Ինչ նպատակով է Ջեյմս Օ՛Բրայենը գտնվում Բաքվում

Ինչ նպատակով է Ջեյմս Օ՛Բրայենը գտնվում Բաքվում

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն արդեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ադրբեջանական մամուլում տեղ գտած հաղորդումների համաձայն, նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Եթե հավատանք ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդած տեղեկություններին, ապա ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Բաքվում նախագահ Ալիեւի եւ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներում ընդգծել է երկու երկրների երկկողմ հարաբերություններում առաջընթացը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին ԱՄՆ աջակցությունը։

Այս այցը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ իր օրակարգում նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցերն է պարունակում, այլ նաեւ նրանով, որ Օ՛Բրայենը Բաքու է մեկնում Հայաստան կատարած այցից հետո։ Բացի այդ, այս այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Ադրբեջանը վերջին շրջանում բավականին ընդգծված կերպով սերտացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ու այս ամենի հանրագումարում, թերեւս ինտրիգայինն այն է, թե կհաջողի՞ արդյոք ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը Բաքվում իր առջեւ դրված խնդիրները լիովին կատարել։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մի շարք հետաքրքիր նյուանսներ է նկատել Օ՛Բրայենի, այսպես ասած՝ հարավկովկասյան տուրնեի առնչությամբ։ Նախ, նա անոմալիա է համարել այն, որ ամերիկացի դիվանագետը, ըստ էության, հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի առնչությամբ միջնորդական դերակատարմամբ է հանդես գալու, այն դեպքում, երբ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման համար միջնորդների կարիք չի զգում։

Մյուս անոմալիան կապված է այն բանի հետ, որ Երեւան այցից հետո ամերիկացի վերոնշյալ բարձրաստիճան դիվանագետին հրավիրեցին Կոնգրեսի լսումների, որտեղ նրան հարցեր ուղղեցին ոչ միայն Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլ նաեւ Հարավային Կովկասում ամերիկյան հետագա քաղաքականության մասին։ «Թուրան» գործակալությունը դա կապում է այն բանի հետ, որ Հայաստանին եւ Ադրբեջանին Միացյալ Նահանգները ցանկանում է հրավիրել ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 9-11-ին, Վաշինգտոնում։ Այս առումով ամերիկյան դիվանագիտությունը ցանկանում է, գոնե սիմվոլիկ կերպով, Երեւանին եւ Բաքվին դնել հակառուսական հարթակի վրա՝ ներգրավելով նաեւ Թուրքիային եւ ՆԱՏՕ-ի անվտանգության ամպհովանու ներքո առնել նաեւ Հարավային Կովկասը։

Այս լույսի ներքո է պետք դիտարկել Օ՛Բրայենի՝ Կոնգրեսում ասված խոսքերը, թե Ադրբեջանի մասով ամեն բան հստակ է՝ ժամանակն է խաղաղություն հաստատելու, եւ դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրն է, քանի որ պետք է այլընտրանքային հնարավորություն տալ, որ տարածաշրջանի երկրները կարողանան առանց Չինաստանի եւ Ռուսաստանի իրականացնել իրենց արտահանումները։ Իսկ դրա համար պետք է աշխատել Ադրբեջանի հետ։ Մի երթուղին, իհարկե, Վրաստանի վրայով արդեն գործում է, սակայն շատ ավելի ընդգրկուն երթուղի կա՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությամբ, որը պետք է բացել եւ գործարկել։ Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ են ամուր խաղաղություն եւ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, իհարկե՝ ԱՄՆ «քավորությամբ»։ Հենց թերեւս դրան հասնելն էլ Բաքվում հանդիսանալու է Օ՛Բրայենի գլխավոր առաքելությունը՝ ինչպես նկատում է Տարասովը։