճառած վարչապետ: